Նիկոլ Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»
Ազգային ժողովի ամբիոնից օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, երբ պարբերաբար բախվում ենք հին մեթոդներով հարցեր լուծելու «մերժված», բայց շարունակվող պրակտիկային, հայտարարեց.
«Անկեղծ ասեմ՝ նման իրավիճակների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ: Համաձայն եմ, որ այդպիսի իներցիոն երևույթներն այնքան էլ բնական չեն համարվում: Բնականաբար, չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել, ընդհանրապես իներցիայի խնդիրը կա, կարծում եմ՝ դեռ երկար կլինի»:
Սա յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք էր՝ 2018-ի ապրիլյան զարգացումներից մեկ տարի անց: Ի՞նչ չի արվել այս ընթացքում, ինչո՞ւ չի արվել և կամ արվելո՞ւ է արդյոք: Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Փաշինյանի ասած մեկ-երկու նախադասության մեջ: Հեղափոխական իշխանությունների մեկամյա կառավարման ավելի ճշգրիտ բնորոշում, քան ինքը՝ վարչապետն է տալիս, թերևս դժվար լիներ նկարագրել:
Նախքան խորհրդարանական ընտրությունները Փաշինյանը և նրա թիմակիցներն այդ իներցիային վերջ դնելու պատրվակով հապճեպ նախաձեռնեցին ընտրական գործընթացը՝ քաղաքական մրցակցության բացարձակ բացակայության պայմաններում: Նշվում էր, որ խնդիրն օրհասական է, երկրում չի կարող լինել երկիշխանություն:
Արդյունքում ստեղծվեց գործադիր իշխանությանը կցորդ օրենսդիր մարմին: Սա այն էր, ինչին ցանկանում էր հասնել Փաշինյանը՝ բացառապես իրեն ենթակա խորհրդարան ունենալու հրամայականով:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները ևս, որը վավերացրեց խորհրդարանը նախորդ շաբաթ, այս տրամաբանության շրջանակներում էին: Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություն չի արվի: Ի տարբերություն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերադասեց իր իշխանության ներսում երկու տարբեր բևեռներ չստեղծել:
Բացարձակ իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացրած Փաշինյանը պետք է որ այս ընթացքում պետական կառավարման համակարգում հասցրած լիներ արմատախիլ անել «իներցիոն երևույթները», և այլևս փաստերի առաջ կանգնելով՝ ստիպված չլիներ խոսել դրանց մասին եւ արդարանալ: Հակառակ պարագայում, կարելի է ենթադրել, որ նա իշխանության ներսում չի տիրապետում իրավիճակին, պետական կառավարման համակարգում մանր ու միջին օղակներին չի սթափեցրել կատարվածը, չունեն մտավախություն՝ սխալների համար պատասխանատվության առաջ կանգնելու, համընդհանուր չկա տեղի ունեցածի գաղափարական ընկալումը և գիտակցումը:
Սակայն ուշագրավն այն է, որ կործանարար իներցիային վերջ դնելու համար հասարակական աջակցություն ստացած վարչապետն այսօր խոստանում է ոչ թե շատ արագ միջոցներ ձեռնարկել նման երևույթները բացառելու, չարվածը շտկելու ուղղությամբ, այլ նախապատրաստում է հանրությանը՝ «իներցիայի խնդիրը դեռ երկար կլինի»:
Կարիք կա, որ այս դեպքում վարչապետը նաև կոնկրետ մատնանշի՝ երկար ասելով ի՞նչ հասկանա քաղաքացին, ինչպե՞ս զանազանի «իներցիոն երևույթները» ոչ իներցիոն տապալումներից և ո՞ր ոլորտներում սպասել իներցիոն գահավիժումների:
Ասենք՝ դատաիրավական համակարգում, նախաքննական մարմիններում, պաշտպանության նախարարությունում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում իներցիան ի՞նչ մասշտաբների է հասնում: Արդյո՞ք դրա իրական անունը ամենաթողություն չէ: Որքանո՞վ է այն սպառնալիք՝ քաղաքացու իրավունքներին, կյանքին, առողջությանը: Եվ սա ասվում է առանց չափազանցության: Նոր Հայաստանում ոստիկանական խոշտանգումների մասին են բարձրաձայնում Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի հարազատները, պատմում են սարսափելի դրվագներ, որ խոշտանգումների արդյունքում է մահացել քաղաքացին: Եթե այս հարցը բարձրաձայնվի, Նիկոլ Փաշինյանը ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին խոշտանգելու «իներցիոն ավանդույթի» վրա՞ է հղում անելու…
Իսկ իրականում ինչո՞ւ չի ստացվում մարել «դիմադրության» այդ օջախները: Այս հարցի պատասխանը ևս տալիս է Փաշինյանը՝ ասելով. «Բնականաբար չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել»:
Սա ևս տապալման մասին գուժող հայտարարություն է: Փաշինյանը խոստովանում է՝ բոլորի փոխարեն չի կարող աշխատել: Պարզ ասած՝ չի հաջողվել ձևավորել համապատասխան որակներ և հմտություն ունեցող թիմ, որտեղ յուրաքանչյուրն ընկալում է իր դերն ու անելիքը և կարող է իր ոլորտում անել իր բաժին հեղափոխությունը: Իսկ սրանք հպատակ կառավարություն և խորհրդարան ունենալու պտուղներ են, որոնք, այո, Փաշինյանը դեռ երկար է քաղելու:
Իներցիան նաև փրկօղակ
Միևնույն ժամանակ «Իներցիայի խնդիրը դեռ երկար կլինի» ասելով Փաշինյանը փորձում է թեթևացնել իրեն ու իր թիմակիցներին բազմաթիվ խնդիրների համար հասցեական քննադատելու պատասխանատվությունը կրելու բեռը: Ապահովագրվել՝ անորոշ ժամանակով: Ցանկացած հարց ցանկության դեպքում նա կարող է վերագրել ստացած ծանր ժառանգությանը և «իներցիայի» անհաղթահարելի ուժին և այնքան ժամանակ, որքան հասարակությունը թույլ կտա:
Արմենուհի Վարդանյան