Գորիսի «դժոխքը» | Region

Գորիսի «դժոխքը»

Դեկտեմբեր 18,2024 10:57

Մեր ավտոմեքենան հին Գորիսի նոր ասֆալտապատ ճանապարհով սլանում է դեպի Սակալո։ Դա անծանոթներին ոչինչ չի ասում, բայց յուրաքանչյուր գորիսեցի լավ գիտի կենտրոնական աղբավայրի անունը։ Աղբավայրը գտնվում է Գորիս գյուղից ընդամենը 1,5-2 կմ հեռու, Լաստ սարի (Լաստի խութ) հետևի մասում, Գորիս քաղաքի բարձրադիր հատվածում։

Մեքենայով առաջ ընթանալն այլևս անհնարին է դառնում, բայց օգնության հասած ընկերոջս ամենագնացով շարունակում ենք ճանապարհը և հասնում Գորիսի «դժոխք»  (դժոխքը`  հավիտենական կրակ հասկացությամբ)։

Այստեղ ամառ թե ձմեռ կրակ կա, մշտապես այրվում է ոչ միայն Գորիս համայնքից, այլ նաև հարակից բնակավայրերից տեղափոխվող կենցաղային և շինարարական աղբը։ Ծուխն ու հոտն անհնարին են դարձնում ավելի մոտենալը, իսկ փչող քամին կրակն արագորեն տարածում է`նորանոր հատվածներ առնելով իր ճիրանների մեջ։ Ծուխը տարածվում, մեգի պես պարուրում է Գորիս քաղաքը։

Տարածքի հրդեհը մարելու միտմամբ տսրվա տարբեր եղանակներին (հատկապես ամռանն ու աշնանը),  հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում Գորիսի  փրկարարական ջոկատի կողմից,  սակայն խնդիրը ոչ մի կերպ վերջնական լուծում չի ստանում։

Բնապահպան Արմեն Բալայանի խոսքով՝ քաղաքին մոտ գտնվող աղբավայրերի այրումը խստիվ արգելվում է, քանի որ դրա պարունակության մեջ, բացի կենցաղային աղբից, կարող են շինարարական և արդյունաբերական թափոններ լինել։ «Աղբավայրերում ժամանակի ընթացքում սկսվում է կենսագազի ինտենսիվ արտադրություն, որի մեջ կեսը CH4 է, մյուս կեսը CH2, այսինքն, մեթան և ածխաթթու գազ։ Այն այրման ընթացքում կարող է անգամ պայթյունի հիմք հանդիսանալ։ Բացի այդ, այրման ընթացքում օդ են բարձրանում վտանգավորության տարբեր աստիճան ունեցող գազեր, որոնք մարդկանց մոտ կարող են առաջացնել շնչառական ուղիների տարբեր հիվանդություններ»,-նշում է բնապահպանը։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը վստահեցնում է. «Գալիք տարում աղբավայրն անպայման կփակվի և կտեղափոխվի քաղաքից մոտ 4կմ հեռավորության վրա գտնվող այլ տարածք։ Արդեն նախագիծն ենք պատրաստում, աղբավայրն անպայման պետք է փակվի։  Նախատեսվում է  նաև հողը փոխելու, լիցք անելու արդյունքում տարածքն ամբողջությամբ կանաչապատել։ Ավելին, միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն արդյունքում աղբի մշակման գործընթաց ենք սկսել, որն իր մեջ մի քանի փուլ է ներառում` աղբի տարանջատում և մշակում»։

Մինչ բնապահպանները կահազանգեն, իսկ համայնքապետարանը քայլեր կձեռնարկի, գորիսեցիների բերքը Սակալոյի դժոխքից այս գույնը կստանա։

Արևիկ Աբելյան

Նորություններ