Սահմանից այն կողմ Իգդիրն է. հայրենիք կորցրած ժողովուրդը գիտի՞ հայրենիքի գինը
«Հայաստանի ձախողումների պատճառը պետականամետ մտածողության բացակայությունն է, դասեր չենք քաղում պատմությունից, չունենք գաղափարախոսություն՝ ինչ ենք ուզում, ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, առհասարակ՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե ոչ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Մարգարա գյուղի բնակիչ, հայոց պատմության ուսուցչուհի Կիմա Կարապետյանը:
Իսկ հայոց պատմությունը պիտի սովորեցրած լիներ զգուշություն, հաշվարկ գերտերությունների հետ շփումներում:
Արաքսի ափին գտնվող այս գյուղը սահմանակից է Թուրքիային: Սահմանից այն կողմ Իգդիրն է: Հենց այս գյուղի կամրջով հումանիտար բեռը հասավ Թուրքիա:
Տիկին Կիման ասում է՝ պատահական չէ, որ խոսում է զգուշավորության մասին: Ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող Իգդիրում այսօր բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են:
Թուրքիայի ազնվությանը նա չի հավատում, երբ ասում են՝ առանց նախապայմանների: Հարևան այս երկրին, ըստ նրա, առանձնապես պետք էլ չէ սահմանի բացումը, Հայաստանից ցանկություն ունեն այլ բան կորզել՝ սահմանի բացման դիմաց:
«Սիրտս կոտրվել է»,- ասում է Սուրիկ պապը. այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ու Արցախի հետ, այսպես է նկարագրում:
Իգդիրում ծնողներին կորցրած հայր Մանթաշովի որբանոցում է ծանոթացել մոր հետ: Երկուսն էլ ջարդերի ժամանակ էին կորցրել ծնողներին և հայտնվել որբանոցներում: Ամուսնացան, ունեցան երեք որդի: Սուրիկ պապը շատ փոքր է եղել, երբ հայրը կամավոր մեկնել է ռազմաճակատ: Մոր նկարի հետ խնամքով պահում է սև թուղթը, որը ստացել է մայրը…
Ճակատ մեկնելուց առաջ հիմնական ասելիքը եղել է այն, որ որդիները լավ կրթություն ստանան: Այդպես էլ եղել է…
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս հորդորում է նայել վրացական Բաթումիին, ասում է՝ քաղաքն այլևս դարձել է թուրքական:
Հիշեցնենք, հենց Մարգարայով հումանիտար բեռները հասան Թուրքիա, հետո հայ փրկարարները Մարգարայի կամրջով վերադարձան հայրենիք: