Դժվար պահին բռունցքվել գիտենք | Region

Դժվար պահին բռունցքվել գիտենք

Մայիս 11,2024 17:55

Միլլանա Լալայանի համար Հայրենիքն սկսվում է Գորիսից, պտտվում Սյունյաց լեռներով, հասնում Արցախ և Երևան, Լոռի և Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր․․․
Ու, եթե վիրավոր է, վերք ունի Հայրենիքի մի մասնիկն անգամ, Միլլանայի համար ցավը գույն է  ստանում` մռայլ ու տխուր գույն․․․

2020թ․-ից՝ Արցախը «ցավի գույն» ուներ Միլլանայի համար։ 2023թ․ սեպտեմբերի 24-ին այդ ցավն ավելի շոշափելի դարձավ, երբ լսեց արցախցիների բռնի տեղահանության լուրը։

 

Առավոտյան Արցախից եկող առաջին լուրերը, որ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ դարձյալ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ ցնցեց Հայաստան աշխարհը։

2020 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի Քարին տակ խաչմերուկի հատվածը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվելուց և 200 օրից ավելի շրջափակման  մեջ գտնվելուց հետո՝ միջանցք էր դարձել․ արցախցիներն ավտոբուսներով, իրենց մեքենաներով, ով ինչով կարող էր՝ ստիպված  թողնում էին հայրենի տունն ու հողը։

Արցախից բռնի  տեղահանվածների հոսքը չէր դադարում։ Գորիսի օգնության կենտրոնն ընդունում էր նրանց։ Կամավորական ուժերի օգնություն էր պետք,  որպեսզի հնարավոր լիներ դիմավորել, կերակրել, գրանցել, ի վերջո գոնե ժամանակավոր կացարաններում տեղավորել մեր հայրենակիցներին…

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլլանա  Լալայանը կամավորների առաջին շարքերում էր։ Հայրենիքի, ծննդավայր Գորիսի սերը չէր կարող նրան անտարբեր թողնել, թեև, կամավորության անհրաժեշտության մասին պատահական էր լսել․
– Դպրոցից տուն վերադառնալիս՝ մարդկանց բազմություն  նկատեցի, հարցուփորձ անելով հասկացա, որ կամավորների կարիք կա։ Մոտեցա, գրանցվեցի և սիրով միացա արցախցիներին աջակցություն ցույց տվող թիմին,-ասում է Միլլանան,-նման պարագայում անտարբեր անցնել չէի կարող։ Իմ հայրենակիցներին եմ ձեռք մեկնել, սա մի քիչ սրտիս հանգստություն է տվել։

Միլլանայի հետ շարունակում ենք խոսել այդ ծանր օրերի մասին, դժվարությամբ է բառեր գտնում, բայց շարունակում է պատմել․
– Անասելի և աննկարագրելի ապրումներ եմ ունեցել, չէի հասկանում շուրջս ինչ է կատարվում, ամենուր մոլորված մարդիկ էին, սոված երեխաներ։ Գորիսն անճանաչելի էր դարձել։ Խորը ցավ էի ապրում բոլորի համար, բայց սիրտս խոցում էին  հատկապես խնամքի  կենտրոնից եկած տարեցները, նրանց աչքերում խոր կարոտ ու անասելի ցավ կար, սպասումի ցավ․․․ Ամեն եկող արցախցու հետ ցավը կիսել եմ, չգիտեմ, հիմա հարմար բառեր չեմ գտնում զգացածս,  ապրումներս  պատմելու համար։

18 ամյա Միլլանան`«Կարմիր խաչի կամավոր աղջիկը»,  իր  հասակակիցների մեջ առաջինն էր, որ  կամավորագրվեց, գիշեր-ցերեկ օգնեց  արցախցիներին, հույս տվեց, արցունքները խեղդելով ժպտաց, որ արցախցին շարունակի ապրել։  Միլլանան  մինչև  կամավորական թիմի աշխատանքների ավարտն ամեն օր պատրաստակամորեն իր տեղում էր։ Նույնիսկ ակտիվ ու բարեխիղճ աշխատանքի համար հավաստագիր է ստացել: Հավաստագիրը պարտավորեցնող է, բայց, իհարկե, Միլլանայի համար կարևորը գործն էր, որին անմնացորդ նվիրվել էր այդ օրերին։ Հիմա, երբ կարծես Գորիսում բռնի տեղահանված արցախցիների ահագնացած առաջին ալիքը «փշրվում է»՝ նրանց Հայաստանի տարբեր անկյուններում բնակության տանելով, Միլլանան էլ վերադարձել է իր առօրյային ու նպատակներին։ Նա որոշել է մշակութաբան դառնալ, այսպես է սիրում հայրենիքն ու ծննդավայր Գորիսը։

 

Ալբերտ Արոյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

Նորություններ