«Մեր զգագացմունքների հետ են խաղում»․մոտ 1,5 տարի առաջ 12 մարդու կյանք խլած ավտովթարի գործով դատական նիստերն անընդհատ ձգձգվում են, նիստի ժամերը նշանակվում են օրվա ավարտին մոտ
2023 թվականին 12 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքով մեղադրյալ Համլետ Պետրոսյանը կալանավորված չէ։ Նրա նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը հերթական անգամ երկարաձգվեց ևս 3 ամսով։
Անցած տարի ամռանը 12 մարդու կյանք խլած ավտովթարի գործով հերթական դատական նիստն էր այսօր։ Մեկ տարուց ավելի է՝ այս դատական նիստը դեռևս նախնական դատավարության փուլում է։ Դատական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում է։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ու կես տարի առաջ Երևան- Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ բնակավայրի հատվածում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, բեռնատարը բախվել էր զբոսաշրջիկներ տեղափոխող «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի մարդատար ավտոմեքենային։ Ողբերգական այս ավտովթարի հետևանքով զոհվել էր 12 մարդ, 4-ը մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել։
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին ժամը 00:20-ի սահմաններում, Համլետ Պետրոսյանն իր կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ․«Նա, հասնելով Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածք, հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված՝ առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, շարունակել է երթևեկությունը։ Ապա ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ, ինչի արդյունքում իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ։ Ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 քաղաքացի։ Նրանք բոլորն էլ եղել են «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայում։ Մեքենայի վարորդը նույնպես մահացել է, մեքենայի մեջ զբոսաշրջիկներ էին»։
«Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Համլետ Պետրոսյանը ձերբակալվել էր, իսկ 2024 թվականի հունիսի 19-ից Առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց կալանքը 4 մլն դրամ գրավով փոխարինվել է տնային կալանքով։ Սա հարուցել էր գործով տուժողների ու նրանց իրավահաջորդների դժգոհությունը։
Ավտովթարի հետևանքով մահացած զբոսավարի՝ Մուշեղ Էլոյանի, փոխարեն տուժող ճանաչված նրա հոր՝ Արայիկ Էլոյանի՝ դատարանում շահերը ներկայացուցիչ փաստաբան Դավիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ գործը դատարան մտնելուց հետո անցել է ավելի քան 7 ամիս, սակայն գործի բուն դատաքննությունը դեռ չի սկսվել։
Նրա խոսքով՝ դատական նիստերը շատ ուշ են նշանակում, այսինքն՝ մեկ, մեկուկես ամիս միջակայքով, ինչի պատճառով ձգձգվում են նիստերը։ Բացի այս, ինչպես փաստաբանն ասաց, նախագահող դատավորը գիտի, որ սույն քրգործով տուժողները Հայաստան տարբեր մարզերից են․«Կան մարդիկ, որոնք նախկինում բնակվել են Արցախում։ Նման ձգձգումներով են դատական նիստերի օրեր նշանակում, կամ՝ երեկոյան ժամը 4-ին, 5-ին, մարդիկ հավաքվում են, մինչև ներկայանում են, արդեն նույնիսկ հարցեր չեն կարողանում քննարկել։ Դատավորը հայտարարում է, որ աշխատանքային ժամը մոտեցել է ավարտին և դատական նիստը ենթակա է հետաձգման»։
Սա, բնականաբար, ըստ փաստաբանի, առաջացնում է տուժողների ողջամիտ և բնական զայրույթը․«Նրանք հաճախ խոսում են ինքնադատաստանի՝ իրենց բնական իրավունքը իրացնելու մասին, հայտարարելով, որ մեկ է՝ դատարանում իրենք արդարադատություն չեն գտնի»։
Մահացած ուսանողուհի Հելեն Դադայանի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանն մեզ հետ զրույցում ասում է՝ այս ամիսների ընթացքում դատարանում դեռ վերլուծության չի ենթարկվել ավտովթարը։ Նա Երևանից է գալիս Գյումրի, նիստերին մասնակցելու։
«Առայսօր անընդհատ խոսվում է հայցի մասին, վկաների մասին, բայց կոնկրետ դատական գործընթացը լիարժեք փուլի մեջ չի մտել։ 2 անգամ արդեն երկարաձգվել է մեղադրյալի տնային կալանքը և այսօր նորից պիտի երկարաձգվի, որովհետև դեկտեմբերի 26-ին լրանում է հերթական տնային կալանքի երկարաձգման ժամկետը»,-ասաց Ալվարդ Սաֆարյանը։
