Սպանվա՞ծ է արդյոք քաղաքական այլընտրանքը
Հայաստանյան քաղաքական իրողություններում ամեն ինչը տեղավորված է «տրամաբանական ցիկլում»: Կարծես ոչինչ, բացի չնախատեսված սոցիալական ցնցումներից, չի կարող խաթարել «վերևների» վերարտադրման ցանկությունը: Իսկ սոցիալական ցնցումներն ունեն մի հատկություն. դրանք վերափոխվում են քաղաքական ընդվզումների: Սոցիալական ապստամբությունների հնարավորության մասին վկայում է սոցիալական բացասական էներգիայի կուտակումը:
Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչպես ավանդական, այնպես էլ նորաստեղծ կուսակցությունները, իրականում, չեն կարողանում բեկում մտցնել քաղաքական միապաղաղ ընթացքի մեջ: Բոլորին պարզ է, թե քաղաքական որ «լարախաղացն» ինչպիսի «գործառնական նշանակություն» պետք է ունենա Սերժ Սարգսյանի գծած քարտեզի վրա: Գրանցված արդյունքներն էլ ապացուցում են, որ «անտրամաբանական», «գլխավոր ուղուց» շեղված ցուցանիշներ չեն արձանագրվել: «Ամեն ինչ լավ է, հիասքանչ մարկիզա» հայտնի երգի բառերը վաղուց արդեն դարձել են հայաստանյան քաղաքական դերակատարների նշանաբանը:
Ստացվում է՝ միայն հեղափոխական, նոր ծնվող ուժը կարող է խաթարել «պլանավորված» քաղաքական ընթացքը, դառնալ «ֆորսմաժորային» գլխացավանք քաղաքական «ճարտարապետների» համար:
Հայաստանում սպասվում է թավշյա ու անգույն «հեղափոխություն»
Անցած շաբաթ Բաղրամյան 26 -ում՝ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպումը հերթական անգամ ի ցույց դրեց, որ քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները, ինչպես ժողովուրդն է ասում, նույնն են՝ սերում են նույն «հիմքից», ենթարկվում են նույն «կենտրոնին» ու նրա առաջնորդին, կատարում են վերջինիս քաղաքական պատվերը: Ինչպես ասվում է հայտնի պատմվածքում, դրանք «նշանակված են» որպես «ընդդիմություն», «իշխանություն», «կոալիցիոն գործընկեր», «այլընտրանքային ուժ»: Իսկ «նշանակված են», քանզի ժողովրդավարական չափանիշներով երկիրն այդ ամենից պետք է գոնե մեկ հատ ու տեսակ ունենա: Եվ, ուրեմն, ի՞նչը կարող է խախտել «գծագրված» այս իդիլիան: Քաղաքական շուկայում տիրող դատարկությունը գործնականում չի խանգարելու Սերժ Սարգսյանին հեշտ ու անգայթ վերարտադրվելու: Ու պետք էլ չէ փորձել կորելյացիա փնտրել վերջինիս՝ նախկինում արտահայտած մտքերի, թե «այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, և եթե պառլամենտական կառավարման մոդելն էլ չընդունվի, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:
Մեզանում բացակայում են քաղաքական օրինաչափությունները: Դրանք շատ ավելի նմանվում են միտումների: Եթե դասական քաղաքականության մեջ ընթացող գործընթացներն ուղղակիորեն կապվում են պատմական առանձնահատկությունների, բնակչության սոցիալական ակտիվության, մշակութային, անձնային և հոգեբանական բաղադրիչների հետ, ապա մեր իրականության մեջ չկա որևէ աղերս և փոխկապակցվածություն կոնկրետ իրադարձության, փաստերի և անձանց միջև: Կա մեկ ընկալում. նա, ով ուզում է վերարտադրվել, անպատճառ կվերարտադրվի, ով ուզում է իշխանությունը բռնազավթած պահել, անխտրական վերաբերմունք կդրսևորի միջոցների, անձանց և գործիքների նկատմամբ՝ սպանելով քաղաքական այլընտրանքի գոյության հնարավորությունը:
2018 թվականի ապրիլը չի լինելու քաղաքական այլընտրանքի ամիս: Հեռացող Սերժ Սարգսյանը, իրականում, մնացող Սերժ Սարգսյանն է լինելու: «Ընդդիմություն», «այլընտրանք» «նշանակված» ուժերը եթե նախկինում դժգոհում էին քաղաքական բարքերից, տնտեսական քաղաքականությունից, ընդամենը մի քանի օր առաջ դարձել էին Սերժ Սարգսյանի հետ կազմակերպված շատ «տնական» հանդիպման մասնակիցները:
Մեզ հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն այդ հանդիպմանը տվեց քաղաքագիտական ձևակերպում՝ նշելով, որ այն կոնսենսուսային էր: «Դա կոնսենսուս է: Այդ հանդիպումից հետո յուրաքանչյուրը (նկատի ունի՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ) կակնկալի իր ուզելիքը»: Մեր այն հարցին, թե ինչ է ուզելու ԲՀԿ-ն, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Դե, կմնա ընդդիմություն: Դա տակտիկայի հարց է»: Մեր ճշտող հարցին, թե ուզելու է մնալ ընդդիմությո՞ւն, բանախոսը պատասխանեց. «Ոչ միայն: Իրենց տնտեսական գործունեության ոլորտին չեն կպնի: Դա կոնսենսուսային հանդիպում էր, շահերի, խմբերի կամ քաղաքական ուժերի միջև, որոնք, համաձայնվելով քաղաքական օրակարգի առաջին հարցի հետ, քաղաքական առևտուր կանեն մյուս հարցերի շուրջ»:
