Կարկտի առավել ակտիվ գոտիներում գործող տնտեսավարողներին կառավարությունն առաջարկում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ
Պետական աջակցության միջոցով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ կառաջադրվի։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ կապված հանձնարարվել էր դիտարկել՝ բնակավայրի կարկտից տուժած մարդկանց (տնտեսություններին) աջակցելու, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիր իրականացնելու հարցերը:
Տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է՝ կարկտապաշտպան ցանցի ներդրման համար, բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից փոքր գյուղացիական տնտեսությունների համար կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, որոշման մեջ ներառված թվով 270 բնակավայրերի 0.5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75 %-ը։
Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։ Աջակցության չափը սահմանվել է՝ ելնելով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի փոքր տնտեսություններին բնակլիմայական աղետից վնասների մեղման համար տարբերակված աջակցություն ցուցաբերելու մոտեցումից:
Ոռոգման արդիական համակարգի և կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքերում ծրագրում հստակեցվել են անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) և հետներդրումային շահագործման համար սահմանված ժամկետները, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կապալառու կազմակերպության միջոցով կատարվող աշխատանքներն ու շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամկետները: Տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի երկարաժամկետ և բարեխիղճ շահագործման նպատակով, առաջարկվում է չօտարել կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (այգին) կամ կարկտապաշտպան համակարգը և ապահովել կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 5 տարիների ընթացքում։