Գեղամասար գյուղի տնամերձերից մեկում խաչքարեր և հին ամրոցի հետքեր կան | Region

Գեղամասար գյուղի տնամերձերից մեկում խաչքարեր և հին ամրոցի հետքեր կան

Հունիս 24,2024 12:01

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Գեղամասար գյուղում բնակվող 79-ամյա Վանյա Հարությունյանին պատկանող տնամերձ տարածքում կան խաչքարեր, որոնք 12-15-րդ դարերի թվագրություն ունեն։

«2 թվերի միջև 553 տարվա տարբերություն է․ առաջինին գումարում ես 553, ստանում` խաչքարի տարեթիվը»,-իր կողմից արված հաշվարկների տրամաբանությունն է փորձում բացատրել Վանյա Հարությունյանը։ «Միշտ լսել եմ իմ պապերից, որ այստեղ մեր թվարկությունից 3000 տարի առաջվա ամրոց է եղել։ Հին գերեզմանատան քարեր էլ կան»,- ասում է նա և ուղեկցում, որ տեսնենք այն, ինչը դեռևս երևում է տնամերձում։

Տարածքում խոնարհված եկեղեցի, խաչքարեր ու գերեզմանաքարեր են, որոնց վրա 1585 և 1958 թվականների թվագրություններից բացի, նաև տառեր կան։ Խոնարհված եկեղեցին 12-րդ դարի հիշատակություն ունի, իսկ ամրոցը, որն այժմ հողի մի քանի շերտով ծածկված է, լուրջ ուսումնասիրության կարիք ունի, թեև, ըստ թվագրությունների ու նշանների վերծանման, Ք․ա․ 3000 տարվա վաղեմություն է հաշվարկվում։ Ենթադրվում է, որ ամրոցի դուռը արևմտյան կողմից է եղել։

«36 տարի առաջ գյուղը ադրբեջանցիներով է բնակեցված եղել։ Տեղացիները պատմում են, որ նրանք անընդհատ փորձել են թաքցնել հայկական հետքը և նրանց «շնորհիվ» ամրոցը հողի տակ պահող բլրի հողածածկույթն ավելի է հաստացել»,-պատմում է Վանյա Հարությունյանը։

Ավելի վաղ շրջանում, ամրոցն «իր մեջ պահած» բլուրը, եկեղեցին, խաչքարերն ու գերեզմանաքարերը հնագետների համար լուրջ հետաքրքրություն են ներկայացրել։ Վանյա Հարությունյանը պատմում է, որ տարբեր ժամանակահատվածներում հնագետներ են եկել Գեղամասար՝ Իրանից, ԱՄՆ-ից, Երևանից… Ուսումնասիրել են տեղանքը, նկարել, հետաքրքրվել, բայց իրենց հետևությունների մասին պատմող ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, գյուղում չգիտեն։ Այն, ինչ պատմում է, նախնիներից լսած պատմություններից արված հետևություններ են։

«Հիմա հնագետ ամուսիններ են գալիս։ Նրանք Կարճաղբյուրից են։ Ամիսը մեկ անգամ ամուսիններով գալիս են այստեղ, նայում տարածքը, որին արդեն լավ ծանոթ են, գիտեն, թե որտեղ ինչ կա, որ թվականին է թվագրված: Սա շուտվա գերեզմանոց է և խաչքարերն ապացուցում են, որ դա պատկանել է հայերին, հավանաբար եկեղեցականների գերեզմանատուն է եղել։ Մատաղի տեղ ևս կա: Այս խաչքարերը պահպանվում են պետության կողմից, երևի հնագետ ամուսիններն էլ դրա համար են գալիս»,-հավելում է տարածքի սեփականատերը։

Ըստ գյուղի բնակիչների՝ խորհրդային տարիներին այստեղ բնակվող ադրբեջանցիներն այն ժամանակ հնարավորինս փորձել են փակել, ծածկել՝ նպատակ ունենալով վերացնել ամրոցի հետքերը։

«Ամրոցը գաղտնի ճանապարհ էլ է ունեցել։ Այժմ այդ ճանապարհը գնում է դեպի գյուղի բնակիչներից մեկի անասնագոմ։ Ենթադրվում է, որ հարձակումների ժամանակ մարդիկ ամրոցից անվնաս դուրս գալու հնարավորություն են ունեցել»,-իր տեսած-լսածը համադրելով՝ ներկայացնում է Վանյա Հարությունյանը։

Ներկայումս ամրոցը ծածկող բլրի գլխին խաչ կա, բնակիչներն են տեղադրել։ Խաչը, որն ունի գիշերային լուսավորություն, ոչ միայն լուսավորում է շուրջը, այլև տեղացիների համար կարևոր մասունք պահող տարածքը զերծ է պահում տրորվելուց։

Վանյա Հարությունյանն այս տարածքի մասին իր վարկածներն ունի, պատմությունները, որոնք լսել է նախնիներից և այժմ պատմում է բոլորին, բայց և կարևորում է, որ համապատասխան մարմիններն ավելի լուրջ հետաքրքրություն ցուցաբերեն, հոգ տանեն, որ ավելի հավաստի և ստուգված տեղեկատվությունպարունակող ցուցանակներ տեղադրվեն, որ հայկական դարավոր հետքը պահպանվի։

Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