Նրա դիտարկմամբ՝ դատական գործընթացն այնքան դանդաղ է զարգանում, որ թվում է, թե այն չի էլ հասնի կոնկրետ փուլին․«Կարծես ։ Ամեն անգամ գալիս ենք Գյումրի, մտնելով նիստերի դահլիճ, ականատես լինելով, թե ինչպես պիտի ներկա, բացակա անեն ու առավել ևս դատական նիստը կարճ տևի, ու արագ հետաձգվի, հիասթափություն ենք ապրում։ Գնում ենք տուն ու մտածում՝ մինչև երբ։ 12 ընտանիքում կորուստ է եղել, այդ կորստի տեղը ոչինչ չի կարող լրացնել»։
Ալվարդ Սաֆարյանը կասկած հայտնեց՝ հնարավոր է դատական նիստերը ձգձգումը միտումնավոր են անում։
Ամբաստանյալ Համլետ Պետրոսյանը, որն այսօր դատական նիստը սկսելուց առաջ համաձայնություն տվեց նիստը լուսաբանել, այդ թվում՝ նրան լուսանկարել, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով որով նախատեսված է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով։
Փաստաբան Դավիթ Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց՝ քանի որ հիմա մեղադրյալը տնային կալանք խափանման միջոցի տակ է, և եթե հետագայում դատարանը որոշի պատժի միջոց ազատազրկումը, ապա տնային կալանքի տակ գտնված օրերը հաշվակցվելու են և մեղադրյալի պատժաչափը լինելու է անհամեմատ ավելի նվազ․«Այսինքն, եթե դատավարությունը շարունակվի 2-3 տարի, ապա այդքան ժամանակ մեղադրյալը կգտնվի տանը, իսկ իր պատժաչափից այդ ժամանակահատվածը դուրս կհանվի, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ»։
Իսկ տուժող կողմը պատշաճ արդարադատություն է ակնկալում դատարանից։ Ըստ փաստաբանի, տուժողներից շատերն արդեն դատական նիտերին չեն էլ ներկայանում, հիասթափվել են նիստերի անհարկի հետաձգումներից։
«Տուժողներ կան, որ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ համայնքներից են գալիս, որտեղից Գյումրի հասնելը 6-7 ժամ է, և մարդիկ գալիս են, 30, 40 րոպե դատական նիստի են մասնակցում, դատական նիստը հետաձգվում է։ Օրինակ՝ դեպքեր կան, որ կարելի է հետաձգումների հիմքերը ուղղակի բացառել։ Մոտ 30, 40 մարդու դատավորը հանրապետության տարբեր համայնքներից բերել, հասցրել է Գյումրի քաղաք, իջել դատական նիստին հրապարակել է, որ բացի մեղադրյալից գույքային պատասխանող է նաև ապահովագրական ընկերությունը և հաջորդ նիստի համար որոշել է ծանուցագիր ուղարկել։ Մինչդեռ, մոտ մեկ, մեկուկես ամիս ժամանակ ունեին, կարող էին ծանուցագիրը ուղարկել նախապես, այլ պատասխանողի ներկայությունը նույնպես ապահովել և էս հիմքով դատական նիստը ուղղակի չհետաձգել»,-նշեց փաստաբանը։
Մինչ այս, դատական այս նիստը չի լսուսաբանվել։ Զոհվածների հարազատներն ու փաստաբանը կարծում են, որ այսպիսի անհարկի ձգձգումների պատճառ կարող է լինել նաև այն որ, դատական գործընթացը հանրության աչքից հեռու է, քանի որ չի լուսաբանվում։
Այսօր դատական նսիտին երկու լրատվամիջոց էր ներկա, ու որոշակի առաջընթաց գրանցվեց դատավարության ընթացքում՝ նախագահող դատավոր Արփինե Շտոյանը նախնական դատավարությունն ավարտեց ու անցավ բուն դատական գործընթքացին։ Մեղադրյալի տնային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով։
Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը երբ ընթերցեց մեղադրական եզրակացությունը, մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկություն հայտնեց, նշելով, թե մեղադրական եզրակացությունը իրականությանը չի համապատասխանում։ Ըստ նրա, նախաքննության ժամանակ իրեն թույլ չեն տվել, որ մասնակցի վթարված ավտոմեքենաների փորձաքննությանը, խոչընդոտել են։
«Անձամբ ես 2 գրություն եմ գրել, որ թույլատրեն մասնակցել փորձաքննությանը։ Ամիսը չեմ հիշում, բայց ամսի 10-ից 13-ի հատվածն էր։ Հետո հետին ամսաթվով թույլտվությունն եկավ, մտավ էդ գործի մեջ։ Ինչ է, որ ես չտեսնեմ էդ մեքենաները և փորձաքննությանը չմասնակցեմ»,-դատարանում ասաց Բալոյանը։
Դատական նիստի ժամանակ նա նշեց, որ ինքը վթարի օրը հեռարձակված տեսանյութում տեսել է մեքենաներից մեկի սպիդոմետրը, որը հետագայում այդ մեքենայում չի եղել։
Դատավարությունը կշարունակվի հաջորդ տարի։
Կարինե Կազարովա