Մենք եւ մեր երեխաներն են կքած մնալու վարկերի բեռի տակ | Region

Մենք եւ մեր երեխաներն են կքած մնալու վարկերի բեռի տակ

Մարտ 16,2015 11:45

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է ավելի քան 2 տրիլիոն դրամ կամ շուրջ 4 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ 2015-ին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ դոլար, ինչը լուրջ ճնշում կլինի տնտեսության վրա:

Մասնագետները բարձրաձայնում են՝ արտաքին պարտք-ՀՆԱ համամասնությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի:

Իսկ մեր երկրի իշխանությունները շարունակում են ինտենսիվորեն վարկեր կորզել միջազգային կազմակերպություններից:

Վերջիններս էլ բարյացակամորեն շարունակում են ֆինանսավորել՝ տարբեր ծրագրեր իրականացնել խոստացող իշխանություններին՝ մասնավորապես աղքատության հաղթահարում, տնտեսության զարգացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն…

Հարց է առաջանում՝ որքանո՞վ են նպատակային ծախսվում այդ գումարները, որքանո՞վ են դրանք նպաստում տնտեսության զարգացմանը, ինչպե՞ս է վերահսկվում, թե կոռուպցիայի մեջ «թաղված», լեգիտիմության խնդիրներ ունեցող, մարդու իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող վարկառուն ինչպես է ծախսում միլիոնավոր դոլարներ, եւ վերջին հաշվով, ի՞նչ ստանալով ենք մենք ՝ ՀՀ քաղաքացիներս, տարիներ շարունակ վճարելու այդ պարտքը:

Վարկային ցանկացած միջոց՝ պարտք է դրված ՀՀ քաղաքացու ուսերին, ում հղում տալով են վարկեր ու դրամաշնորհներ կորզում՝ խոստանալով, որ ՀՀ քաղաքացին կապրի ավելի լավ, կունենա ավելի լավ դատարաններ, ոչ միայն արտաքնապես, այլ օրենքի տառին հետեւող եւ անկաշառ դատավորներ կաշխատեն գեղեցիկ հարդարված շենքերի ներսում, կունենա ավելի լավ ոստիկանություն, որտեղ ոչ թե վարկերի եւ դրամաշնորհների հաշվին ավելի պրոֆեսիոնալ դարձածները կխոշտանգեն քաղաքացուն, այլ իրապես կհարգեն քաղաքացու իրավունքները եւ նրա առաջ հաշվետու կլինեն, կունենանք զարգացած տնտեսություն եւ այլն…

Այս խոստումների դիմաց միջին հաշվով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վճարելու է 2000 ԱՄՆ դոլար՝ միջազգային կազմակերպություններին:

Համաշխարհային բանկն, օրինակ, 93 թվականից Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 մլրդ դոլար վարկ: Նախորդ տարեվերջին էլ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին: Այսօր հրապարակվեց, որ նույն կազմակերպությունը եւս 30 մլն դոլար կհատկացնի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:

100 մլն դոլար Հայաստանին տրամադրել է Ասիական զարգացման բանկը նախորդ տարի գյուղատնտեսության զարգացման համար, 50 մլն եվրո տրամադրել է Եվրոպական բանկը: Այսպես շատ երկար կարելի է թվարկել, թե ինչպիսի խոշոր վարկեր եւ դրամաշնորհներ է ուղղվել Հայաստանին:

Տասնամյակներ շարունակ կատարված ներդրումների արդյունքում Հայաստանը որակապես չի փոխվել, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը՝ կաղում, գյուղերը՝ դատարկվում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությունը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0 տոկոս աճ:

Դա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ վարկային միջոցներ, դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններն ամենեւին շահագրգիռ չեն հետեւողականության ցուցաբերման հարցում, որ միջոցներն արդյունավետ ծախսվեն: ՀՀ իշխանություններն էլ, ներսում չունենալով աջակցություն եւ հենարան, հենվում են միայն միջազգային կառույցների ստեղծած ֆինանսական բուրգի վրա՝ առանց հաշվետվության, թե վարկերի եւ դրամաշնորհների փոշիացումից ինչ արդյունքներ են ստացել:

Այստեղ անշուշտ նաեւ հասարակությունն անելիք ունի, վերջին հաշվով պարտքը հենց նրանն է, մենք եւ մեր երեխաներն են տարիներ շարունակ կքած մնալու այդ բեռի տակ:

Читайте также

Նորություններ