Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացվում են
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացվում են։ Այս մասին որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի օրակարգում։
Որոշումը պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։
Առաջարկվում է ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգեր Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ-ի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, ՌԴ-ի, Ճապոնիայի, ԵՄ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով), մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում, որպես գնահատման չափանիշ, կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։
Նախագծում նշված է՝ որոշման ընդումամբ կխստացվի ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը այդ երկրների քաղաքացիների համար և թույլ կտա վերահսկելի դարձնել միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները, չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել, սակայն աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում․«Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները։ Չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել՝ աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը։ Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ը իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում, որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից, իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է, և փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք, 70% դեպքերում, փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը»:
Նածագծում նշված է, որ խնդիր է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը․«ՀՀ-ում սկսում են կուտակվել անօրինական միգրանտների խմբեր, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում է անօրինական միգրանտների կողմից հանցագործությունների կատարման, ինչպես նաև նրանց՝ թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկը։ Մյուս կողմից էլ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա: