Սարգսյանից Սարգսյան՝ տխուր Հայաստան | Region

Սարգսյանից Սարգսյան՝ տխուր Հայաստան

Հունվար 19,2018 16:06

Ինչի համար էր պետք ստեղծել և պահպանել արհեստական ինտրիգը ՀՀ նոր նախագահի անվան շուրջ՝ անհասկանալի է: Հայաստանի նման երկրում քաղաքական ցանկացած տեխնոլոգիա սպառել է իրեն, հատկապես այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանի անունը՝ որպես ՀՀ 4-րդ նախագահի, օրեր շարունակ շրջանառվում է մամուլում: Արմեն Սարգսյանի «անբծությունը», ըստ մամուլի հրապարակումների, վաղուց խառնված է խորամանկությանն ու օլիգարխիատին:

Փաստենք, որ ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Ա. Սարգսյանի պարագայում հստակ է վերջինիս՝ իշխանությունների հետ տարբեր «պորտալարերով» կապված լինելու հանգամանքը: Եվ ուրեմն, այն, որ «նոր» Սարգսյանը, լինելով «հին» Սարգսյանի դրածոն, չի կարողանալու բարելավել «քաղաքական հիգիենան» Հայաստանում, դառնում է իրականություն: Հասարակության ատելությունն իշխանությունների և բոլոր տեսակի «ընդդիմությունների» նկատմամբ այն աստիճանի է հասել, որ ցանկացած, այսպես ասած, չպղծված կադր, որին հրապարակ է բերում իշխող ուժը, ապրիորի ընկալվում է հանցապետության «արգասիք»: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գլխավոր կառավարիչը, ինչպես ժողովուրդն է ասում, «տարած, ետ բերածների» նկատմամբ համակրանք ունի: Սրախոս գյումրեցիները դիպուկ նկատեցին, թե Արմեն Սարգսյանն էլ «իրանցից է ու ապտակով սնված»: «Բերում են, որ էլի ծեծեն ու ետ ճամփե՞ն»,- կատակեցին գյումրեցիները:

Երբ «արտաշնչածը» նոր շունչ է համարվում

Արմեն Սարգսյանին Հայաստանի քաղաքական դերակատարների շարքում «նոր ներարկում», նոր շունչ համարելն անընդունելի է: Թեև նա հիմնականում զբաղված է եղել դիվանագիտական աշխատանքով, սակայն պարզ է, որ այդ աշխատանքը չի կարող «քաղաքականությունից դուրս» համարվել: Հատկապես, որ Արմեն Սարգսյանը 1996 թվականի նոյեմբերին նշանակվեց Հայաստանի գործադիր մարմնի ղեկավար և ընդամենը մի քանի ամիս անց՝ 1997 թվականի փետրվարին, գնաց արձակուրդ՝ չվերադառնալու հեռանկարով: Չնայած այն հանգամանքին, որ, ըստ տարածված խոսակցությունների, նա ոչ միայն լեզվային, այլև «բռունցքային» բախում ունեցավ երկրի ամենաազդեցիկ ուժայինի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, շարունակեց իր «ծառայությունը» մատուցել հայրենիքին՝ դիվանագիտական կորպուսում: Պարզվում է՝ ՀՀ 4-րդ դեռևս չհաստատված նախագահը լեզուներ իմանալուց և սփյուռքում ճանաչված լինելուց բացի, յուրատիպ օլիգարխ է, ինչպես ասում են՝ «գրագետ հարստացող»:

Մեջբերենք մամուլի՝ վերջին օրերի հրապարակումներից հատվածներ, որտեղ ներկայացվում է Արմեն Սարգսյանի հարստությունը:

«2013 թվականին, երբ նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո»:

Մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀ 4-րդ նախագահի պոտենցիալ հավակնորդի անունը կապված է Ամուլսարի ոսկու հանքի հետ: «Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է: Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաև փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում: Եվ, վերջապես, Արմեն Սարգսյանինն է «Երևան, իմ սեր» հիմնադրամը, որին կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում»: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ա. Սարգսյանը կարողացել է լուրջ կապեր ձեռք բերել միջազգային ասպարեզում, համարվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները: Ա. Սարգսյանը նաև Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերության ներկայացուցիչն է: Ու ըստ շրջանառվող լուրերի՝ «ձեռքի հետ» զբաղվում է նաև Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ:

