Ինչպե՞ս է կողք կողքի գտնվող երկրներից մեկը զարգանում, մյուսը՝ հետընթաց գրանցում
Որտե՞ղ կատարել ներդրում, ի՞նչ պայմաններով, ինչպիսի՞ն է տվյալ երկրում ներդրումային միջավայրը:
Հայաստանում վարվող ներդրումային քաղաքականության մասին տեղեկատվություն փնտրող քաղաքացին համացանցում առաջին հերթին կգտնի ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը և այնտեղ կհանդիպի այս գրառումներին.
222Սակայն ապարդյուն. ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հասանելի չէ:
Սա իմիջիայլոց: Իսկ ընդհանուր առմամբ սա օրինակն ու նկարագրությունն է այն հարցի, թե որքանո՞վ է Հայաստանը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար, ինչպիսի՞ն են պայմանները, հարկային քաղաքականությունը և այլն: Փաստն այն է, որ որքան տարիներ շարունակ գործող իշխանությունները խոստացան այդ առումով իրավիճակ փոխել, տնտեսության խթան հանդիսացող օտարերկրյա ներդրումների հոսք ապահովել, բիզնեսի համար հարմար պայմաններ ստեղծել, այդքան վիճակն ավելի ու ավելի մտահոգիչ դարձավ Հայաստանում:
Այն, ինչ տարիներով միայն խոստումների տեսքով լսեցին ՀՀ քաղաքացիները, մեզանից ոչ այնքան հեռու և մեր աչքի առաջ հաջողությամբ իրականացնում են մեր հարևանները:
Միլիարդներ՝ դեպի Վրաստան
2016 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1,6 մլրդ դոլար:
Մասնավոր հատվածի ներդրումները միայն Աջարիայում 2015 թվականի համեմատ 2016 թվականին աճել են 17%-ով և կազմել 427,9 մլն դոլար: Ընդհանուր ներդրումներից 301,7 մլն դոլարն օտարերկրյա ներդրումներն են, 126,2-ը՝ տեղի:
Ընդ որում, ներդրումների 45,5%-ն ուղղվել է էներգետիկ ոլորտին, 31,6%-ը տուրիզմի զարգացմանը, շինարարության ոլորտին՝ 20,8%-ը:
Տարբեր նախագծերի ընդհանուր ներդրումային արժեքը, որը պլանավորվում է իրականացնել 2015-2020 թվականներին Աջարիայում, կազմում է 1 մլրդ 342,4 միլիոն դոլար:2222222222
Եվս մեկ տեղեկատվություն Աջարիայի մասին. 2015 թվականին ներդրումներն այստեղ կազմել են 366 մլն դոլար: Արձանագրվել է 141% աճ՝ 2012 թվականի համեմատությամբ:
Հայաստանը դուրս է մրցակցությունից
Մեր երկիրը ներդրումների ծավալով չի կարող մրցել ոչ միայն Վրաստանի, այլև անգամ Աջարիայի հետ: Հայաստանում 2016 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցածր արդյունք է արձանագրվել՝ ընդամենը 130 մլն ԱՄՆ դոլար:
Մինչդեռ հիշեցնենք, թե ինչ էին խոստանում հանրապետականները դեռ 2007 թվականին, երբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը փոքր-ինչ ավելի շատ էր՝ 669,8 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով խոստացավ 2007-2012 թվականների ընթացքում ապահովել համախառն ներքին արդյունքի աճ՝ 2 անգամ, ներդրումների աճ՝ 3 անգամ: Խոստանում էին օտարերկրյա ներդրումների թիվը հասցնել տարեկան շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլարի:
ՀՀԿ-ն վերարտադրվեց: Հաջորդ տարիներին մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հետզհետե սկսեց նվազել:
Այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ, խոստացված արդյունքները չապահովելով հանդերձ, Սերժ Սարգսյանը և մյուս ՀՀԿ-ականները շարունակեին խոստումներ հնչեցնել:Снимок222222222
«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու մեր ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական: Տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի և շոշափելի՝ երկիրը գործարար միջավայրի դյուրինության տեսակետից ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում»: Սա Սերժ Սարգսյանի՝ «դեպի ապահով Հայաստան» տանող տեսլականն է՝ նրա նախընտրական խոստումը՝ 2013 թվականին:
«Շոշափելի» արդյունքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ առաջատար երկրների հետ մրցող Հայաստանի տնտեսությունում տարեկան անգամ 200 մլն ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում չի արվել անցած տարի:
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ ապահովելու գործում տապալված իշխանություններն այս անգամ էլ խոստացան՝ կոնկրետ սահմանելով, որ հինգ տարում ապահովելու են 3,2 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ խոստացվածից 830-850 մլն դոլարի ներդրումը պետք է իրականացվի 2017 թվականին:
Եվրասիական տնտեսական միությունը և Հայաստանը
Տեսնենք Եվրասիական տնտեսական միությանը մաս կազմող երկրներում այս առումով ինչպիսին է պատկերը: Հիմնականում 2016 թվականին 2015-ի հետ համեմատած բացասական միտումներ են արձանագրվել ԵՏՄ-ին մաս կազմող երկրներում:
Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունում եթե 2014 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ավելի քան 22 մլրդ դոլար, 2013-ին՝ 69,2 մլրդ, ապա 2015 թվականին Ռուսաստանի վերջին տասը տարիների պատմության ընթացքում արձանագրվել է ամենացածր ցուցանիշը՝ 4,8 մլրդ դոլար:
2016 թվականին ՌԴ-ն աճ արձանագրեց՝ ներդրումները հասցնելով 19 մլրդ դոլարի: Նշենք, որ անգամ ճգնաժամային 2009 թվականին ներդրումները ՌԴ-ում կազմել են 36,6 մլրդ դոլար:
2016 թվականին օտարերկրյա ներդրումները Ղրղզստանում կազմել են 654 մլն 800 հազար ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,4 անգամ: 2015 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ 573 մլն ԱՄՆ դոլար:
Ղազախստանում 2016 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 14,5 մլրդ դոլարի՝ 27,3%-ով ավելի 2015 թվականից:
Բելառուսում 2017 թվականին տնտեսագետները նշում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կարող է հասնել 1,5 մլրդ դոլարի: Ուղղակի ներդրումները 2016 թվականին կազմել են 2404,8 մլն դոլար:
Արմենուհի Վարդանյան