«Սա դավադրություն է, որ կազմակերպվել է ժողովրդի դեմ, ու ժողովրդին մեղադրելու տեղ չունենք» | Region

«Սա դավադրություն է, որ կազմակերպվել է ժողովրդի դեմ, ու ժողովրդին մեղադրելու տեղ չունենք»

Ապրիլ 08,2017 14:45

«Ապրիլի 2-ին տեղի ունեցածն ընտրություն կոչել չի կարելի, դա պարզապես միջոցառում էր, ընտրություն չէր, ընտրության հոտ չկար, ժողովրդի քվեն չի արձանագրվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա համոզմամբ տեղի ունեցած ընտրական պրոցեսն ուղղակի ապացուցեց մինչ այդ արված այն պնդումները, որ նոր ընտրակարգը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Կատարված փոփոխություններով բառային տերմիններն են ընդամենը փոխվել, բուն գործընթացը ոչ թե փոփոխվել է, այլ կատարելագործվել է իշխանությունների թեթև ձեռքով.

«Ճիշտ է՝ անունը փոխել են ռեյտինգային, բայց անունը փոխելուց ոչ մի բան չի փոխվում, այսօրվա իշխանության անունը ոնց ուզում ես փոխի, ոչ մի բան չի փոխվի, նույնը կմնա: Այնպես որ, խոսել ընտրության մասին, խոսել բարեփոխված օրենքի մասին խաբեություն է: Երկրորդ կարծիք չի կարող լինել: Որ սա հակասահմանադրական է, և որ այս ԱԺ-ն իր էությամբ հակասահմանադրական օրենքով է ձևավորված ու լեգիտիմ չէ, սա իրավական տեսանկյունից: Ինչ վերաբերում է բուն արդյունքների տեսանկյունից, ապա ընտրության հոտ չի գալիս, պաշտոնական թվերով 2,5 միլիոն ընտրող՝ սա սուտ է, Հայաստանում այսքան ընտրող չկա, մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 570 հազար, դա անհնարին բան է, ՀՀ-ում ներկա ընտրողների թիվը 1 միլիոն 300 հազարից չի անցնի, այսինքն 100 տոկոսը գերազանցող մասնակցությո՞ւն է եղել: Երկրորդ. ստացվում է, որ եթե իրապես ընտրություն լիներ ու ակտիվ մասնակցությունը լիներ 60 տոկոս, ապա դա կլիներ մոտ 800 հազար մասնակից, ստացվում է 700 հազարն ավելացվել է: Հիմա ինձ չհարցնեք՝ ինչպես, դա ինձ համար ակնհայտ է, դա պետք է պարզեն համապատասխան մարմինները, օրինակ ԿԸՀ-ն»,- կարծիք հայտնեց Սոս Գիմիշյանը:

Քննադատություններն՝ ուղղված ընտրողներին, թե ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին, Սոս Գիմիշյանը ճիշտ չի համարում: Ընտրողների մեծ մասը չի վաճառել իր ձայնը, համոզված է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիտավորյալ ժողովրդին վարկաբեկելու և խայտառակելու ծրագիր է իրականացվում. «Ի՞նչ է, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան չգիտե՞ն, որ ՀՀ-ում այդքան ընտրող ու մասնակից չի եղել, շատ լավ գիտեն, բայց ճանաչեցին ընտրություններն ու մի քայլ առաջ, ինչպես միշտ: Այսինքն, սա դավադրություն է, որ կազմակերպվել է ժողովրդի դեմ, ու ժողովրդին մեղադրելու տեղ չունենք մենք: Եթե ելնենք նրանից, թե ինչ ուժեր են անցել, Ս. Սարգսյանի որոշմամբ են անցել, դա ինձ համար միանշանակ է: Հիմա կարող էին այլ ուժեր անցնել, իհարկե, կարող էին, ում ցանկանար, նրանց էլ կանցկացներ, հիմա եթե Ս. Սարգսյանը որոշեր, որ ՀՅԴ-ն էլ չի անցնելու, դա շատ լավ կլիներ: Ոնց որ նախկին ԱԺ-ում որևէ ընդդիմադիր պատգամավոր չի եղել, ու բոլոր մանդատների որոշումը կայացրել է Ս. Սարգսյանը, նույնն էլ հիմա: Եվս մեկ փաստ, մասնակիցների մեծ մասն արևմտամետ ուժեր էին, անցել է մեկը՝ 7,8 տոկոս, թվում է, թե Արևմուտքը պարտվել է, բայց դա թվացյալ է, քանի որ մեկ մարդ կար, որը ՌԴ հետ ավելի խորը համագործակցության կողմնակից էր, դա Կ. Կարապետյանն էր, որը միակն էր, որ ներկայացնում էր այդ ուղղությունը, բայց ինքն էլ ցուցակում չկար, ստացվում է, որ ինքն իր ուսերի վրա տարավ այս նախընտրական պայքարը, ու եթե ինչ-որ բան հավաքել է Հանրապետականը, ի շնորհիվ իրեն է հավաքել, հաշվի առնելով ամբողջ բացասական կենսագրությունը Հանրապետականի, Հաց բերողին սպանելը… Միակ մարդը, որ հակառակ ուղղությունն էր ներկայացնում, այդ մարդը թեկնածու չի ու ԱԺ չի անցել, նրանք, ովքեր որ Հանրապետականից անցել են, նույն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ուժեր են, որ լավ վերաբերմունք ունենալու դեպքում կարող են լինել Արևմուտքի կողմը, վաղը որ հյուսիսից լավ վերաբերմունք ցույց տան, կդառնան հյուսիսի կողմը: Օրինակ, մինչև սեպտեմբերի 3-ը, երբ որ Ս. Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ մտնելու փաստաթուղթը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն բոլորը միաբերան գոռում էին՝ կեցցե՛ ասոցացումը, քանի որ այդպես ասում էր Ս. Սարգսյանը: Երբ որ Ս. Սարգսյանը մի օրվա մեջ կարծիքը փոխեց, ստորագրեց ԵՏՄ փաստաթուղթը, բոլորը գլխարկները շուռ տալով ասեցին՝ ճիշտ է ԵՏՄ-ն»,- ասաց մեր զրուցակիցը:

