Վիգեն Սարգսյանի եւ ֆեյսբուքահայության «անկաշկանդ» շփման հետեւանքները | Region

Վիգեն Սարգսյանի եւ ֆեյսբուքահայության «անկաշկանդ» շփման հետեւանքները

Հունվար 15,2018 16:10

Շաբաթ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում փորձեց համազգային մարաթոն դրամահավաք կազմակերպել՝ վիրավոր զինվորին աջակցելու համար, որն ավարտվեց նախարարի հեղինակազրկմամբ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պաշտպանության նախարարը փորձեց հավանաբար հետևել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին և Ֆեյսբուքում ստատուսագիր դարձավ: Հետաքրքիր է նաև, որ պաշտպանության նախարարը մի կողմ դրեց «թշնամին տեսնի կուրախանա» կոմպլեքսը և հրապարակային սկսեց գումար խնդրել հայոց բանակի զինվորի վիրահատության համար՝ հայտարարելով, որ «օգնեք այնքան, որքան կարող եք և ուզում եք»:

Այնուհետև սկսվեց Վիգեն Սարգսյանի «անկաշկանդ» շփումը ֆեյսբուքահայության հետ, և նախարարը սկսեց մեկ առ մեկ պատասխանել բոլոր գրառումներին, սկզբում՝ մեծահոգաբար, հետո անցավ վիրավորանքների:

Նախարարի և ֆեյսբուքահայության «թեժ շփումը» հասավ իր գագաթնակետին այն ժամանակ, երբ ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը հռետորական հարց ձևակերպեց, թե զինվորի համար առանձին գումար հավաքելն արդյոք «բոշայության» նոր ձև է: Նախարարը կարճ պատասխանեց՝ «բոշան դու ես»:

Սրանից հետո ոմանք նույնիսկ սկսեցին կասկածել, թե նախարարն անձամբ չի վարում ֆեյսբուքյան իր էջը, այլ ինչ-որ ուրիշ մարդ է պատասխանում օգտատերերին, բայց Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ հենց ինքն է պատասխանողը:

Զինվորը, որի բուժման համար ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն իր էջում հայտարարել էր մարաթոն-դրամահավաք և գումար էր խնդրում ֆեյսբուքահայությունից, 21-ամյա Ալբերտ Դալլաքյանն է, ով վիրավորվել է գլխից:

Երկու կարևոր հանգամանք՝ զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից է և քառօրյայի օրերին Հադրութում է եղել, բայց վիրավորվել է ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ ծառայակցի, ով սպա է:

ՀՀ քննչական կոմիտեն դեռ ամռանը զինվորի վիրավորումից հետո տեղեկություն էր տարածել, որ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին:

Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել 2016թ. հունիսի 24-ին մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Ըստ քննչականի հայտարարության՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանն ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:

Պաշտպանության նախարարի գործառույթը

Հիմա ո՞րն է լինելու պաշտպանության նախարարի գործառույթը: Վիգեն Սարգսյանն իր համար որպես գործառույթ ընտրել է զինվորի համար դրամահավաք կազմակերպելը:

Մինչդեռ մեկ կարևոր հանգամանք, որ Ալբերտին գլխի շրջանում ծանր վիրավորում հասցրած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է: Ավելին, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն ուսումնասիրություն էր կատարել և պարզել, որ զինծառայողը նույնիսկ հեռացված չէ և շարունակում է ծառայությունը բանակում:

Այս ամենից հետո որքանով է լուրջ ՊՆ նախարարի պոստը զբաղեցնող անձի կողմից խնդրագիր գրելը սոցցանցերում, թե «օգնենք զինվորին», թերևս անհասկանալի է:

Բոշայությունը որպես պետական մտածելակերպ

ՀՀ քաղաքացին միշտ պատրաստ է աջակցել ու պահել իր զինվորին: Եվ յուրաքանչյուր աշխատավոր իր հարկերի միջոցով որոշակի լումա ներդնում է բանակի ու զինվորի համար: Բացի այդ, առնվազն երկու հիմնադրամ կա՝ «Մարտիկ» և «Հազար դրամների հիմնադրամը»:

