Աղքատներին փողով են գայթակղում, որ գնան սահման՝ հարուստների հափշտակածը պաշտպանելու. հետընտրական ցինիզմ
Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով սոցիալապես ծանր պայմաններում մեծացած տղաների մահն առիթ դարձավ, որ հասարակության մոտ հասունանար արդարացի զայրույթ, թե ինչու պետք է օլիգարխների, պաշտոնյաների զավակները չծառայեն բանակում, չպահեն սահմանները:
Գաղտնիք չէ նաև, որ շատերը պայմանագրային ծառայության են անցնում, որովհետև այլ աշխատանք չեն գտնում, և ստացվում է այն, ինչ կա՝ առաջնագիծը պահում է սոցիալապես անապահով ընտանիքի զավակը:
Հասարակական դժգոհությունը պարպելու համար իշխանությունները բոլորովին այլ ճանապարհով գնացին. ոչ թե լուծել սոցիալական խնդիրները, մեղմել առկա լարվածությունը, սոցիալական արդարություն հաստատել, այլ փողով գայթակղել աղքատ ժողովրդին: Ճիշտ ընտրությունների ժամանակ կիրառվող մեխանիզմի նման: Նախ հազար դրամի նախագիծն առաջ քաշվեց, հիմա արդեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու նոր ծրագիր է առաջարկում՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ», որոնք դարձյալ ֆինանսապես գայթակղող առաջարկ են պարունակում:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազգ-բանակ» հայեցակարգին և հիշյալ առաջարկներին, նշեց.
«Ապրիլյան պատերազմից հետո ամենաէական խնդիրներից մեկը եղել է սոցիալական անարդարության խնդիրը, օլիգարխների հարստությունը և բանակի թշվառ վիճակը: Պարզվեց մի բան, որ քիչ է՝ փոքրամասնությունը հափշտակել է ազգային հարստությունը մեծամասնությունից, այլև պարտադրաբար ուղարկում է հափշտակված ընտանիքների տղաներին, որ նրանք գնան առաջնագծում պաշտպանեն իրենց: Սա լրջագույն խնդիր է: Եվ ես այս որոշումներում տեսնում եմ, որ որևէ ցանկություն գործող իշխանությունը չունի՝ բանակում առկա խնդիրը լուծելու: Նախագծերից երևում է, որ առաջին հերթին փորձ է արվում արդարացնել բանակից խուսափող հարուստների երեխաներին: Ինչ-որ ֆինանսական աջակցություն է առաջարկվում, ընտրություն է առաջարկվում զինվորներին՝ այստեղ ծառայե՞լ, թե՞ այնտեղ ծառայել, բայց իրականության մեջ այսպիսով օրինականացվում է բանակից խուսափողների քայլը: Սրանք առկա դժգոհությունները մեղմելու բլեֆային տարբերակներ են, որովհետև այլ երկրներ էլ կան, փորձ կա… Եթե դրված է հստակ խնդիր, որ արդարություն լինի, մարդիկ ստեղծում են պայմանագրային բանակ, այնտեղ արդեն զինվորները պրոֆեսիոնալ ծառայության են անցնում, պաշտպանում են սահմանները, գումար են ստանում դրա համար, կյանքի ապահովագրություն են ստանում և հազար ու մի այլ բան: Նման կերպ են հարցերը լուծում: Բայց մեզ մոտ խնդիրը եղել է բանակից խուսափողների վիճակն արդարացնելը:
Տեսեք ինչ աֆյորա է արվում, փոխանակ խնդիրը լուծեն այն դեպքում, երբ որ կա խնդիրը լուծելու հնարավորություն, բայց չեն գնում այդ ճանապարհով: Սա անօրինականությունն օրինականացնելու քայլ է: Նրանք, ովքեր աղքատ են, այս կերպ նրանց պարտադրվելու է պաշտպանել իրենց՝ հափշտակած մարդկանց երեխաներին»,- նշեց Մանվել Սարգսյանը:
Եղան շրջանակներ, ովքեր իրենց ոգևորությունը հայտնեցին հատկապես «Ես եմ» ծրագրի առաջարկներից: Ծրագրի համաձայն՝ զինծառայողի ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ:
«Բնական է, այնպիսի բան են մտածել… Ուրիշ բան է, որ պայմանագրային լինի և առաջարկներ լինեն: Դա լրիվ ուրիշ բան է, երբ մարդն ինքն է ընտրում: Բայց զինակոչիկի ընտրությունը ո՞րն է, քեզ դնում են վատի և ավելի վատի առաջ… Նոր մեթոդներ են ընտրում գործող իշխանությունները, որ իրենց նույն պահելաձևն ինչ-որ կերպ կարողանան շարունակել: Նույնը եղավ ընտրությունների ժամանակ: Իբր նոր օրենսդրություն, նոր մեթոդոլոգիա էր, տպավորություն են ստեղծում, որ նորություն է, բայց իրականության մեջ պահպանում են իրենց դիրքերը և դա ներկայացնում են որպես հաջողություն: Նույնը սա է: Հստակը այն կլինի, որ ըստ Սահմանադրության բոլորը գնան սահմանները պաշտպանելու՝ առանց բացառությունների: Սկսած ամենահարուստներից, ովքեր մանդատների հետևից են վազել կամ իրենց երեխաներին տանում մանդատներ են տալիս, ուրիշներին էլ սահման են տանում: Այ այդ մանդատ ստացած երիտասարդներին բոլորին ուղարկել սահման, այդ ժամանակ հավատ կլինի, այդ ժամանակ բոլորը կհասկանան, որ իսկապես փոփոխություն է կատարվել:
Բայց հիմա հակառակն է արվում: Հիմա ապրիլյան բացահայտ անհաջողությունը ներկայացվում է որպես հաղթանակ: Ինչ ուզեն, կարող են անել: Կապիտուլյացիան էլ կարող են ներկայացնել որպես փայլուն հաղթանակ: Կարողանում են, անում են այնքան, ինչքան ժողովուրդը կուլ է տալիս: Խնդիրները կամ լուծվում են, կամ չեն լուծվում: Պարզ երևում է, որ Հանրապետական կուսակցությունը որևէ ցանկություն չունի իր ապրելակերպը, իր գործելաոճը փոխելու: Ցանկություն չունի և դրա համար էլ զբաղված են նոր ձևեր հորինելով: Այս որոշումներն առաջին իսկ ցինիկ որոշումներն են՝ ընտրություններից անմիջապես հետո»:
Արմենուհի Վարդանյան