Նոր Հայաստանը պարտվեց հին Հայաստանին․ հեղափոխական իշխանություններն անում են անթույլատրելին | Region

Նոր Հայաստանը պարտվեց հին Հայաստանին․ հեղափոխական իշխանություններն անում են անթույլատրելին

Հոկտեմբեր 31,2019 20:50

«Սերժ Սարգսյանը պետք է վախենա…»,-ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Իսկ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը վախենում է «անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից», իսկ իր անձի հետ կապված վախենալու որեւէ բան չունի:

«Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, թող ձերբակալեն»,- հայտարարել է Սարգսյանը:

Իշխանություններն իրենց հերթին հոխորտում են՝ Սարգսյանն «ամեն օր պետք է վախենա», իսկ թե ինչից,  թվարկում են՝ բանակի թալան, հարազատների կողմից տենդերներում միջամտություն եւ այլն… Պարզ ասած՝ հեղափոխականները ճամբարի մյուս կողմում կանգնած «ռեւանշիստներին» ակնարկում են՝ որքան կոշտանան հայտարարություններն ու քայլերը, այնքան ավելի որոշակի կդառնան քրեական գործերն ու դրանց բովանդակությունը:

Այս երկխոսությունը միայն բավական է արձանագրելու համար՝ այս փուլում նոր Հայաստանը պարտվեց հին Հայաստանին:  Քրեաօլիգարխիկ համակարգն իր արատավոր, կազմաքանդող եւ պետական կառավարման համակարգը կրծող բնույթով դեռեւս ավելի դոմինանտ է:  Նորեկները խաղի հին կանոնները ոչ թե վերացրել են, այլ ընդամենը փորձել են համեմել պոպուլիզմով, փաթեթավորել «ժողովրդավարության» փայլաթղթով: Պարզ ասած՝ խաղի այդ կանոնները փորձել են հղկել, հարմարեցնել իրենց, սակայն չափազանց անհաջող:  Կացնային մեթոդները  նույնն են, միայն մատուցման ձեւն է փոխվել: Հասարակությանը տեղի ունեցող զարգացումները հրամցվում են պաթոսով, ձայնային հեղափոխական տեմպով, իսկ բովանդակությունն ու իրական գործը՝ մղվում հետին պլան:

Նախկին իշխանությունները բոլորի, այդ թվում իրենց թիմակիցների հետ հարաբերվում էին կոմպրոմատների լեզվով: Սա չափազանց գործուն մեխանիզմ էր նախկին կլանի համար. թույլ տալ սեփական թիմակցին կամ հակառակորդին սայթաքել, հետո նրան «մեծահոգաբար» «ներել», իսկ Գործ N իքս-ի թղթապանակը դնել դարակը՝ մի օր այն հրապարակային դարձնելու սպառնալիքով: Սա ոհմակին դարձնում էր ավելի համերաշխ, որովհետեւ եթե մեկը հանցագործ էր, ապա մյուսը դրա կոծկողն էր, իսկ դիմացինին՝ ավելի ենթակա ու կամակատար, ավելի խոցելի ու վախկոտ:

Այսօր հեղափոխական իշխանություններն անում են անթույլատրելին: Տեղի է ունենում ոչ թե արդարադատություն, այլ ճիշտ հակառակը՝ նրանք սպառնում են իրականացնել «արդարադատություն», երբ դրա կարիքն է հասունանում: Նրանք նախկինների հետ շփվում են խաղի նույն կանոններով՝ վարելով կոմպրոմատային պատերազմ՝  կոնկրետ մարդկանց դեմ, կոնկրետ ցուցումներով,  կոնկրետ ակնկալիքներով եւ բացարձակ նույն գործիքների կիրառմամբ:

Վառ օրինակ է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները.  քրեական գործ՝ իրենց չենթարկվելու համար, եւ մեծահոգի ներողամտություն նրանց նկատմամբ, ովքեր  ավելի ճկուն գտնվելով՝ հասցրել են հավատարմության երդում տալ:

Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակ լեգիտիմություն ստացավ հասարակության կողմից նախ եւ առաջ տասնյակ տարիներ երկրի համար  քայքայիչ կլանային համակարգը կազմաքանդելու ցուցումով:

Սա ի սկզբանե ենթադրում էր քրեական գործեր, երկիրը կեղեքած անձանց պատասխանատվություն օրենքի առաջ եւ վերջապես օրենքի գերակայություն:

Հեղափոխությունից  1,5 տարի անց Սերժ Սարգսյանը սպառնում է խոսել: Իշխանությունն ի պատասխան կիսաբաց դարակի թղթապանակի ծայրն է ցուցադրում:

Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հարցազրույց է տալիս, իշխանական պատգամավորները զգուշացնում են՝ «Փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է, ոչ թե հարցազրույց»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ակորդն է նվագում՝ Միքայել Մինասյանը ստրատեգիական նշանակության օբյեկտ է  սեփականաշնորհել՝ պետության շահերին հակառակ: Նաեւ ասում է՝ լավ կլինի գա Հայաստան եւ պատասխանի ՀՔԾ հարցերին:

Վաղը խլրտոց կտեսնեն մեկ ուրիշի աշխատասենյակում, դարակից կհանեն եւ հանրությանը ցույց կտան հերթական քրեական գործը: Հետո այդ մասին կմոռանան, մինչեւ հերթական հարցազրույցը…

Ստրատեգիական օբյեկտը ՀՀ քաղաքացունն է, այն խլել են նրանից: Խլել են ու սպառնացել, վախեցրել, նվաստացրել: ՀՀ քաղաքացին ձեւավորել է լեգիտիմ  իշխանություն, որ այդ օբյեկտը վերադարձվի պետությանը, իսկ իրեն թալանողը պատժվի:

Հեղափոխականներն այդ հանձնարարականը կատարողն են, այլ ոչ թե այդ լարերի վրա խաղացող ճարպիկ լարախաղացներ, որը միանշանակ  հեռուն տանել չի կարող: Պարզ պատճառով՝ այդ պատերազմում դիմացինն ավելի խորամանկ է ու լպրծուն,  ավելի հմուտ ու փորձառու:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