Փրայմերիզի առաջին օրը Գյումրու Սլաբոդկա թաղամասում մի խումբ անձինք փորձել են խոչընդոտել շրջիկ խմբի աշխատանքը | Region

Փրայմերիզի առաջին օրը Գյումրու Սլաբոդկա թաղամասում մի խումբ անձինք փորձել են խոչընդոտել շրջիկ խմբի աշխատանքը

Դեկտեմբեր 09,2024 19:09

Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունների գործընթացը փորձել են խոչընդոտել, ՔՊ-ից ասում են՝ մի խումբ անձինք խուլիգանական վարք են դրսևորել իրավապահները զբաղվում են այդ միջադեպով։

 

Գյումրիում  նախնական ընտրությունների  գործընթացը մեկնարկել է երեկ՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջիկ խմբերն այցելում են քաղաքի տարբեր տարածքներ, առաջարկում բնակիչներին քվեարկել ՔՊ-ից ինքնառաջադրված 7 թեկնածուներից  մեկի օգտին, ում  ուզում են տեսնել Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին։

Նախնական ընտրությունների առաջին օրն այնքան էլ հարթ չի անցել։

REGIONS TV-ի տեղեկություններով՝  Գյումրու Սլաբոդկա թաղամասում ինչ-որ մարդիկ խոչընդոտել են շրջիկ խմբերի աշխատանքը, թույլ չեն ՔՊ-ականները մտնեն տներ ու քվեարկության գործընթացն իրականացնել։

ՔՊ վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որն այս օրերին Գյումրիում է, լրագրողների հետ զրույցում  այդ միջադեպի մասին ասաց․«Ընդհանուր պրոցեսը շատ սահուն է ընթանում, ինչ որ մեկ-երկու փոքր միջադեպեր են տեղի ունեցել, ուրիշ ոչինչ։ Ինչ որ մի խումբ խուլիգանական դրսևորումներով փորձել  է խոչընդոտել շրջիկ խմբի աշխատանքը, բայց, եթե չեմ սխալվում, իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են։ Նման դեպքերը շատ չնչին տոկոս են եղել, որ շրջիկ խմբերին չընդունեն քաղաքացիները, դուռը փակեն։ Այո՛, եղել են, այո՛ մարդիկ կան, օրինակ, որ ասել են, թե իրենց թիմից դուրս ուրիշ թեկնածուի չեն քվեարկի»։

Ըստ Ալեքսանյանի, նախնական ընտրությունների ամբողջ ընթացքը ՔՊ ղեկավարությունը վերահսկում է, բոլոր շրջիկ խմբերը հագեցած են փոքր տեսախցիկներով, ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է։

Անդրադառնալով բուն գործընթացին,  Ալեքսանյանն ասաց՝ քաղաքը պայմանականորեն բաժանել  են 5 մասի, 5 շրջիկ խմբեր աշխատում են 2 հերթափոխով։ Թե ով որ փողոցներում  է քվեարկությունը կազմակերպելու, վիճակահանությամբ է պարզվում։

Իսկ փողոցներում շրջիկ խմբերն արդեն իրենք են ընտրում տները կամ մուտքերը՝ զույգ կամ  կենտ, հաջորդի դեպքում՝ հակառակը։

Ըստ Ալեքսանյանի, քաղաքը  5 մասի բաժանելը ի սկզբանե թույլ է տալիս, որ բոլոր թաղերը հնարավորինս ներկայացված լինեն գործընթացում։ Ամեն տանից 1 քաղաքացի պետք է քվեարկի։

REGIONSTV-ի հարցին՝ մինչ բուն քվեարկությունն արդյոք քաղաքացիներից հարցնում են Գյումրիում հաշվառում ունի, գրանցում ունի, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց, որ ընդամենը հարցնում են գրանցում ունենալու մասին, և միայն դրական պատասխանի դեպքում տվյալ անձը կարող է քվեարկել․ «Ու պիտի ասեմ, որ քաղաքացիները շատ ազնիվ են»։

Այս օրերին նախնական ընտրությունների գործընթացին հետևելու համար Ալեքսանյանի հետ Գյումրիում գտնվող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց․«Մենք հրաժարվել ենք, անձնագրեր չեն ստուգվում, որևէ փաստաթուղթ չենք ուզում քաղաքացիներից, հաշվի առնելով դրա հետ կապված դառը հիշողությունները։ Մեր կուսակցությունը չի պատրաստվում քաղաքացիներից որևէ անձնական տվյալներ վերցնել, հավատում ենք մարդկանց, ովքեր ասում են, որ Գյումրիում գրանցված են, թույլատրում ենք քվեարկել»։

Քվեարկելու իրավունք չունեն փողոցներում հավաքված մարդիկ, աշխատավայրերում, նաև հիվանդանոցներում գտնվողները։

Ըստ բանախոսների,  գյումրեցիները երբեմն նեղանում են շրջիկ խմբերից, քանի որ ոմանց մերժում են։ Եվ պատճառը նաև այն է, որ փորձում են անկանխատեսելիությունը ապահովել, որովհետև եթե նախօրոք իմանան մարդիկ, թե շրջիկ խմբերն ում դուռն են թակելու, գործընթացի վստահության հետ կապված խնդիր կարող է լինել։

