«Այդ հողը աստիճանաբար սպանում է կնոջը»․ հղիության ընդհատումներ, մեռելածնություն՝ հանքարդյունաբերությունից կանայք ավելի շատ են տուժում | Region

«Այդ հողը աստիճանաբար սպանում է կնոջը»․ հղիության ընդհատումներ, մեռելածնություն՝ հանքարդյունաբերությունից կանայք ավելի շատ են տուժում

Նոյեմբեր 26,2024 16:03

Լոռու մարզում հանքարդյունաբերության ազդակիր մի քանի համայնքների կանանց շրջանում իրականացված հետազոտությունը բացահայտել է, թե առողջական ինչպիսի լուրջ խնդիրներ ունեն ազդակիր համայնքների կանայք՝ քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն։

Լոռու մարզում հանքարդյունաբերության ազդակիր համայքներում մինչև 35 տարեկան կանանց շրջանում հաճախ են առաջանում վերարտադրողականության աոռղջության խնդիրներ, հղիության ընդհատումներ, մեռելածնություն, ոչ առողջ հղիություն, քնի խանգարում, հողի, օդի և ջրի աղտոտվածությունից բխող շնչառական, սիրտ-անոթային խնդիրներ, ընդհուպ մինչև  քաղցկեղածին տարատեսակ հինվանդություներ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված  թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հաջողակ Կին»  երիտասարդական ՀԿ նախագահ Հռիփիմե Քոչարյանը՝ ներկայացնելով  «Լուռ տառապողները. Կանայք հանքարդյունաբերության սրտում»  ծրագրի շրջանակներում իրականացրած հետազոտության տվյալները։

Հետազոտությունն իրականացվել է  Ալավերդի և Աղթալա համայնքներում, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում բնակավայրերումում հարցազրույցների, ֆոկուս-խմբերի և քննարկումների միջոցով։ Որպես թիրախ խումբ ընտրվել են 18-35 և 36+ կանայք, ովքեր առանձնապես խոցելի են հաշվի առնելով հանքարդյունաբերական ոլորտի հասցրած վնասները։

Հռիփսիմե Քոչարյանի ներկայացմամբ՝ կանայք ավելի խոցելի են, որովհետև հանքարդյունաբերությունից անմիջական ազդեցությունն իրենք են կրում ՝  ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով։

Օլեգ Դուլգարյան

«Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»  թեմայով այս քննարկման մեկ այլ բանախոս «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ նկատեց՝ սա գիտական հետազոտություն չէ, այստեղ ներկայացված են ազդակիր համայնքների կանանց ընկալումները խնդրի վերաբերյալ․«Տվյալ բնակավայրերի կանայք ունեն մտահոգություններ և տարբեր խնդիրներ կապում են հենց հանքարդյունաբերության կամ թափոնների վատ կառավարման հետ»։

Դուլգարյանն ասաց, որ ֆոկուս-խմբերի հարցումներին մասնակցած կանանց մեծ մասը հանքարդյունաբերության ոլորտի հետ կախված ընտանիքների անդամներ են․«Դա ցույց է տալիս, որ նույնիսկ այդ ընտանիքներում, որոնք եկամուտ են ստանում ոլոտում աշխատելով, մտահոգություններ ունեն»։

Իրավապաշտպանն ասաց, ՀՀ-ում պակաս կա առողջության վրա հանքարդյունաբերական ոլորտի ազդեցության մասին գիտական հետազոտությունների․«Այն խնդիրները, որոնք հետազոտությունում նշել են ազդակիր համայնքի կանայք, կարելի է գտնել  ցանկացած համայնքում։ Հարցն այն է՝ արդյոք ազդակիր համայնքներում այդ խնդիրներն ավելի շատ են և արդյոք այդ խնդիրները կապված են թափոնների վատ կառավարման հետ, հողի, օդի աղտոտվածության հետ, ծանր մետաղների՝ գյուղմթերքների մեջ ներթափանցմամբ։ Ի վերջո, պոչամբարի շուրջ ապրում են մարդիկ, այդ պոչամբարից  բարձրացող գոլորշիացումը շնչում են մարդիկ»։

Դուլգարյանը հիշեցրեց՝ 2019 թվականին դիմում էին ներկայացրել վարչապետին, որին պատասխանել է առողջապահության նախարարությունը, վստահեցնելով՝ արդեն իսկ համագործակցելով առողջապահական համաշխարհային կազմակերպության հետ, մշակում են չափորոշիչներ, որպեսզի  իրականացնեն ազդակիր համայնքներում մարդկանց առողջության գնահատում․«Բայց դա այդպես էլ մնաց»։

