Լինել հեղափոխական մինչեւ վերջ եւ չեզոքացնել քաղաքական մենաշնորհի կործանարար ազդեցությունը
Իրավապահների բացահայտումները գնալով ավելի դրամատիկ ու աղմկահարույց են դառնում:
Սակայն Հայաստանում հեղափոխությունը կհասնի՞ իր hանգրվանին, թե՞ որոշ ժամանակ անց արդեն անհրաժեշտություն կառաջանա նոր հեղափոխության, դա պայմանավորված կլինի արդեն երկրի այսօրվա կառավարիչների գործունեությամբ, որոնք իշխանության են եկել հեղափոխական ալիքի վրա՝ նոր որակի երկիր կառուցելու երաշխիքներով:
Ամենեւին չկասկածելով ներկայիս իշխանությունների նախաձեռնողականության եւ երկրում օրինականության հաստատելու ձգումների վրա, անշուշտ պետք է արձանագրել նաեւ, որ ուժայինների աղմկահարույց բացահայտումներն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ առերեւույթ կերպով նպաստելու են առանց այն էլ քաղաքացիների աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանին եւ իր կուսակցությանը՝ ապահովելու խորհրդարանում մեծամասնություն:
Դրանում, իհարկե, վատ բան չկա, եթե խորհրդարանում մեծամասնություն ապահովելը չի դառնում քաղաքական ուժի համար գերնպատակ, եւ եթե հեղափոխության լիդերները ժամանակի ընթացքում չեն վերածվում կուսակցական առաջնորդների:
Քաղաքական դաշտում անշուշտ այս բացահայտումները պահանջված են, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտություն կա համոզվելու, որ այդ բացահայտումները չեն լինելու ընտրողաբար, չեն լինելու կարճաժամկետ էֆեկտով իրավիճակային լուծումներ, այլ ազդարարում են լրջագույն հասարակական փոփոխություններ:
Օրինական երկիր կառուցելու համար այսօրվա բացահայտումները, ինչպես նաեւ ազատ արդար ընտրությունների գոյությունն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն: Անհրաժեշտ են քաղաքական-պետական այնպիսի վերափոխումներ, որոնք կապահովեն նաեւ հակակշիռների գոյություն քաղաքական դաշտում եւ կբերեն հասարակական-քաղաքական վերահսկողության մեխանիզմների ստեղծման, որոնցից զուրկ է եղել Հայաստանը անցած իշխանությունների օրոք: Քաղաքական, հասարակական վերահսկողությունը պետք է լինի երկրի զարգացման խթան, միեւնույն ժամանակ՝ զսպաշապիկ իշխանությունների համար եւ քաղաքական մենաշնորհի կործանարար ազդեցությունը չեզոքացնելու միջոց:
Քաղաքական դաշտում առկա այն միավորները, որոնք ընդդիմադիր էին նախկին իշխանություններին եւ տարիների պայքարի ճանապարհ են անցել, ժամանակի ընթացքում Սերժ Սարգսյանի ձեռամբ ջլատվել եւ հայտնվել են խաղից դուրս վիճակում: Այդ ուժերն այսօր իրենց քաղաքական կենսագրությունը վերակերտելու հնարավորություն պետք է ունենան: Այլապես կունենանք նույն քաղաքական ամայի դաշտը, միայն թե ՀՀԿ-ի փոխարեն կլինի ՔՊ-ն:
Այստեղ հեղափոխական լիդերներից պահանջվում է լինել այդպիսին միչեւ վերջ եւ ընդունել նաեւ որոշումներ, որոնք ինչ-որ կերպ կարող են եւ չբխել կուսակցության շահերից:
Խորհրդարանական ընտրություններից առաջ համապատասխան լուրջ քայլերի ապահովումը կբերի լուսանցքում հայտնված շատ քաղաքական ուժերի վերակենդանացման: Սա իր հերթին կբերի քաղաքական-հասարակական դաշտի ակտիվության, վերահսկողական մեխանիզմների ստեղծման եւ մոնոպոլ իշխանության ռիսկերի նվազեցման:
Հակակշիռների գոյությունը ինքնին միջոց է պայքարելու կուսակցական մենաշնորհի դեմ, ինչի հիմնադիրը ՀՀԿ-ն էր:
Հակառակ դեպքում հնարավոր չի լինի պարզապես հեղափոխությունը հասցնել տրամաբանական ավարտին, որքան էլ որ ազնիվ լինեն ձգտումները եւ որքան էլ որ խորհրդարանում մեծամասնությունը ՔՊ-ն ապահովի արդար ընտրությունների արդյունքներում:
Հասկանալի է, որ այսօրվա իշխանությունն ունի վստահության պաշար: Սակայն խնդիրը կարճաժամկետ ազդեցությունները չեն: Խնդիրն այն է, թե այսօրվա իշխանությունը կկարողանա՞ արդյոք նույնպիսի ջանքերով երաշխավորել պայքարը սեփական շարքերում անօրինականության «սերմերի» դեմ: Փորձը ցույց է տալիս, որ «սեփական հրեշների» գոյությունը բացառելը կամ դրանց դեմ պայքարն անհամեմատ դժվար գործ է:
Խնդիրն այն է, թե հեղափոխության առաջնորդները կկարողանա՞ն, կամ կունենա՞ն բավարար կամք, օգտագործելով լեգիտիմության մեծ պաշարը, քաղաքական ու պետական վերափոխումների հիմքեր գցել:
Հատկապես, որ որոշ ժամանակ անց հասարակության մոտ առկա էյֆորիան անցնելու է, բայց պետական մտածելակերպի արդյունքում արձանագրված քաղաքական լրջագույն զարգացումները մնալու են եւ հիմք են հանդիսանալու երկիրը մինչեւ վերջ հեղափոխական հանգրվանի հասցնելու համար:
Քրիստինա Մկրտչյան