Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցուն կից պուրակի հատման ենթակա ծառերի զգալի մասը կենսունակ են | Region

Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցուն կից պուրակի հատման ենթակա ծառերի զգալի մասը կենսունակ են

Մայիս 28,2024 16:20

Հանրային լսումներ, ապա ավագանու նիստ. իրարամերժ կարծիքների արդյունքում այնուհանդերձ ձևավորվեց մեկը`Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցուն կից պուրակում գտնվող 51 բարդի հատվելու է`փոխարինվելով նորերով:

Օրակարգային հարցն ավագանու նիստում հաստատվեց ձայների 22 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Մի քանի պատճառ է նշվում. ծառերը խոչընդոտում են եկեղեցու հարակից պուրակում տարվող շինաշխատանքների ընթացքին. ծավալվող արմատները վնասում են ստորգետնյա ենթակառուցվածքներին, իսկ բարդիները  կենսունակությունը կորցրած են:

Վերջին մտքի հետ համամիտ չէ նախագծին միակ դեմ քվեարկած ավագանու անդամ Կարեն Մալխասյանը: Նա օրինակ է բերում փողոցի սկզբնամասում խորը էտած ծառը, որը դարձյալ կանաչել է: «Կատեգորիկ որոշել, որ 51 ծառն էլ կենսունակությունը կորցրել են, ճիշտ  ձևակերպում չէ»,-նշում է նա՝ ընդգծելով, որ առաջարկել է կենսունակության վերաբերյալ փորձաքննություն ներկայացնել:

«Որտեղ շինարարություն է, փորել, տեսել են, որ կոմունիկացիաները խանգարում են, չեն քննարկում կենսունակության հարցը»: Ավագանու անդամը թե մեկ, թե մյուս դեպքում իրատեսական է համարում հարցը լուծել մասնակի հատմամբ՝ պարբերաբար յուրաքանչուր 3-րդ կամ 4-րդ ծառը նորով փոխարինելով` կանաչ գոտին  անապատի չվերածելու համար: Իսկ թե ինչ ծառեր են տնկվելու, քանի տարեկան, և ինչ գումարների մասին է խոսքը, չգիտի:

Բնապահպան Գևորգ Պետրոսյանն ընդգծում է, որ ցանկացած քաղաքաշինական նախագիծ կազմելիս՝ նախ պետք է հաշվի առնել, որ այդտեղ ծառեր կան, իսկ հատման դեպքում էլ փոխարինումը կատարվի համարժեք, այն է` 10-15-ամյա փակ արմատային համակարգ ունեցող  հասուն ծառերով, որպեսզի մեղմվի հասցվող բնապահպանական վնասը, իսկ միջավայրում ունենանք արդեն պատրաստի ծառ: Բնապահպանը նաև նշում է՝ ծառերի զգալի մասը կենսունակ են, սակայն հիմնավորումը քաղաքաշինական է: Միջազգային փորձը մատնանշելիս էլ առաջարկում է հաշվի առնել, որ դրանք որոշակի ծախսեր են պահանջում:

Քանի որ հատման ենթակա ծառերի մի մասը Շահումյան 188ա շենքի դիմաց են գտնվում, լսեցինք նաև շենքի բնակիչների դիտարկումները: Ոմանք կտրականապես դեմ են հատմանը և չեն պատկերացնում, որ մարդը կարող է դժգոհ լինել ծառից: Մեկ այլ բնակիչ, ցույց տալով չորացած ծառը, կողմ արտահայտվեց չորացածների հատմանը՝ դրանց առկայությունը անգամ վտանգավոր համարելով:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