Ի՞նչ նպատակադրեցին, խոստացան և ի՞նչ արեցին ՀՀ երեք վարչապետները | Region

Ի՞նչ նպատակադրեցին, խոստացան և ի՞նչ արեցին ՀՀ երեք վարչապետները

Սեպտեմբեր 25,2017 14:00

Ի՞նչ խոստումներ են տվել և ի՞նչ արդյունք են ստացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին աշխատած վարչապետները: Որո՞նք են եղել տարբեր տարիներին ՀՀ կառավարության ծրագրերում ներառված գերակա խնդիրները:

2008 թվականին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանն էր, կառավարության ծրագրից առանձնացնենք մի քանի «անելիքներ», որոնց ձեռնամուխ էր լինելու Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը.

•Կաշառակերության և կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալում:

•Մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում:

•Աղքատության հաղթահարում՝ տնտեսական և քաղաքացիական կյանքին աղքատ բնակչության մասնակցությունը խթանելու նպատակային սոցիալական քաղաքականության միջոցով:

•Կրթության որակի էական բարելավում և կրթության հասանելիության մակարդակի բարձրացում՝ բնակչության անապահով խմբերի համար:

Որպես գերակայություն նաև նշվում էր.

•Տարածքային համաչափ զարգացում, որը ենթադրում է՝ Երևան քաղաքի բեռնաթափում:

•Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն:

 

Ծրագրի իրականացմամբ կառավարությունը 2008-2012 թվականների ընթացքում ակնկալում էր.

 

Եթե 2008 թվականին ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 129.414, 2012 թվականին այս թիվը նվազել է 18.000-ով և 2012 թվականին կազմել է 111.412:

Սակայն սա չի նշանակում, որ հաղթահարվեց աղքատությունը: Ճիշտ հակառակը. հռչակված գերակա ուղղություններով կառավարության «աշխատանքը» խորացրեց երկրում աղքատությունը:

2008 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 27,6 %:

2012 թվականին այն խորացել է՝ կազմելով 32,4 %:

Սա չխանգարեց իշխանությանը վերարտադրվել, և Տիգրան Սարգսյանը շարունակեց խոսել Հայաստանի զարգացումն ապահովելու մասին՝ այն ներառելով 2013 թվականի ծրագրում:

2013 թվականի ՀՀ կառավարության ծրագրում կարդում ենք.

«Առաջիկայում ապահովելու ենք՝

•Բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով,

•Կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը,

•Աշխատավարձի համակարգված բարձրացում,

•Կրթության որակի և հասանելիության ապահովում,

•Հասանելիության և որակի բարձրացում առողջապահության ոլորտում,

•Պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում,

•Ներմուծման նկատմամբ արտահանման աճ,

•ՀՆԱ 5-7 տոկոս աճ,

•Ծնելիության գումարային գործակցի աճ,

•5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում և այլն…

•Աղքատության կրճատում՝ -8-10 տոկոսային կետով,

•100.000-ից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում և այլն…

Մինչև 2014 թվականը պաշտոնավարած Տիգրան Սարգսյանի կառավարության «հետևողական ջանքերի» արդյունքում Հայաստանից հեռացավ 213.000 քաղաքացի:

2014 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է շուրջ 35%:

Երկրի 10 բնակչից 3-ի ամսական ծախսը կազմել է 40,264 ՀՀ դրամից ցածր:

2014-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքով Հայաստանի մշտական բնակչության կազմում աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Այս ցուցանիշում առավել աղքատների թվաքանակը կազմում է 330 հազար, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 70 հազար մարդ:

2014 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը գերազանցեց 2008-ին 0,7 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը՝ 2,4 տոկոսով:

Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մասին խոստումներին հակառակ՝ իրավիճակն այսպիսին էր Տ. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին.

2008 թ. – 6,9 % աճ

2009 թ. – 14,1 % անկում

2010 թ. – 2,2 % աճ

2011 թ. – 4,7 % աճ

2012 թ. – 7,2 % աճ

2013 թ. – 3,3 % աճ

Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարումը սկսեց 2014 թվականին: Կառավարության եռամյա ծրագրով Աբրահամյանի գլխավորած կառավարությունը նախատեսեց տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել 65 հազար դրամի, իսկ աղքատությունը 35 տոկոսից կրճատել մինչև 25 տոկոս, կանխել ժողովրդագրական բացասական միտումները:

2014-2017 թթ. նախատեսում էին նաև ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից վարչարարական խոչընդոտների վերացում:

Աբրահամյանի կառավարությունը նաև ծրագրում էր հասնել դատարանների անկախությանը, օրենսդրական կարգավորման միջոցով նպաստել դատավորների կարգապահական պատասխանատվության և թափանցիկության բարձրացմանը և էլի բազմաթիվ «անելիքներ» կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում:

Աբրահամյանի գլխավորած կառավարությունը 5 տոկոս տնտեսական աճ ոչ միայն չապահովեց, այլև տեղի ունեցավ կտրուկ անկում:

2014 թ.- 3,5 % աճ

2015 թ. – 3 % աճ

2016 թ. — 0,2 % աճ

Այս կառավարությունը չկարողացավ կասեցնել արտագաղթը: Կառավարության ծրագրում ներառված խոստումները քաղաքացուն չպահեցին Հայաստանում:

Եթե 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմում էր 3.017.100 մարդ, 2016-ին 3 մլն-ի շեմը նվազեց. մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600 մարդ: Աբրահամյանի կառավարության տարիներին երկրից հեռացել է 18.500 մարդ:

2017-2022 թվականներին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը նպատակադրել է.

•զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով,

•արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի,

•աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,

•զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում…

2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը դարձյալ նվազել է՝ 12.000-ով: Պետական պարտքը շարունակում է աճել ամեն ամիս: Թե 2016 թվականի սեպտեմբերի 13-ից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ամիսներին ինչպիսի դինամիկայով է աճել ՀՀ պետական պարտքը, ունենք առանձին հրապարակում :

2017 թվականի երկրորդ եռամսյակում, 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ՀՆԱ աճը կազմել է 5.5%։

2016-ին պաշտոնական տվյալներով աղքատության ցուցանիշը նվազել է մեկ տարվա ընթացքում ընդամենը 0,2 տոկոսով՝ 30 տոկոսից հասնելով 29․8 տոկոսի:

Երբ կառավարության ղեկավարին լրագրողները հարցրին, թե ինչպես է ստացվում, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում կառավարության հռչակած «բարեփոխումների» արդյունքը կամ ընդամենը 0,2 տոկոսով է զգում, Կարապետյանը պատասխանեց.

«Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ: Ո՞նց ենք տարբերելու: Ես ձեզ հաշվետվություն եմ տալիս թվերով: Թվերի հետ կապված հարց ունեք՝ սիրով կպատասխանեմ»:

Պարզ ասած, գործունեությունն իշխանությունները հակված են գնահատել թվերով, իսկ թվերը, անգամ պաշտոնական, ցույց են տալիս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեք վարչապետների ձախողումը, որի հետևանքները, ցավոք, կործանարար ազդեցություն են ունենում մեր երկրի վրա՝ դատարկվող Հայաստանի տեսքով:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