Անկանխատեսելի Թուրքիա. ինչպե՞ս կամ պե՞տք է արդյոք բարելավել հարաբերությունները
«Ռեգիոն 5+»-ի հերթական թողարկման առանցքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է:
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման փորձերը 3 տասնամյակի պատմություն ունեն: Փորձեր եղել են 1991թ.-ից ի վեր, սակայն մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գործընթացները կասեցվել են. Հայոց ցեղասպանության ժխտում Թուրքիայի կողմից, այդ երկրի աջակցությունը Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և այլն:
2008թ. հայկական կողմի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ փուլ, որի արդյունքում 2009-ին ստորագրվեց ցյուրիխյան հայտնի արձանագրությունը: Դրա հետագա ընթացքն ու ճակատագիրը հայտնի է բոլորին:
Հաջորդ ակտիվ փուլը եղավ 13 տարի անց. 2020 թվականի աղետալի պատերազմից ուղիղ 1 տարի անց՝ 2021թ. դեկտեմբերին, Հայաստանը և Թուրքիան երկուստեք հայտարարեցին հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերի մասին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման շուրջ իրարամերժ են տնտեսագետների և գործարարների կարծիքները: Ոմանք վստահ են, որ Թուրքիայի հզոր տնտեսությունը կուլ կտա հայկականին, ոմանք էլ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների պայմաններում Թուրքիան արտահանման նոր շուկա են դիտարկում:
Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Ադրբեջանին վերաբերող որևէ հարցի, կամ հակառակը՝ հայ-ադրբեջանականը՝ առանց Թուրքիայի։ Ի՞նչ սպասել սահմանների բացումից: Թողարկմանը փորձել ենք տալ այս հարցերի պատասխանները: