Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությունն, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, աննախադեպ է, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
«Դրականը, բնականաբար, այն է, որ մեր 32 եղբայրները վերադառնում են, դրական է նաև այն, որ փոխադարձ քայլեր են արվում երկու երկրների միջև փոխադարձ վստահության ապահովման համար, բայց մտահոգիչ է, որ համատեղ հայտարարությունը չի ենթադրում ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, երկրորդը՝ եթե «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում չէր, մերոնք ինչպես են հանձնել ադրբեջանցի այն զինվորականին, որը Հայաստանում դատապարտվել է մարդասպանության համար»,-ասում է քաղաքագետը:
Սուրենյանցը հիշեցնում է՝ Բաքվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, փաստաթուղթը շրջանցել է նաև պատանդառված ղեկավարներին: «Տպավորություն է՝ Երևանին նրանց ճակատագիրը չի հուզում, կամ գործ ունենք մի համաձայնության հետ, որը ավելի շահեկան է Ադրբեջանի համար»,-նշում է Սուրենյանցը:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավորությանը, քաղաքագետի խոսքով, սկզբունքային է՝ արդյոք Ադրբեջանը այդ փաստաթուղթը նույնպես առանց միջնորդների է պատկերացնում.
«Եթե միջազգային երաշխիքներ ու երաշխավորներ չլինեն, երկկողմ պայմանագիրը նման է լինելու Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի, ուժային այս դիսբալանսի պայամններում ո՞վ է տալու երաշխիք»:
Սուրենյանցը նաև չի բացառում, որ Բաքուն առհասարակ հրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից, նման ակնարկներ Ալիևն արդեն արել է.
«Դա շատ վտանգավոր վիճակ կլինի Հայաստանի համար, քանի որ եթե չկա հարաբերությունների կարգավորման պայմանագիր, միշտ Ալիևի ձեռքերն ավելի ազատ են, և նա կարող է սողացող պատերազմի մարտավարությամբ Հայաստանից ինչ-որ բաներ պոկել; Ալիևը պայմանագիր պատկերացնում է այն դեպքում, երբ Հայաստանն ամբողջովին ընդունի իր պայմանները»: