Լռենք, որ հետո բողոքենք
Վերջին տասնամյակներում Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը (միայն պաշտոնական տվյալներով՝ մոտ 30% աղքատություն, համատարած գործազրկություն, գնաճ և նման այլ բացասական երևույթներ) լուրջ հարված հասցրեց ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը, այլև բացասական ազդեցություն թողեց մարդկանց մտածելակերպի վրա: Արդյունքում, երբ 2018թ. ապրիլին իշխանություններից հոգնած ժողովրդին, վերջ ի վերջո, հաջողվեց ազատվել տարիներ շարունակ իշխանական աթոռը մոնոպոլիզացման ենթարկած ռեժիմից, հասարակության մեջ լայն տարածում գտավ այն տեսակետը, համաձայն որի՝ եթե քննադատես գործող իշխանությունների քայլերը, թեկուզ և քննադատությունը կառուցողական բնույթ կրի, ապա նպաստում ես Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ռեժիմի վերականգնմանը: Ընդ որում, տվյալ տեսակետի շրջանակներում կարելի է առանձնացնել երեք ուղղություն (այս հոդվածի շրջանակներում մենք չենք դիտարկի «ֆեյքերի» մի մեծ բանակ, որն այսօր գործում է համացանցում):
«Լռելու» գաղափարական կողմնակիցները
Առաջին ուղղության կողմնակիցները չեն ընդունում իշխանության հասցեին հնչեցրած քննադատությունը, քանի որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համակիր: Հետևաբար, բոլոր այն քայլերը, որոնք արվում են ՔՊ-ի կողմից, մարդկանց տվյալ խմբի համար միանշանակ ընդունելի են, քանի որ, ենթադրվում է, որ ՔՊ-ի մաս կազմող մարդիկ միացել են այդ քաղաքական ուժին՝ կիսելով նրանց գաղափարներն ու ծրագիրը (այլ բան է, որ կա մարդկանց մի մեծ խումբ, ովքեր, ինչպես և սպորտում, այսպես կոչվող, «գլորներ»-ը, անդամակցում են այդ քաղաքական ուժին կամ հանդիսանում ՔՊ-ի կողմնակիցներ՝ ելնելով տվյալ ուժի՝ իշխանության ղեկին գտնվելու փաստից): Տվյալ ուղղության ամրապնդման հարցում մեծ դեր է խաղում նաև Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ակտիվորեն քարոզվող այն միտքը, համաձայն որի՝ նրանք հանդիսանում են «ժողովրդի դրածո» և, հետևաբար, խոսում են ամբողջ ժողովրդի անունից, կատարում ժողովրդի ցանկությունները և պահանջները (իրականում, ցավոք, նույնիսկ տեսականորեն չի կարող լինել նման իրավիճակ, քանի որ կուսակցության էությունը նրանում է, որ նա հանդիսանում է հասարակության ընդամենը որոշ խմբի շահերի ներկայացուցիչ, հետևաբար, միշտ կմնան նրանք, ում շահերին տվյալ կուսակցության քայլերը հակասում են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նշվածները պետք է զրկվեն ազատ արտահայտվելու կամ քննադատություն հնչեցնելու հնարավորությունից, քանի որ հակառակ պարագայում կխախտվեն նրանց՝ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները): Այսպես, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամեն մի անձը նույնպես հանդիսանում է իշխանության մասնիկ, հետևաբար, գործող իշխանության քայլերի քննադատությունը դիտարկվում է որպես անձի հասցեին հնչող քննադատություն (ի դեպ, նման տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է նաև տոտալիտար համակարգերում, ինչը հնարավորություն է իշխանություններին ապահովել իրենց քայլերի ներքին լեգիտիմությունը և զսպել բողոքի ալիքը):
«Լռելու» «վախեցած» կողմնակիցները
Տվյալ խմբի մարդիկ դեմ են գործող իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, քանի որ վախենում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերադարձից: Եվ այդ վախի հիմքում ընկած են երկրում տիրող համատարած գործազրկությունը, գնաճը, հասարակության խոցելի խմբերի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հարկային բեռի անվերջ ավելացումը, իրավապահ համակարգի գործառույթների աղավաղումը, սեփականության իրավունքի ոտնահարումը, շուկայական համակարգի մոնոպոլիզացումը, համատարած արտագաղթը, արտաքին քաղաքականության մեջ գրանցված ձախողումները, ընտրությունների կեղծումը և այլն: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, ինչը, բնականաբար, հանգեցնում է նրան, որ բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունների վերադարձը յուրաքանչյուրի կողմից դիտարկվում է որպես անձի անվտանգությանը սպառնալիք:
Արդյունքում, գործող իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունները դիտարկվում են որպես նախորդ ռեժիմի ջրաղացին ջուր լցնել, և շատերի կողմից առաջարկվում է քննադատությունները հնչեցնել միայն ընտրություններից հետո, երբ նախորդ ռեժիմի իշխանությունների վերարտադրվելու վտանգը նվազի:
«Լռելու» ճնշված կողմնակիցները
Գործող իշխանություններին քննադատելուց զերծ մնացող այս խմբի ներկայացուցիչները շատ անգամ լռում են ոչ թե այն բանի պատճառով, որ չեն տեսնում խնդիրները կամ ասելու բան չունեն: Նրանք ստիպված են լռել, քանի որ նրանց կողմից հնչեցրած ցանկացած քննադատություն բավականին ագրեսիվ պատասխան է ստանում: Արդյունքում, նրանք լռելով կուտակում են հիասթափություն թե՛ գործող իշխանություններից, թե՛ հասարակությունից, որի մասն են կազմում, և որը, փաստացի, ոտնահարում է նրանց իրավունքները: Նման իրավիճակում տվյալ խմբի մարդկանց մոտ ամրապնդվում է այն զգացումը, որ երկրում ոչինչ չի փոխվել, ավելին՝ իրավիճակը վատացել է, քանի որ իրենց իրավունքները ոտնահարվում եմ արդեն նաև հասարակության կողմից: Նման պայմաններում մարդկանց մոտ հասարակությունից և, մասնավորապես, քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներից օտարվելու ցանկություն է առաջանում, ինչը չի կարող դրական ազդեցություն թողնել քաղաքական մշակույթի և ժողովրդավարության զարգացման վրա:
Խոսենք, որ հետո լավ ապրենք
Իրականում, վերոնշյալ գործընթացները վտանգում են իշխանափոխության ձեռքբերումները և երկրում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործընթացը: Փոխարենը, բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվում օխլոկրատիայի հաստատման համար, երբ օրենքը մղվում է հետին պլան, և հասարակության մեջ ընթացող գործընթացները դառնում են քաղաքական գործիչների կողմից մանիպուլյացիայի ենթարկվող ամբոխի (ի դեպ, այս հասկացությունը պետք չէ դիտարկել որպես վիրավորական, այլ անհրաժեշտ է այն ընդունել որպես գիտության, այդ թվում նաև քաղաքական հոգեբանության մեջ ընդունելի տերմին) քմահաճույքների զոհ:
Եվ չնայած որ այս իրավիճակն առաջին հայացքից ձեռնտու է իշխանությունների համար, սակայն հեղափոխությունների բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, որ վաղ թե ուշ իշխանությունն իր իսկ կողմից հաստատված խաղի կանոնների զոհ է դառնում, քանի որ գալիս է մի պահ, երբ իշխանությունը, ամբողջ երկրի շահերից ելնելով, այլևս չի կարող կատարել սեփական ուժերին հավատացած ժողովրդի (և այստեղ խոսքը ժողովրդի՝ քաղաքականապես ամենաակտիվ հատվածի, այլ ոչ թե ամբողջ հասարակության մասին է) պահանջները, և արդյունքում կանգնում է իր իսկ հենարան հանդիսացող ժողովրդի կողմից իշխանության ղեկից հակասահմանադրական ճանապարհով հեռացվելու վտանգի առջև:
Վերոնկարագրած գործընթացները ձեռնտու չեն նաև հասարակությանը, ինչը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդն այլևս չի զգում պետության գերիշխող և ուղղորդող դերը, քանի որ ժողովուրդն է իշխանության կողմից հռչակվում երկրում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական և տնտեսական գործընթացների համար պատասխանատուն և որոշողը (ինչը բնավ այդպես չէ, քանի որ հենց պետությունն է հանդիսանում այն կառույցը, որը, ունենալով համապատասխան թե՛ ֆինանսական, թե՛ իրավական, թե՛ ուժային և թե՛ մտավոր ռեսուրսներ, կոչված է լուծելու երկրի և հասարակության առջև ծագած խնդիրները, իսկ հասարակությունը Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմների շնորհիվ կարող է կա՛մ հավանություն տալ իշխանության քայլերին, կա՛մ իր մանդատը փոխանցել մեկ այլ քաղաքական ուժի, բայց ոչ երբեք ուղիղ կերպով իրականացնել երկրի կառավարումը և թելադրել իր կամքը): Արդյունքում, իրավիճակ է ստեղծվում, երբ Սահմանադրությամբ տրված բնական ազատությունները պետության կողմից այլևս պաշտպանված չեն (քանի որ իշխանությունները, ընկնելով սեփական թակարդը, այլևս չեն կարողանում դիմադրել ժողովրդի՝ ոչ միշտ ռացիոնալ պահանջներին և ստիպված են դառնալ ընդամենը կամակատար): Այս ամենը բերում է նրան, որ ցանկացած պահի կարող է գտնվել մեկը, ով, գերադասելով սեփական շահերը, պատրաստ է լինելու ոտնահարել մեկ ուրիշի իրավունքները, ինչը, բնականաբար, չի կարող դիտարկվել որպես ժողովրդավարությանն ու պետության զարգացմանը նպաստող իրավիճակ:
Ճիշտ հակառակը, ուսումնասիրելով զարգացած ժողովրդավարական համակարգերի օրինակներ հանդիսացող երկրների փորձը, կարող ենք փաստել, որ այդ երկրների իշխանությունները շահագրգռված են ուժեղ, կառուցողական ընդդիմություն ունենալու հարցում, քանի որ այն, որպես կանոն, հնարավորություն է տալիս հետադարձ կապ ապահովել պետության և հասարակության միջև և ժամանակին արձագանքել հասարակության մեջ հասունացող պայթյունավտանգ երևույթներին և դժգոհություններին:
Հասարակություններն էլ գիտակցում են խնդիրների մասին խոսելու անհրաժեշտությունը: Իսկ լռելու պարագայում երկրում վաղ թե ուշ հաստատվում է ավտորիտար ռեժիմ, քանի որ իշխանություններն այլևս չեն ունենում զսպող մեխանիզմ: Իսկ եթե չկա դիմադրող, և շուրջբոլորը միայն կողմ են արտահայտվում, իրականության զգացումը զիջում է իր տեղն էյֆորիային՝ թույլ չտալով նկատել երկրի առջև ծառացած խնդիրները:
Հետևաբար, անհրաժեշտ է, վերջ ի վերջո, առաջնորդվել «խոսենք, որ հետո լավ ապրենք» կարգախոսով, քանի որ տարիներ շարունակ լռելու հետևանքներն աչքներիս առաջ է: Եվ դրանք բոլորովին հաճելի չեն:
Նինա Մարգարյան