Հռիփսիմե Քոչարյան

Քոչարյանն էլ հավելեց՝ այս խնդիրները սրվում են ենթակառուցվածքների և  առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրների պատճառով․«Օրինակ՝ Շնողում կա հագեցած ամբուլատորիա, բժիշկ, բուժքույր կա, սակայն Մեծ Այրումում խնդիրն առավել խորն է, հանրային տրանսպորտ չկա, առողջական խնդիրներ դեպքում բնակիչները ստիպված են հասնել կողքի համայքներ, ինչւ ֆինանսական և սոցիալական հետևանքների հանգեցնում»։

Նա պատմեց, որ Թեղուտ բնակավայրի կանանցից մեկը պատմել է, որ երկու որդի է կորցրել Արցախյան պատերազմի ժամանակ, Թեղուտում ամառանոցի նման մի տուն է ունեցել, հանքի շահագործման համար այն քանդել են․«Նա պատմում էր, որ դրախտավայր էր, եղնիկներ, արջեր, գայլեր են եղել այդ տարածքում, լիճ է եղել։ Անասուններ են պահել, անտառի բարիքից օգտվել։ Այս դրախտավայրից ստիպած տեղափոխվել այլ բնակավայր, պոչամբարին մոտ են եղել։ Նա ասել է, որ 2020-ին բուժզննումը ցույց է տվել, որ օրգանիզմում բավականին շատ ծանր մետաղներ կան։ Ստացվում է՝ որդիները հայրենի հողն են պաշտպանել, ինքը խնամել է հողը, ու փաստորեն այդ հողը պաշտպանելով հենց այդ հողը աստիճանաբար սպանում է կնոջը՝ նրա մոտ գոյացություններ են հայտնաբերել, քաղցկեղ ունի»։

Բժիշկներից մեկի հետ զրույցի ժամանակ էլ, ինչպես ներկայացրեց Քոչարյանը, Ալավերդու տարածաշրջանի զնիվորներին անմիջապես են ճանաչում։ Նկատի ունի, որ նրանց անգամ արտաքին տեսքից էլ երևում է հանքարդյունաբերության ազդեցությունը առողջության վրա։

«Սրանք զարհուրելի փաստեր են, սա վիճակագրություն չէ, սա մեր ապագայի տեսլականն է՝ հանքարդյունաբերության փնթի աշխատանքի հետևանքը»,-ասաց Քոչարյանը։

Դուլգարյանն էլ հավելեց՝ հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում  բացի առողջության հետ կապված խնդիրներից, այլ մտահոգություններ էլ կան․«Ազդակիր համայնքներում հիմնական աշխատուժը տղամարդիկ են, կանանց համար զբաղվածության հնարավորությունները քիչ են։ Հիմնականում ամբողջ ընտանիքով կախված են հանքարդյունաբերության ոլորտից։ Ազդակիր համայնքներում գնալով պակասում են այլընտրանքային զբաղվածության հնարավորությունները»։

Նա օրինակ բերեց Թեղուտը, որտեղ կայանք այլևս չեն կարող լիարժեք ներգրավվել գոյւղատնտեսությունում։ Մեծ Այրումում՝ նույնպես, ինչպես ասաց Դուլգարյանը, կանայք այլ որորտներում աշխատելու հնարավորություն չունեն, գյուղն արդեն աղտոտված է․«Հանքարդյունաբերության ցանկացած համայնքում պետք է զարգացման այլ մոդելներ ներդնել, դա պետք է լինի թե՛ պետական քաղաքականություն, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքականությունը, նաև՝ հանքարդյունաբերական ընկերությունների։ Այդ ընկերությունները բնապահպանական  և առողջապահական ծրագրերի համար գումարներ են տալիս կառավարությանը, պետք է այդ գումարներն  ուղղվեն խոցելի խմբերի համար այլընտրանքային զբաղվածության մեխանիզմների ստեղծմանը։ Դա կարող է լինել ջերմոցային տնտեսության հիմնում կոնկրետ կանանց համար»։

Հաշվի առնելով, որ բնակավայրերում կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը բավականին սակավ է, բանախոսները սա լուրջ խնդիր են համարում, մասնավորապես կանանց համար, որոնց թիվը այս ոլորտում ըստ 2022 թվականի տվյալների ընդամենը 6.5 տոկոս է:

Երբեմն կանայք զրկվում են որոշումներ կայացնելու, սեփական կարծիք ունենալու հնարավորությունից՝ գյուղերում առկա կարծրատիպերով պայմանավորված: Այստեղ էլ կարևորվում է համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների դերը. ըստ բանախոսների նրանք հանքարդյունաբերող ընկերությունների հետ համատեղ պետք է մշակեն սեփական քաղաքականությունը, լսեն բնակիչների առաջարկները, փորձեն իրականցնել դրանք, համագործակցեն պատկան մարմինների հետ, և որ ամենակարևորներն է իրականացմնեն պատշաճ վերահսկողություն արդյունաբերական թափոնների նկատմամբ:

 Նիկոլ Մարգարյան

Նորություններ