Ստեղծված իրավիճակում մեծ մեղքի բաժին ունեն նաև այն ընդդիմադիր ուժերը, որոնք ընտրություններից հետո միայն սկսեցին քննադատել ներդրված ընտրական համակարգը, այնինչ, ըստ Սոս Գիմիշյանի, դեռ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո բոլորին էլ պարզ էր, որ այսպիսի պատկեր է ուրվագծվելու: Սակայն նույն այդ քննադատները ժամանակին կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը. «Նախ ընդդիմադիր ասելով ընդդիմադիր չես դառնում, խոսքով չի, գործով է որոշվում, այդտեղ ընդդիմադիր ուժ չկար, կար իշխանություն և նրա հաճախորդները: Իրապես ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեին, ոչ թե ընկնեին իրենց անձնականի հետևից, անուններով դաշինքներ, իրական ընդդիմությունը հաստատ կմիավորվեր, քանի որ կառավարվող էին, չմիավորվեցին: Ասենք, «Ծառուկյան» դաշինք, անձնավորված, նույնը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում անուններ, գաղափարական, ազգային որևէ քաղաքական ուժ չկար դաշտում, կային աշխարհաքաղաքական, օրինակ, «Ելք»-ը, որ ելավ հայտարարեց, որ ինքը դեպի Արևմուտք է և վերջ: Պարզ է, այստեղից էլ իրենց նախասիրություններն ու իրենց օժանդակող ուժերը: Կային արևմտամետ ուժեր, ես, օրինակ, եթե ուժ կա, որը Հայաստանի շահերից ելնելով կողմնակից է Արևմուտքի հետ համագործակցության, դրան նորմալ եմ վերաբերվում, բայց երբ որ ուժ կա, որը ծառայում է Արևմուտքին՝ երկիրը, ժողովրդին մոռանալով, դա այս փնթի սահմանադրության արդյունքն է: Սա փնթի, հակամարդկային, հակաազգային սահմանադրություն է: Հայ մարդը չէր կարող այդ սահմանադրությանը կողմ քվեարկել, բայց դրան կողմ են քվեարկել և «Ելք»-ի, և ԲՀԿ-ի, և ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ԱԺ ներկայացուցիչները»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա համոզմամբ թե՛ նոր սահմանադրությունը և թե՛ ընտրական նոր օրենսգիրքն Արևմուտքի ծրագիրն էր, որ որպես լուրջ փոփոխություն փորձեցին մատուցել հայ ժողովրդին: Իսկ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն էլ, մասնակցելով այդ պրոցեսներին, լեգիտիմացրին թե՛ իշխանական համակարգի և թե՛ Արևմուտքի ծրագրերը.

«Այսօր տարածաշրջանում և աշխարհաքաղաքական այնպիսի վտանգավոր պրոցեսներ են գնում, որ ցանկացած պահի մեր սահմաններին կարող է կրակ լինի, իսկ մենք իրար ենք տալիս, խփում, մորթում, արյուն թափում ու որոշում՝ ով պետք է կերակրամանի կողքն ավելի շատ տեղ ունենա: Սրան ավելացավ այն, որ հայ ժողովուրդն իբր ծախվել է, ընտրակաշառքն է կարևոր դեր ունեցել, 700 հազար մարդու ընտրակաշառք չեն տվել, 700 հազար քվե ավելացվել է: Ընտրություններին շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ կիրառվեցին, մատի սարքը նրա համար էր, որ մեր ամբողջ ժողովրդից մատնահետքերը վերցնեն հատուկ ծառայություններին հետո ծախեն, երբ որ պետք լինի, դա ևս մի խաբեության ձև էր, ու մեր, այսպես ասած, ընդդիմադիր ուժերն ամիսներ շարունակ քննարկում էին այդ ընտրական օրենսգիրքը: Քննարկեցին, քննարկեցին ու ստացան մի հրաշք բան, որը հային հանեց հայի դեմ ու խայտառակ ընտրությունների հասցրեց, կեցցե մեր կեղծ ընդդիմությունը: Վստահ եմ, համոզված եմ՝ շտկելու ենք երկիրը, կարգի ենք բերելու, մեր ազգը ոչ թե պետք է բզկտենք, այսպիսի փնթի ընտրական օրենսգրքով, այլ պետք է միաբանենք, ամբողջ աշխարհի հայությանը պետք է համախմբենք, հասնենք այդ խնդիրներին»,- եզրափակեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Հերմինե Մկրտչյան

Նորություններ