Տնտեսական հեղափոխություն «ձախողված» Հայաստանո՞ւմ, թե՞ արկածախնդրության գնալու հրավեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ իր ձեռքի տակ կա գաղտնի զեկույց, որը պատրաստվել է, իր ասելով, «մոտավորապես» 2014 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:
Թե ինչով է կարևոր գաղտնի այդ փաստաթուղթը, Փաշինյանը պարզաբանեց. «Այն մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, կամ ինչ վիճակում է շարունակել մնալ մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչ որ այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել»,- նշում է Փաշինյանը և հավելում, որ փաստաթղթից բխող եզրակացությունը հետևյալն է՝ «մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»:
Ուշագրավ դանդաղկոտությամբ երկրի վարչապետն իշխանության գալուց մեկ ու կես տարի անց այս փաստաթղթի օգնությամբ արձանագրել է հետևյալը.
«Հայաստանում, ըստ էության, ամբողջ կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակը էլ կառավարման համակարգ չկա, ու սա մեզ համար ամենամեծ պրոբլեմն է»:
Բազմաթիվ հարցադրումներ է ծնում Փաշինյանի այս տարօրինակ «զրույցը» քաղաքացիների հետ:
Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա է Փաշինյանը որոշել դարակից հանել այս «գերգաղտնի» փաստաթուղթը (որի անունն անգամ չի ցանկանում ասել) և հրապարակել դրա բովանդակությունը: Ի՞նչ է ակնարկում վարչապետը՝ նշելով, թե երկրի պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են և, ըստ ամենայնի, նա այս հասկացել է զեկույցը կարդալուց հետո միայն՝ լինելով իշխանության ներսում և ներսից ծանոթ լինելով խնդիրների բովանդակային թնջուկին:
«Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում են, թե կայացած, լիարժեք գործունակ ինստիտուտներ են, բայց երբ որ սկսում ես մի քիչ ավելի խորը փորել, հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ»,- հայտարարում է Փաշինյանը:
Եթե այդպես է, ապա սա երկրի ղեկավարի կողմից արված պաշտոնական հայտարարություն է այն մասին, որ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի առաջ է կանգնած «ամբողջությամբ ձախողված» Հայաստանը: Վարչապետն այս մասին հայտարարելով առնվազն պետք է նշեր՝ եթե կա նման մարտահրավեր, որի առաջ կանգնած ենք՝ որո՞նք են լուծումները՝ ինստիտուցիոնալ կաթվածից դուրս գալու:
Այս հարցի պատասխանը վարչապետը չտվեց ո՛չ երեկ, ո՛չ վերջին հարցազրույցներում, ո՛չ վերջին մեկուկես տարվա ընթացքում առհասարակ… անելիքների ռազմավարական և մարտավարական առաջնահերթությունները տեղ չեն գտել նաև հեղափոխական կառավարության հնգամյա ծրագրում, որի մասին բազմիցս է հայտարարվել, անհրաժեշտության մասին՝ ևս:
Սա իսկապես մարտահրավեր է, ինչպես նշում էր Նիկոլ Փաշինյանը, բայց մեկ տարբերությամբ. մարտահրավեր ոչ թե «Իմ քայլին»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ ՀՀ քաղաքացուն, որովհետև պաշտոնավարումից մեկ ու կես տարի անց նման բան հայտարարող երկրի վարչապետը, մեղմ ասած, խոստովանում է, որ կա կառավարման ճգնաժամ, թնջուկը հանգուցալուծելու բանաձևի, տեսլականի բացակայություն՝ կառավարության ներսում:
Պետք է փաստել, որ եթե Փաշինյանը հիմա է արձանագրում վաղուց արձանագրված իրողությունը, որ դեգրադացված քաղաքական համակարգը պետք է փոխել, ՀՀ քաղաքացին արել է շատ վաղուց: Դեռևս տարիներ առաջ, երբ դուրս է եկել փողոց, ըմբոստացել, բռնության ենթարկվել, սպանվել… կրկին փողոց դուրս եկել: Երկրի ինստիտուցիոնալ կաթվածն է, ի վերջո, հանգեցրել հեղափոխության, համակարգային փոփոխությունների կոնկրետ պահանջն ու սպասելիքը:
Նորությո՞ւն էր սա Նիկոլ Փաշինյանի համար, ում քաղաքացին բերեց իշխանության հենց կաթվածահար վիճակից երկիրը դուրս բերելու սպասումով: Վարչապետը վստահաբար գիտի այս և կիրակնօրյա զրույցը քաղաքացու հետ նաև այս առումով առնվազն ազնիվ չէր:
Քաղաքական հեղափոխությունից հետո՝ տնտեսական հեղափոխություն, այլ ոչ թե հակառակը
Ելույթի երկրորդ հատվածը Փաշինյանը կառուցեց որպես առաջին մասի տրամաբանական շարունակություն: Հայտարարեց՝ քաղաքական հեղափոխությունն ամրապնդելու և ժողովրդավարական տնտեսական համակարգ ունենալու համար քաղաքացին պետք է անի տնտեսական հեղափոխություն: Դրա համար, Փաշինյանի խոսքերով, իրենք վերացրել են օլիգարխիան, բոլոր արհեստական խոչընդոտները, ընդլայնել են մարդկանց հնարավորությունները, ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար:
Կարմիր թելի նման այս միտքը Փաշինյանը կրկնում է ամեն պատեհ առիթի: Բայց թե որքան սին ու դատարկ է տնտեսական հեղափոխությամբ քաղաքական հեղափոխությունն ամրապնդելու տեսլականը, ապացուցում են ելույթի առաջին մասում նկարագրված խորքային խնդիրները: Տնտեսական հեղափոխություն կարող է լինել մեկ դեպքում, եթե, այո, երկրում տեղի է ունենում քաղաքական հեղափոխություն: Երբ կոռուպցիայի բացակայությամբ իշխանական համակարգը չի փլուզվում, որովհետև հեղափոխության տրամաբանական շարունակությունն այդ համակարգի արմատական բարեփոխումն է, այլ ոչ կոսմետիկ բնույթի ձևախեղումները: Տնտեսվարողին էմոցիոնալ բնույթի խոսքեր ասելը, թե այլևս «փայ» չեն մտնի իր ունեցվածքից, օլիգարխիան չի խանգարի, կոռուպցիա չկա, գուցե կարևոր, բայց չափազանց քիչ է: Այս դաշտում էմոցիան ու պոպուլիզմը տեղ չունեն:
Երբ խեղված է դատական համակարգը, պետական գնումների համակարգը և մյուս ինստիտուտները, Փաշինյանի կոչը նմանվում է արկածախնդրության գնալու հրավերի, մինչև իրենք «զրոյից» կայացնեն պետական ինստիտուտները: Իսկ պաշտոնական վիճակագրությունը ցույց տվեց՝ արկածախնդիրների թիվը մեծ չէ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են:
Արկածախնդրության չգնալու պարագայում էլ վարչապետն ակնարկում է՝ չի ամրապնդվի քաղաքական հեղափոխություն: Պարզունակ մանիպուլյացիա՝ ջրից ցանկացած պարագայում չոր դուրս գալու և սեփական ձախողումները «ձախողված Հայաստանի» վրա բարդելու համար:
Արմենուհի Վարդանյան