Անկեղծ մի հարց է հասունանում. արդյո՞ք դիվանագետի կամ, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, «կայացած գիտնականի» աշխատավարձով կարելի է այսպիսի հարստություն և ունեցվածք դիզել: Նաև՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը միայն Հայաստանում է «ունեցվածք ետ գցել»: Դե, որպես դիվանագետ, պարտավոր է հաշվառել բոլոր ռիսկերը և «կախված» չմնալ մի երկրի տնտեսական հեռանկարից: Ընդունված ձև է՝ անձնական ֆինանսական կուտակումները դիզել մի երկրում, կրկնապատկել այլ երկրներում:

Հետաքրքիր է՝ մեր երկիրը, որի շուրջ 1 մլն բնակչությունն աղքատ է, քանի՞ նման լատենտ օլիգարխի է «ծնել, սնել և խնամում»: Ստացվում է՝ Հայաստանը դարձել է «դիվանագետ, գիտնական, լեզուներ իմացող» այն մարդկանց հայրենիքը, ովքեր ծածուկ ու ծպտյալ կեղեքում են այն, ովքեր փայլուն կերպով «ինքնադրսևորվում են»՝ ի հաշիվ նրանց, ովքեր դեռևս ապրում են հայրենիքում, օրվա հացի համար կռիվ տալիս, փորձում աշխատանք փնտրել, բարիք ստեղծել, սերունդներ դաստիարակել, հայրենիքի նկատմամբ սեր սերմանել, կրթել ու բժշկել: Բայց նրանք չեն կարող բարեկեցիկ ապրել, որովհետև ազնվորեն ծառայել և ծառայում են հայրենիքին ու ժողովրդին, «երկտականի արժեքների կրողներ» չեն դարձել, ինտրիգներ չեն հյուսել, հանքեր, անշարժ գույք, մեքենաներ չեն «հավաքել»: Ինչպես ծանոթներիցս մեկն ասաց. «Քանի՞ էրուդիտ, խելացի մարդու գիտես, որ լավ է ապրում»:

Եվ ուրեմն, քաղաքական «լարախաղացությունը» միշտ պարգևատրվում է:

Երբ հեղափոխությունը դառնում է անհնար

Այն, որ հեղափոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, փաստում են մեր անցյալը, ներկան և ապագան: Սակայն, ինչպես ասում է ռուս ճանաչված լրագրող, հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը, «հեղափոխությունը սրտխառնոցի սովորական ռեֆլեքս չէ՝ ի պատասխան հիմարության և գողության: Ոչ էլ գիլյոտին է: Հեղափոխությունը կյանքի սկզբունքների և կառավարման անշրջելի փոփոխություն է: Այն ցավոտ, բայց անհրաժեշտ քաղաքական սանիտարական քայլ է, որը կերպափոխում է իշխանության բնույթն ու ժողովրդին»:

Տեղադրելով սույն արտահայտությունը մեր իրականության մեջ՝ փաստենք՝ ժամանակն է ազատվել քաղաքական մեռելոտի կառավարումից, չընկրկել, չվախենալ փոփոխություններից:

Եթե հպանցիկ անդրադառնանք Հայաստանի՝ վերջին տարիների կառավարիչներին, ապա նրանց շարքերում կհաշվենք «Սարգսյան» ազգանունով մի քանի դերակատարների: Այս զուգադիպությունն անգամ, կարծես, ճակատագրական է դարձել մեր երկրի համար: Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի «Սարգսյաններն» են՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Ալիկ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Ալեքսանդր-Սաշիկ Սարգսյանը: Դեռևս չենք ուսումնասիրել դեսպանների, փոխնախարարների, տարբեր ԾԻԳ-երի ղեկավարների ազգանունները, որոնց շարքում ևս շատ «Սարգսյաններ» կլինեն:

Եվ ուրեմն, փորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ զարգացում է ունեցել «սարգսյանական» Հայաստանը:

Հ.Գ. Սույն հոդվածը գրելու պահին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկվել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Ի պատասխան Արմեն Սարգսյանը «ժամանակ է խնդրել» վերջնական որոշում ընդունելու համար:

Ինչի՞ համար է «ժամանակի վրա խաղալու» այս շոուն, եթե բոլորը հասկանում են, որ Արմեն Սարգսյանը չի հրաժարվի լինել Սերժ Սարգսյանի քաղաքական կամակատարը: Հնարավոր է՝ սխալվե՞նք:

Լիլիթ Աղեկյան

Նորություններ