Ի՞նչը կարող է խաթարել քաղաքական խաղացողների «երջանկությունը»
Վերևում արված մեր դիտարկումները՝ կապված արտակարգ, անսպասելի որևէ դեպքի, իրադարձության հետ, կիսում է նաև Լևոն Շիրինյանը: Բերելով հարևան Իրանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների օրինակը՝ քաղաքագետը փաստում է, որ սոցիալական ընդվզումները եթե առաջին օրերին «տանելի էին» Իրանի իշխանությունների համար, ապա դրանց քաղաքական տրանսֆորմացիան հանգեցրեց կոշտ ուժի կիրառմանը: Նա նաև զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, որ արտակարգ զարգացումները բացառված չեն: «Էնպես չի, որ ամեն ինչ 100%-ով կլինի: Ասում եմ՝ եթե պահպանվի առկա վիճակը, ապա որևէ բան չի լինելու: Ինչո՞ւ, գիտե՞ք: Որովհետև Հայաստանի տնտեսատերերը, նրանց խմբերը վաշխառուական կապիտալ ունեն: Այդ խմբերի միջև կոնսենսուս կա՝ էս ֆիգուրան մնում է, այն մեզ շատ ձեռնտու է: Սակայն, ֆորս-մաժոր կարող է լինել և կլինի, երբ բնակչությունը բախվի թանկացումներին: Իշխանությունը մի բան պետք է հասկանա. սոցիալական բողոքը, որը լինելու է, չի մնա իր շրջանակների մեջ: Իշխանությունը պետք է հաշվի առնի, որ սոցիալական շարժումը կարող է առաջնորդող քաղաքական ուժ ծնել»,- նշեց պրոֆեսոր Շիրինյանը:
Մեզանում, սակայն, հարցերի հարցն այն է, թե կա արդյոք սոցիալական պոտենցիա, և ինչպես կարող է հանրային համատարած «նեգատիվիզմը» փոխակերպվել պայքարի: Չի՞ ստացվում արդյոք, որ մեզանում բացակայում են կանխատեսումներն ու կանխարգելիչ գործողությունները: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող վերնախավը կորցրել է, պատկերավոր ասած, «հանրային կամերտոնը», գործիք, որը բացարձակ ճշտությամբ վերարտադրում է ձայնը, մեր դեպքում՝ հանրության ձայնը: «Ճիշտ չեք»,- չհամաձայնեց պարոն Շիրինյանը: «Սա կառավարելի քաոս է, և այդ քաոսը լավ կառավարվում է: Դրա համար էլ տասնյակ տարիներ որևէ էական փոփոխություն տեղի չի ունենում»,- փաստեց մեր զրուցակիցը:
Արտակարգ քաղաքական ուժին սպասելիս
Ստացվում է, որ միայն արտակարգ կամ, ավելի հստակ, փոխակերպիչ իրադեպերը կարող են «չքարտեզագրված» բեկում մտցնել հայաստանյան քաղաքական բուրգում: Հին ուժերի՝ ընդդիմությունից իշխանություն և հակառակ փոխատեղումներն այլևս սպառված, «մաշված» քաղտեխնոլոգիաներ են: Քաղաքական ստագնացիան՝ լճացումը, հանգեցրել է նրան, որ Հայաստանի կուսակցությունները դիտարկվում են որպես «շահերի խմբեր»: «Դրանք վերադասավորման հարցեր չեն շոշափում, դրանք կոնսենսուսով Սերժ Սարգսյանին տանում են գահակալության»,- համոզված է Լևոն Շիրինյանը:
Մեզանում փորձ է արվում ներդնել երկրի կառավարման գերմանական մոդելը: Սակայն դրա հայելային կրկնօրինակումը հաջողությամբ չի պսակվում ոչ միայն գործող քաղաքական դերակատարների արժեհամակարգային, երկրի, ժողովրդի նկատմամբ պարտավորությունների կատարման խզումների, այլև քաղաքական նոր ուժերի և անձանց համար պարարտ հողի բացակայության պատճառով: Նոր անձանց ու ուժերի ի հայտ գալն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Պատահական չէ, որ ՀՀ նոր նախագահի պաշտոնի համար շրջանառվում են «հին գվարդիայի» ներկայացուցիչների՝ Էդվարդ Նալբանդյանի, Գագիկ Հարությունյանի անունները: «Սա սովետական սիստեմ է: Ինչքան պաշտոնաթող ձախողված կա, ուղարկում էին կոմսոմոլի քարտուղար»,- նշում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Սոցիոլոգ, փիլիսոփա Մաքս Վեբերը, վերլուծելով քաղաքականությունը՝ որպես քաղաքական սուբյեկտների ձեռնարկություն և մասնագիտական գործունեություն, նշում էր, որ քաղաքականությամբ զբաղվում են «առիթի դեպքում», «համատեղությամբ» և «մասնագիտորեն»: Կարծում եմ՝ պարզ է, թե քաղաքականությունն ինչու է ասպարեզից մեզանում վերածվել քաղաքական դաշտի: Ուստի, թախտին նստած, թե կանգնած՝ մեր քաղաքական ֆորսմաժորային սպասումները դառնում են արդիական:
Լիլիթ Աղեկյան