Եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, գազի գինը կարող է ձևավորվել շուկայական հիմունքներով․Պեսկով | Region

Եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, գազի գինը կարող է ձևավորվել շուկայական հիմունքներով․Պեսկով

Մայիս 25,2026 15:20

Եթե Հայաստանը լքի Եվրասիական տնտեսական միությունը, ապա Հայաստանին մատակարարվող գազի գինը կարող է դառնալ շուկայական։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Այնուամենայնիվ, Երևանին գրավող գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը»,-ասել է Պեսկովը։

TASS-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է․«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի, ռուսական էներգակիրների չափազանց գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է. Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների և հատկապես՝ մեր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների համար»,-ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը մատնանշել է, որ «նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, ինչպիսին է, օրինակ՝ Եվրամիությունը»։

Նա հիշեցրել է՝ այնտեղ գների կատեգորիան արդեն բոլորովին այլ է, շուկայական է․«Դա շատ լավ հայտնի է Երևանի մեր ընկերներին»։

Ռուսական լրատվամիջոցը գրում է, որ Պեսկովը «բաց» է անվանել «տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը», սակայն հիշեցրել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ասել է, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ, բայց դրան զուգահեռ զարգացնում է իր հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»։

«Եվ ինչպես այն ժամանակ պարզաբանել է Փաշինյանը, ինչ-որ պահի պետք կլինի կայացնել վերջնական որոշում, և դա կարվի հանրաքվեով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդն է խոսելու»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Պեսկովը նաև ընդգծել է՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամներ, շարունակում են մնալ բարեկամներ և պահպանում են երկխոսությունը։

Արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամներ են, այս հարցին ի պատասխան Պեսկովն ասել է. «Անկասկած»:

«Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք լիովին աջակցում են ռուսական զարգացման վեկտորին և կենտրոնանում են Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացներին հետագա, ավելի խորը մասնակցության վրա։ Մենք, անշուշտ, գնահատում ենք այս մոտեցումը. մենք դա չենք թաքցնում»,-հայտարարել է Պեսկովը։

 

 

Նորություններ