7 օր՝ երկրի սրընթաց գահավիժումը կանխելու համար | Region

7 օր՝ երկրի սրընթաց գահավիժումը կանխելու համար

Մարտ 23,2018 15:17

Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնում է 17 օր: Որքան մոտենում է ժամկետի ավարտը, այնքան ավելի արտահայտիչ են դառնում նրա հուզական դրսևորումները, և ինտենսիվ բնույթ են ստանում մանր խարդավանքները՝ պայմանավորված իշխանության հավանական կորստի տագնապով:

Երերուն վարչախմբերի պարագլուխներին բնորոշ գործելաոճով Սարգսյանը մի կողմից հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, մյուս կողմից խրախուսում է յուրայիններին՝ հրապարակայնորեն իրենից «անփոխարինելի առաջնորդ»-ի կերպար ձևավորելու համար: Զուգահեռ աջ ու ձախ տարբեր ուղերձներ ու ազդակներ է հղում՝ փորձելով շոշափել ներքաղաքական տրամադրությունները, կանխել իր իշխանությանը սպառնացող հնարավոր բոլոր վտանգները:

Ապրիլի 9-ին լրանում է Ս. Սարգսյանի ժամկետը, և նա կդադարի զբաղեցնել նախագահական աթոռը՝ ուղիղ 7 օրից պլանավորելով դառնալ Հայաստանի վարչապետ:

Եվ չնայած որ կանխատեսելի է թվում քաղաքական գործողությունների հետագա զարգացումը, այնուամենայնիվ, նա կանխազգում է նաև իշխանության կորստի վտանգ:

Ս. Սարգսյանը չի կարող անտեսել 2013 թվականի դասերը: Նա նախագահական ընտրությունների գնաց այն վստահությամբ, որ չեզոքացրել է իր իշխանությանը սպառնացող հնարավոր բոլոր վտանգները, սակայն իրադարձությունները բոլորովին այլ ընթացք ստացան, և ժողովուրդը դարձյալ մերժեց նրան՝ քվեարկելով այլընտրանքային թեկնածուի օգտին:

Եվ հիմա էլ կիրառվող քարոզչությանը հակառակ, որ վաղօրոք ամեն ինչ վճռված է, և չկա իշխանափոխության ոչ մի հնարավորություն, Սարգսյանը գիտակցում է, որ իշխանափոխության հնարավորություն Հայաստանում կա այնքան ժամանակ, քանի իշխանությունը ձեւավորված չէ քաղաքացիների կողմից և չունի բավարար լեգիտիմություն:

Հասարակության մոտ մեծ է սոցիալական դժգոհությունը, կա կուտակված զայրույթի ահռելի էներգիա: Եվ Սարգսյանի՝ ևս 7 տարի պաշտոնավարելու փորձը կարող է այն երկար սպասված կայծը դառնալ հասարակական ընդվզման համար:

Եվ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանը թերևս գիտակցում է, որ եթե մինչ այժմ հնարավոր էր ընդդիմադիր լիդերների հետ կուլիսային պայմանավորվածությունների միջոցով հեռակառավարել քաղաքական պայքարը, ապա ներկայում՝ ընդդիմության նկատմամբ վստահության դեֆիցիտի պայմաններում, հնարավոր համաժողովրդական ընդվզումը կդառնա անկառավարելի:

Բացի այդ, իրավիճակը բացառիկ է այն իմաստով, որ Ս. Սարգսյանը 7 օրով կորցնում է իշխանությունն ամբողջությամբ: Իր «անիշխանության» 7 օրերին ջանալու է առանց որևէ լծակի պահել այն իր ձեռքում, սակայն անկանխատեսելի զարգացումների դեպքում խնդիրը չափազանց կբարդանա:

Սերժ Սարգսյանը վստահության պակաս ունի նաև համակարգի ներսում, և քիչ չեն նրանից դժգոհողներն իշխանության մեջ: Ըստ էության, իշխանության ներսում ևս այս վիճակը եզակի է: Ուստի նա չի կարող վստահ լինել, թե առանց փաստացի «ղեկի» կկարողանա կառավարել իշխանական մեքենան, և այն չի փախչի այս անգամ իր «տակից»:

Ի վերջո ներքին և արտաքին գործոնների որոշակի պայմանների համադրումը կարող է մեկ գիշերում էլ շեշտակի փոխել իրադարձությունների ընթացքը: Այս իմաստով 7 օրը քիչ ժամանակ չի թվում:

Եվ Սարգսյանին ամեն օր մինչև ապրիլի 17-ը հետապնդելու է հեղաշրջման ուրվականը: Այս ընթացքում ամեն օր նա ներկայանալու է «ամենազորեղի» կերպարով, բայց քնելու և արթնանալու է իշխանության կորստի վախով:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