Այսքանից հետո սոցցանցերում գումար հավաքելու խնդրագրեր հղելը մի տեսակ անլուրջ է:

Առավել անլուրջ է, երբ ստատուսագիր նախարարը պարտադիր պատասխանում է բոլոր վիրավորանքներին ու մի բան էլ հաստատում, որ գրողը հենց ինքն է:

Այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի կողմից նման քայլը սպասելի էր առնվազն լրագրողներիս համար:

Նման վերաբերմունքի լրագրողներն արժանացան Վիգեն Սարգսյանի կողմից հոկտեմբերի վերջերին՝ «Զինապարտության մասին օրենքի» նախագիծն ԱԺ լիագումար նիստում զեկուցելու օրը: Վիգեն Սարգսյանն այդ օրը ԱԺ-ում աշխատող լրագրողներին «անտակտ» կոչեց:

Տաքարյուն նախարարի վարքը դրսևորվեց նաև բողոքի ցույցի դուրս եկած ուսանողների հետ հանդիպմանը, որն ավարտվեց վարչապետ Կարեն Կարապետյանի միջամտությամբ, ով կոչ արեց Վիգեն Սարգսյանին հարգել ուսանողներին:

ՊՆ նախարարի լուրջ պաշտոնը և Վիգեն Սարգսյանի կոմպլեքսները

Մինչև ՊՆ նախարար դառնալը Վիգեն Սարգսյանը բավականին լուրջ դպրոց է անցել: Նա «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մագիստրոսի կոչում ունի: Ուսանել է ՌԴ-ում, իսկ 1998-2000թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ:

1975թ. ծնված և 1995թ.-ից քաղաքական արենայում գտնվող Վիգեն Սարգսյանը պետք է որ հաղթահարած լիներ մի շարք բարդույթներ, որոնք հատուկ են ՀՀ պաշտոնյաներից շատերին:

Նման կենսագրությունն ունեցող մարդը պետք է որ գոնե կարողանար մտքում ասել՝ «բոշան դու ես», ոչ թե դա գրեր հրապարակային, հետո էլ պարծենար, որ գրողը հենց նախարար Սարգսյանն է:

Ի՞նչ է նշանակում նման տաքարյուն տղայական պահվածքով ստանձնել երկրի պաշտպանական գերատեսչության ղեկը: Եվ ի վերջո, ո՞վ կարող է երաշխավորել, որ մի գեղեցիկ օր էլ Վիգեն Սարգսյանը չի արթնանա «գեշ» երազից ու Ֆեյսբուքում գրի՝ «կրակե՛լ…»:

Ցավոք, բարձրաստիճան պետական պաշտոնյաներից շատերը նման որակների տեր են, ինչպես, օրինակ, Վիգեն Սարգսյանի գաղափարական կնքահայր Սերժ Սարգսյանը, ով գերազանցել է այս տեսակի բոլոր գործիչներին՝ խփելով իր «ռեկորդը» 2013թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ հղելով «Ինչքան ուզեմ, այնքան խփեմ» հեղինակավոր ուղերձը:

ՀԳ. Մեկ կարևոր նկատառում. Վիգեն Սարգսյանի կենսագործունեությունն ուսումնասիրելիս Վիքիպեդիայի իր էջի վերջում հանդիպեցի մի ենթավերնագրի՝ «Բանակում չծառայելու մասին խոսակցություններ»:

 

Թերևս սա երկու բանի մասին է խոսում: Նախ այս ձևակերպման մեջ էլ նկատելի է Վիգեն Սարգսյան անձի անձնային որակները: Այսինքն նա ոչ թե սովորական գործիչների պես Վիքիպեդիայում ներկայացրել է տարեթիվ, թե երբ է ծառայել բանակում, այլ գերադասել է այս դեպքում էլ պատասխանել իր չծառայելու մասին լուրերին:

Եվ երկրորդ՝ երևի այստեղ է թաքնված խնդրի էությունը: Եթե Վ. Սարգսյանն էլ ծառայած լիներ ազգային բանակում այն չափորոշիչներով, ինչ տղաների մեծամասնությունը, միգուցե կարողանար հաղթահարել համապատասխան տարիքին բնորոշ կոմպլեքսներն ու խոչընդոտները:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