Վահագն Ալեքսանյանի խոսքով, շեմքի մոտ մարդկանց տալիս են քվեաթերթիկը, որի վրա գրված են 7 թեկնածուների անունները,  ասում, որ իրենց տանը, բացարձակ գաղտնիության պայմաններում, դռան հետևում քվեարկեն, ծալեն թերթիկն ու նետեն քվեատուփը։ Վստահեցնում են, թե այդպես բացարձակ գաղտնիությունն ապահովված  է։

Գործընթացին  հետևում է նաև  «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը։

Հանրապետությունում  նախնական ընտրություններ անցկացվում են առաջին անգամ, ու մինչ գործընթացի մեկնարկը, պատշաճ իրազեկում տեղի չի ունեցել, ինչի պատճառով էլ գյումրեցիներից շատերը մտածում են, թե սա բուն ընտրական գործընթաց է։ Բայց այն ընդամենը 1 քաղաքական ուժի կողմից իրականացվող, ներկուսակցական ընտրական  գործընթաց է, որի արդյունքում շատ ձայներ հավաքած ՔՊ-ական թեկնածուն կընտրվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Իսկ համապատասխան ժամկետներից հետո արտահերթ ընտրություններ տեղի կունենան, որտեղ արդեն ընտրական օրենսգրքի համաձայն  գյումրեցիները կգնան և իրենց քվեն կտան համապատասխան թեկնածուին։

«Ես կարծում եմ, որ մենք այդ ժամանակ նոր կհասկանանք, թե արդյո՞ք այս գործընթացը արտահայտում  էր օբյեկտիվ պատկերը, թե՝ ոչ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ սա ավելի շուտ սոցիոլոգիական հարցմանը մոտ գործընթաց է, քան բուն ընտրական գործընթացին, և բնականաբար, որոշակի շեղումներ  հնարավոր է որ լինեն»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Արդյո՞ք Գյումրիում չի կրկնվի Վանաձորի օրինակը, որ վարչապետի նշանակած համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակի պաշտոնավարել այնքան, մինչև հերթական ընտրությունների ժամկետը, որպեսզի այս ընթացքում  ՔՊ-ն հասցնի վարչական ռեսուրսներ կուտակել  ու դրանք ընտրապայքարում ի շահ իշխող կուսակցության ծառայեցնել։ Ալեքսանյանն այս առնչությամբ ասաց՝  Գյումրիում, միանաշանակ, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ՝ հնարավորինս շուտ․«Ես ընդհանրապես տրամաբանություն չեմ տեսնում, որ հիմա ինչ որ մեկը հաղթի փրայմերիզը, դառնա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ու չգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Ես դրա տրամաբանությունը չեմ հասկանա, գյումրեցիներն էլ  չեն հասկանա։ Ովքեր որ վարչական ռեսուրսի մոլի երկրպագուներ են,նրանք են էդպես մտածում»։

Այն, որ հենց ՔՊ-ն իրականացնում փրայմերիզը իր կուսակիցների հետ, որոշ դժգոհություններ է առաջացրել  նաև թեկնածուներից ոմանց մոտ։ Ու քանի որ ի սկզբանե ոչ մեկին պարզ  չէր, թե ինչ կերպ է քվեարկությունը կազմակերպվելու, նրանք ևս կասկածներ ունեն օբյեկտիվության հետ կապված։ Ոմանք կարծում  են, որ ավելի լավ կլիներ, եթե որևէ անկախ հասարակական կազմակերպության վստահվեր քվեարկության կազմակերպման գործընթացը։

Ի դեպ, քարոզարշավ այս ընտրությունների ժամանակ չի եղել, բայց թեկնածուները իրենց, այսպես ասած, նախընտրական թերթիկները տպել են, ամեն մեկն իր միջոցների հաշվին ու դրանք տարածել  իրենց հայեցողությամբ։

Քվեատուփերը, ինչպես ասաց Ալեքսանյանը, պահվում են ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում, որը տեսահսկվում է շուրջօրյա։ Ի դեպ, թեկնածուների մուտքն այս օրերին այստեղ արգելված է։  Քվեատուփերը կապարակնքված են, դրանք բացվելու են 3 օրերի քվեարկությունից հետո,  արդյունքներն ամփոփվելու են պարզ հաշվարկի միջոցով։

ՔՊ-ի գրասենյակի տվյալներով, 2500 քվեաթերթիկ է տպվել, եթե հարկ լինի, ինչպես ՔՊ-ն է հայտարարել, կարող են ավելացնել։  Նախանական քվեարկության առաջին օրը  313 քաղաքացի է քվեարկել։ Բանախոսները վստահեցրին՝ հաջորդ օրերին ավելի մեծ կլինի քվեարկողների թիվը, քանի որ առաջին օրը խնդիր է եղել հասցեները գտնելու հետ կապված, հատկապես սեփական տների։

 

 

Կարինե Կազարովա

Նորություններ