«Գյումրիում համայնքային եկամուտները կարող են 60-70%-ով ավելին լինել, քան հավաքագրվում են» | Region

«Գյումրիում համայնքային եկամուտները կարող են 60-70%-ով ավելին լինել, քան հավաքագրվում են»

Մայիս 14,2024 22:18

Հայաստանում առաջին անգամ կատարվել է տեղական մի քանի տուրքերի փաստացի գանձումների մոնիտորինգ։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Գյումրիում ուսումնասիրել է, թե տեղական որոշ տուրքերի գծով համայնքային բյուջե կատարվող գանձումներն ինչքանո՞վ են պատշաճ իրականացվում։ Օրենքով նախատեսված տեղական 20 տուրքերից 6-ի օրինակով փորձ է արվել ցույց տալ վճարման ենթակա տուրքերի իրական ու փաստացի ծավալների տարբերությունները։

Բացահայտումները ներկայացվեցին նախնական արդյունքների քննարկման ժամանակ, որին մասնակցեցին Գյումրիի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզի խոշորացված համայնքների ոլորտային պատասխանատուներ։

Հետազոտվել է  Գյումրիի կենտրոնական հատվածը, որտեղ էլ հիմնականում կենտրոնացված է առևտուրը, արտաքին գովազդը և սննդի օբյեկտները։ Դրանց ցանկն ու չափերը համեմատվել են Գյումրիի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հետ։ Ըստ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի, պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ, որոնք առևտրա-սպասարկման գործունեություն են ծավալում ու պետք է տեղական տուրքեր վճարեն, քաղաքապետարանի տրամադրած ցուցակներում չկան, ընդ որում, դրանց թվում են քաղաքում բավականին հանրահայտ օբյեկտներ։

Օրինակ, հետազոտված տարածքում, ըստ քաղաքապետարանի ցուցակի, կա ալկոհոլային խմիչքի վաճառքի տուրք վճարող 78 օբյեկտ, բայց հետազոտությամբ բացահայտվելէ ևս 52 օբյեկտ, որոնք ցուցակներում ընդգրկված չեն։ Նույն կերպ, տասնյակ օբյեկտներ էլ չկան ծխախոտային արտադրանքի վաճառքով և հանրային սննդի մատուցմամբ զբաղվող տնտեսվարողների ցանկում։

Ըստ Լևոն Բարսեղյանի, սա թույլ է տալիս ենթադրել, որ ուսումնասիրված 6 տեսակի տուրքերը վճարելու պարտավորություն ունեցողների ամբողջական և ճշգրիտ բազաների կազմման և ըստ այդմ գանձումներն ապահովելու դեպքում համայնքային եկամուտները կարող են ամենաքիչը ավելանալ 60-70 տոկոսով, քան փաստացի մուտքագրվածն է։

Եթե մի տնտեսվարողը տուրքերը պարտաճանաչ վճարում է, ապա նրա ապրանքի ինքնարժեքն ավելին է ստացվում, քան մյուսինը, ով չի վճարում։ Իսկ սա անհավասար մրցակցություն է ստեղծում տնտեսվարողների միջև, ինչն անթույլատրելի է։

Ըստ քննարկման մասնակիցների, շատ են խնդիրները նաև արտաքին գովազդի համար տուրքերի գանձման հարցում։ Գյումրիի համայնքապետարանի բազան այս մասով նույնպես թերի է։ Իսկ օրենքում բացերը շատ են։

Դիտարկողներն այս բացահայտումներից հետո մի շարք առաջարկություններ կներկայացնեն ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանին, այլ նաև օրենսդիր մարմնին` օրենքում որոշակի փոփոխություններ կատարելու ակնկալիքով։

 

Կարինե Կազարովա

Նորություններ