«Բոլոր մարզաձևերից գյումրեցի մարզիկներն այս տարի 75 մեդալ են նվաճել․ նույնիսկ Խորհրդային տարիներին Լենինականն այսքան մեդալ չի ունեցել»․չեմպիոնները քաղաքապետարանում էին | Region

«Բոլոր մարզաձևերից գյումրեցի մարզիկներն այս տարի 75 մեդալ են նվաճել․ նույնիսկ Խորհրդային տարիներին Լենինականն այսքան մեդալ չի ունեցել»․չեմպիոնները քաղաքապետարանում էին

Դեկտեմբեր 19,2024 19:32

2024 թվականի ամենաուժեղ մարդը գյումրեցի Վարազդատ Լալայանն է ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիները հյուրընկալվել էին Գյումրու քաղաքապետարանում

«Պիտի արձանագրենք, որ 2024 թվականի աշխարհի ամենաուժեղ մարդը գյումրեցի է։ Դա Լալայան Վարազդատն է, ով  ծանրամարտի առաջնության գերծանր քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն»,-այս մասին այսօր Գյումրու քաղաքապետի պաշտանակատար Սարիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց չեմպիոնի անձնական մարզիչ Կարեն Կարապետյանը։

Բահրեյնում օրեր առաջ անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը գյումրեցի ծանրորդներից 2-ն են մեդալներ նվաճել՝ 25 ամյա Վարազդատ Լալայանը՝ ոսկե, իսկ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե։

Նրանց այսօր հանդիպման էր հրավիրել էր Գյումրու քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը նկատեց՝ գյումրեցիների հաղթանակը Հայաստանի ծանրամարտի հավաքականի գրանցած արդյունքների 60 տոկոսն է եղել։

«Էլի մեդալների ակնկալիք ունեինք, բայց չստացվեց։ Սպորտային բախտ է, էս անգամ մի քիչ երես էր թեքել, լավ է, Վարազդատը հետ բերեց,-ասաց նա։

«Սպորտը պայքար է, էնպես չէ, որ միշտ հաղթելու ենք բոլորս, կարևորը, մեր գյումրեցի մարզիկները մեծ կամք ունեն, անհաջողությունները իրենց չեն կոտրում, նույն  եռանդով, ավելի շատ ուժ դնելով կմարզվեն, հաջորդ տարի էլի կունենանք  մեդալներ։ Այս տարի էլ, որքան տեղեկացա, բոլոր մարզաձևերից, տարբեր տարիքի մարզիկները 75 մեդալ  են բերել Գյումրի։ Նույնիսկ պարոն Ղազարյանը կատակում  է, թե Սովետական Միության ժամանակ էլ  էսքան մեդալ  չենք ունեցել  Լենինականից։  Մեր՝ գյումրեցիներիս, պարծենկոտությունը հիմնավորված է, դա փաստ է»,-մարզիկներին շնորհավորելիս ասաց Սարիկ Մինասյանը։

Վարազդատ Լալայանն այս տարի միջազգային 6 մրցաշարերի է մասնակցել, այդ թվում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ,  Աշխարհի գավաթի մրցաշարներ, օլիմպիական խաղեր։ Բոլոր մրցումներում  նա ոսկե մեդալներ է նվաճել, բացի օլիմպիական խաղերից, որտեղ Վարազդատը արծաթե մեդալակիր է դարձել։

Անձնական մարզիչ Կարեն Կարապետյանը պատմեց, Աշխարհի այս առաջնությանը, որը Ասիական Բահրեյն պետությունում էր անցկացվում, մասնակիցների մեծամասնությունն էլ ասիական երկրների  ներկայացուցիչներ էին։ Ամբողջ Եվրոպայից միայն 2 տղամարդ մասնակից է եղել,  մեկը բուլղարացի ծանրորդն էր, մյուսը՝ Վարազդատ Լալայանը։

«Հետաքրքիր է, որ նախավերջին օրը բոլորը մտածում էին, որ գերծանր քաշային կարգում էլ հաղթողը պիտի լինի Ասիայի ներկայացուցիչ։ Երևի թե ամբողջ աշխարհում 3 կամ 4 մարդ կարող էր հավատալ  Լալայանի հաջողությանը, որից մեկը հենց ինքը՝ Վարազդատն էր։ Պահպանվել  է նրա խոսակցությունը։ Վարազդատը, երբ գնում էր մրցումների, ավտոբուս նստելուց առաջ ինձ ձայնային հաղորդագրություն է ուղարկել, ասում էր՝ «գնացի, ամեն ինչ շատ լավ կլինի, սպասես իմ զանգին»։ Ու ես սպասեցի իր զանգին»,- պատմեց մարզիչը։

Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն։

Մարզիչն ասաց, որ Վարազդատը շատ վստահ էր իր ուժերի վրա, ճիշտ է, այն բարձր կիլոգրամները, ինչ բարձրացրել  էր օլիմպիական խաղերի ժամանակ, այստեղ չէր հասցրել բարձրացնել, բայց  տրամադրված էր շատ լավ, վնասվածք չի ունեցել։

Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն էլ նշեց․«Մենք երկար տարիներ ենք սպասել  այս արդյունքին, քանի որ դիմացը կար Լաշա Տալախաձե, տաղանդավոր մարզիկ, որը ամեն անգամ խոչընդոտ էր հանդիսանում թե՛ Մինասյան Գոռի, թե՛ Լալայան Վարազդատի համար, ուստի, հիմա հնարավորություն է ստեղծվել, որ նույնիսկ օլիմպիական մեդալի համար կարող ենք պայքարել։ Հուսով եմ՝ 2028 թվականին մենք այդ մեդալը կունենանք»։

Վարազդատի մարզչն էլ հավելեց՝ Տալախաձեն չկա, կան մյուսները․«Մենք պիտի ձգտենք, պայքարենք, որովհետև 10 տարի է՝ Լալայանը ցույց է տալիս, որ ինքը միշտ ունեցել է բարձր արդյունքներ ու հաջողություններ պատանի տարիքից՝ մինչև մեծահասակներ»։

Մարզիչի խոսքով՝ երբ արդեն հայտնի դարձավ, որ միջազգային մրցաշարերում Վարազդատի գլխավոր մրցակիցը՝ Լաշա Տալախաձեն, այլևս առաջնություններին չի մասնակցելու,Վրաստանում քաղաքականությամբ է զբաղվելու, Լալայանը արդեն իսկ կարող էր ձեռնոց նետել  օլիմպիական խաղերին․«Ուղղակի մի փոքր տեխնիկական թերություն եղավ, այլապես  Լալայանը կարող էր լինել օլիմպիական չեմպիոն»։

2024 թվականը արդյունավետ տարի է եղել  նաև Ալեքսանդրա Գրիգորյանի համար։ Մարզիչ Քրիստինե Պետրոսյանի խոսքով՝ Ալեքսանդրան այս տարի մասնակցել  է 4 միջազգային մրցաշարերի։ Առաջինը մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նվաճեց ոսկե մեդալ,  փայլուն հաղթանակ։ Հետո ուսի վնասվածք ունեցավ, վիրահատվեց,  3 ամիս անց, վերսկսեց մարզումները։ Դրանից հետո մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությանը, նվաճեց բրոնզե մեդալ, այնուհետ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը՝ ոսկե մեդալ , իսկ օրեր առաջ էլ մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Նա երկամարտի 205 կգ արդյունքով  նվաճեց բրոնզե մեդալ։

«2009 թվականից հետո մենք մեծահասակների աշխարհի առաջնությունում մեդալակիր չենք ունեցել, եղել է Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոն։ Իսկ հիմա  ունեցանք բրոնզե մեդալակիր, ի դեմս Ալեքսանդրայի։ Շատ հեռանկարային մարզիկ է»,- ասաց աղջկա մարզիչը։

«Քաշող ուժ է սպորտը մեր քաղաքի մեջ։ 2024 թվականին մեր քաղաքը ճանաչվեց ԱՊՀ սպորտային մայրաքաղաք, դա պատահական չէր։ ԱՊՀ, նաև այլ  երկրներից առաջարկներ կային, թե ինչու նման սպորտային քաղաքը չի ուզում Եվրոպայի և աշխարհի առաջնություններ անցկացնել։ Ներկայումս մեր հանարավորությունները դա թույլ  չեն տալիս։ Ուստի, երբ ավարտին հասցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, մենք կկարողանանք նման մրցաշարեր անցկացնել»-վստահեցրեց Մեխակ Ղազարյանը։

Սարիկ Մինասյանն էլ հավելեց՝ Գյումրին դարձնենք աշխարհին ճանաչելի, առաջին գծում կռվողները, մեր մարզիկներն են․«Նրանցով հետաքրքրված քաղաքացիներին կբերենք մեր քաղաք։ Զարգացնենք Գյումրին, այդ գործում  ձեր այս մեդալները շատ մեծ դեր կխաղան։ Դրա համար էլ  մենք պարտավոր ենք միշտ ձեր կողքին լինել։ Եթե քաղաքում մեծ սպորտային միջոցառումներ անցկացվեն, ապա կսկսեն ենթակառուցվածքներն ավելի շատ զարգանալ, այսինքն սպորտը և համայնքային կյանքը միմյանց հետ շատ սերտաճած են, մեկը մյուսի հետ կապ ունի, բոլորս պիտի թիկունք թիկունքի լինենք, մտածենք, որ Լենինականը այլևս պիտի աղքատ քաղաք չհամարվի։  Դուք էլ շատ մեծ ներդրում ունեք անելու»։

Այս տարի գյումրեցի մարզիկներն, ինչպես նկատեց Մեխակ Ղազարյանը, օլիմպիական ոսկի չունեցան դա ամենաբարձր գնահատանքն է քաղաքի համար։ Հիշեցրեց՝   Արթուր Ալեքսանյանի մեդալը, այսպես ասած, հետ վերցնելու ուղղությամբ դատական գործընթացները շարունակվում են։

Այս տարի օգոստոսին Փարիզում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ Արթուր Ալեքսանյանին արծաթե մեդալ էր տրամադրվել, ինչը մարզիչների կարծիքով անարդար մրցավարության հետևանք էր։ ՀՀ կրթության, գիտության , մշակույթի, սպորտի նախարարությունը  բողոքարկում  է այդ որոշումը։

 

Կարինե Կազարովա

Նորություններ