Ե՞րբ են «օգնության» գալիս Սերժ եւ Սաշիկ Սարգսյանները Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի իր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ժամանակ առ ժամանակ տարբեր պատճառներով հայտնվում են քննադատության թիրախում, դեռևս զգում և որսում է հասարակական տրամադրությունները, «լայֆ» ռեժիմով փորձում արձագանքել քննադատություններին (անկախ նրանից, թե որտեղ է՝ կառավարական առանձնատանը, ինքնաթիռում, թե գործուղման մեջ…)՝ երբեմն ստիպված լինելով թիմակիցների սխալների, անզգույշ հայտարարությունների փոխարեն անձամբ հանդես գալ արդարացնող կամ մանևրող հայտարարություններով:
Սա իհարկե դրական է, որ ի տարբերություն երիտասարդ հեղափոխականների, Փաշինյանը լավ գիտի՝ ինչն է իր միակ հենարանը: Հեղափոխությունից շուրջ տասը ամիս անց, երբ գործնականում բազմաթիվ խոստումներ չեն կատարվել, երբ հրապարակի մի շարք առանցքային առաջադրանքներն այդպես էլ մնացել են «հրապարակի մատույցներում», սոցիալ-տնտեսական առումով քաղաքացին չի զգում որևէ փոփոխություն, միակ ելքը հեղափոխական իշխանության համար քաղաքացու հետ ջերմ վերաբերմունքն է, նրա տրամադրությունը շոշափելը, որոշակի մանր քայլերի իրականացմամբ քաղաքացու «ես»-ը շոյելը: Սա Փաշինյանին մինչ այս պահը հաջողվել է՝ գործի դնելով իրեն բնորոշ հռետորական վարպետությունը:
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այդ միակ հենարանը ճաքեր է տալիս, որովհետև չնայած Նիկոլ Փաշինյանը շատ անգամներ է հայտարարել, որ քաղաքացու, ընտրողի հետ հարաբերությունները պետք է խարսխված լինեն անկեղծության և թափանցիկության վրա, իրականում պոպուլիզմի չափաբաժինն ավելի մեծ է:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում Փաշինյանը, պատասխանելով կառավարության գործունեությանն առնչվող քննադատություններին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր գործընկերներին, որոնց հետ քաղաքական ճանապարհ էր անցել ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ, որին նաև ձուլվելու պլաններ ուներ «Քաղաքացիական պայմանագիրը», մեղադրեց Սերժ Սարգսյանի իշխանության հետ համագործակցելու մեջ, ենթատեքստով նաև ակնարկեց Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ կապեր ունենալու մասին: Քննարկման առանձին թեմա է այն հարցը, թե սերժսարգսյանական ձեռագրով Փաշինյանն ինչո՞ւ իրեն «անհրաժեշտ պահերին» (հիշենք Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավները, սևերի և սպիտակների մարտավարությունը) փորձում է «փչացնել» իրեն ընդդիմախոս քաղաքական ուժին:
Ընտրողի հետ անկեղծ լինելու համար նա առնվազն պետք է հստակեցնի՝ ոչ վաղ անցյալում՝ 2017 թվականին, ինչո՞ւ որոշեց դաշինք կազմել մի քաղաքական ուժի հետ, որը, այսպես ասած, սերժսարգսյանական խաղ է խաղացել: ԱԺ-ում հայտնվելու գայթակղությո՞ւնը, թե՞ այլ հանգամանքներ են ստիպել ժամանակին գործընկեր համարել մի քաղաքական ուժի, որի ուղղությամբ այժմ ԱԺ ամբիոնից լուտանքներ է թափում:
Նույն ամբիոնից Փաշինյանն իր ամփոփիչ ելույթի ժամանակ հիշեց նաև Սերժ և Սաշիկ Սարգսյանների մասին:
«Ասում են՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի… այստեղ է, որ բախվում է հին և նոր մտածողությունը: Բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարան զբաղվեն, ովքեր ունեն դաբրոներ, ովքեր ունեն ախպոր ախպեր, ախպոր ախպոր ախպեր, կիլլերներ, մաֆիոզ կապեր… Սերժ Սարգսյանը մեղավոր է նրա համար, որ ասում էր՝ այո, ամեն մարդ չի կարա բիզնես անի, ով կգա կկզի, կմուծվի, այ նա բիզնես կանի: Դրանում է մեղավոր: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, այ դրանում ա մեղավոր»:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ապրիլյան զարգացումներից հետո հանրահավաքների ժամանակ հայտարարեց նաև Սաշիկ Սարգսյանի բանկային հաշվեհամարների ահռելի պարունակության մասին: Իսկ քայլերթի ժամանակ «անտիսաշիկ գործողություն» անունով էր կոչել արագաչափերի օբյեկտիվները փակելու ակցիան:
Հայ հասարակությունը հեղափոխությունից ամիսներ անց արդարացիորեն սպասում է՝ «50 տոկոս փայ մտած», «արագաչափերի գումարները յուրացրած» Սաշիկ Սարգսյանը, իր պաշտոնավարման վերջին տասը տարիներին երկիրը կեղեքած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չեն կանչվում պատասխանատվության: Ինչո՞ւ ենք մենք պարբերաբար ամբիոններից, հանրահավաքային հարթակներից լսում այդ մասին, սակայն գործնականում չգիտենք՝ արագաչափերի արձանագրած խախտումների արդյունքում ՀՀ քաղաքացին նպաստե՞լ է, որ Սաշիկ Սարգսյանն ավելի արագ տեմպերով հարստանա, իսկ գուցե հիմա՞ էլ է նպաստում, ո՞ւմ «փայն» են խլել Սարգսյանները, և ինչքա՞ն է կազմում այդ «փայը»: Պե՞տք է այդ մարդիկ կանչվեն պատասխանատվության, թե՞ նրանք միայն հրապարակային ելույթների ժամանակ «օգնության» կգան Փաշինյանին՝ խոսքին հավելյալ պաթոս հաղորդելու համար:
Եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԱԺ ամբիոնից խոսում էր օդից կախված լուրերի մասին, այժմ դրանք առաջին ձեռքից ստուգելու բազմաթիվ լծակներ ունի: Այսօր արդեն պատասխանատու հայտարարություններ անողը ՀՀ վարչապետն է, ում հրապարակը գործուղելով իշխանության՝ կուլիսային պայմանավորվածությունների, ընտրովի արդարադատություն իրականացնելու մանդատ չի տվել: Հարցադրումները շատ են, որոնց վարչապետ Փաշինյանը ստիպված է լինելու շատ կոնկրետ պատասխաններ տալ: Եվ այդ զրույցը ՀՀ քաղաքացու հետ պետք է լինի անկեղծ և թափանցիկ:
Հեղափոխության արդյունքները չկապիտալիզացրած իշխանության համար
մանևրելը, մանիպուլյացիաները ճիշտ նույնքան վտանգավոր են, որքան ձեռքը հասարակության զարկերակից հետ քաշելը:
Արմենուհի Վարդանյան