«2016 թվականի ապրիլի պատերազմը փոխեց իրերի դասավորությունը» | Region

«2016 թվականի ապրիլի պատերազմը փոխեց իրերի դասավորությունը»

Հունվար 18,2017 15:28

ԳԱԼԱ-ն զրուցել է անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուսաստանցի վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:

-Պարոն Տրոֆիմչուկ, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի և կատարվածի վերաբերյալ ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունների վերաբերյալ:

—Նախ և առաջ կարևոր է ընդգծել, որ կտրուկ աճել է հայ հասարակության ներկայացուցիչների բողոքարկումների թիվը, այդ թվում՝ լրագրողների, իրենց ռուսաստանցի կոլեգաների նկատմամբ՝ ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված: Իսկ ռուսաստանյան կողմին չի կարելի խուսափել նման ուղիղ հարցադրումներից: Ի վերջո, Հայաստանը ՆԱՏՕ-ի կազմում չէ ընդգրկված:

Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ առանձնացնել Հայաստանի պաշտպանության հարցն ինքնին հայկական տարածքների և այն տարածքների, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտությանը, ոչ թե հայերի դաշնակիցների ուժի, այլ թուլության արտահայտություն է, որովհետև իբրև թե փրկօղակ հանդիսացող իրավական կարգավորումների հետևում թաքնվել երկար չի հաջողվի: Օրինակ՝ ինչ վերաբերում է Նախիջևանի շրջակայքին, դա մտնո՞ւմ է, թե չի մտնում ՀԱՊԿ-ի, այսպես ասած, պարագծի մեջ: Ուստի անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի հստակ դիրքորոշումը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք կոնկրետ դեպքում անհանգստացնում են Հայաստանին: Բայց այդ դիրքորոշումը չկա, այդ իսկ պատճառով Երևանն իրավունք ունի գնահատել դա որպես պատճառաբանություն, առավել ևս երբ խոսք է գնում երկրի Տավուշի մարզի մասին:

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիների բաժանումն ըստ անկայունության, զուտ իրավական հիմնավորումներով քողարկված, գործնականում անհնար է: Ավելին, ցանկացած լուրջ ռազմական միավորում միշտ պատրաստ է ընդլայնվել, այլ ոչ թե նեղացնել իր ամբիցիաներն ու սահմանները, այլապես դա կլինի ոչ թե ռազմական, այլ լավագույն դեպքում կլինի քաղաքական կառույց, վատագույն դեպքում՝ ոչինչ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ եթե այդ կառույցի աշխատանքը չի գոհացնում Ադրբեջանին, հիմա նաև Հայաստանին, ուրեմն այդ կառույցի կազմն անհրաժեշտ է վերանայել:

Տարօրինակ է, որ այնտեղ դեռևս աշխատում են ինչ-որ մարդիկ, ովքեր ոչ միայն ունակ չեն բեկումնային գաղափարների նախաձեռնողականություն ցուցաբերել, այլև անգամ կատարել այն, ինչ նախատեսված է, մասնավորապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմից հետո:

Օրինակ՝ ես շատ անգամ եմ դրել հարցադրումը՝ ինչո՞ւ այդ հանրահայտ խմբի կազմում ես չկամ կամ մեկ ուրիշը, այսինքն այնպիսի մարդիկ, ովքեր շարունակաբար զբաղվում են ղարաբաղյան թեմայով:

Հավատացեք, ես չէի հեռանա բարդ և սուր խնդիրներից, այլ հակառակը, հենց դրանով կզբաղվեի: Եվ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում չկան Բաքվի և Երևանի համար անհրաժեշտ մարդիկ, դուք մշտապես կդնեք հարցադրումը պատասխանատու անձանց «անատամ» հայտարարությունների վերաբերյալ: Խոսել պարզապես խոսելու համար, բանակցություններ վարել լոկ բանակցելու համար պետք է բացառվեն, որովհետև այսպիսի ձևաչափը հիմա արդեն ձեռնտու չէ, ինչպես նկատելի է, նաև Հայաստանին:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ-ի այս պահվածքը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

—Դեռևս ոչ, սակայն երկարաժամկետ հեռանկարում բացառել չի կարելի: Առավել ևս հաշվի առնելով այն, որ ի հայտ եկավ ԱՄՆ-ի նոր վարչակազմը, որն իր վերահսկողության տակ կառնի հակամարտություններն աշխարհի առանցքային կետերում, որպեսզի բոլոր հակամարտությունների պարագայում կարողանա ձևավորել սեփական դիրքորոշումը և գործողությունների պլանը:

Կարծում եմ՝ հայերը ժամանակից շուտ են տխրել՝ կարծելով, որ քվեարկության արդյունքներով ԱՄՆ-ում չեն անցնում իրենց իբրև թե «հայամետ» թեկնածուները: Վաշինգտոնի դիրքորոշումը լիարժեքորեն կարող է ազդել բոլոր հարաբերությունների վրա, որոնք կապված են հայաստանյան և ղարաբաղյան թեմատիկայի հետ, որի հետ ամուր կապված են հայ-ռուսական հարաբերությունները: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը և ՀԱԿՊ-ն պետք է հաշվի առնեն հավասարեցման պայմանները: Հայաստանի դժգոհությունը՝ ՀԱՊԿ-ի աշխատանքի հետ կապված, խոսուն կերպով աչքի է զարնում:

Եվ մենք՝ որպես դիտորդներ, իրավունք չունենք դա չնկատել:

-«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ, իմաստություն և, անկասկած, դիվանագիտական միջոցները, օգտագործել բոլոր հնարավորություններն այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: Այս հայտարարության վերաբերյալ Ձեր կարծիքը:

—Հայաստանը և Ադրբեջանը տեսականորեն պետք է ունենային իմաստություն վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում: Խնդրի լուծման լարված որոնումների արդյունքն էր 2016 թվականի ապրիլյան պատերազմը: Այդ իսկ պատճառով խաղաղության և բարեկամության համընդհանուր կոչերի կրկնությունն, իհարկե, կարող է շարունակվել, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ պատերազմն արդեն տեղի է ունեցել, և հիմա կարևոր է այն դադարեցնել:

Հասարակ լոզունգներով դա անել հնարավոր չէ, անգամ մեծ ցանկության պարագայում: Ավելին, այդ կոչերն ակնհայտ նյարդայնացնում են և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, որովհետև նրանք կարծում են, որ հենց Ռուսաստանն է ձեռքը պահում հակամարտության կարգավորման զարկերակի վրա, դրա համար քննարկում են կարծիքներ՝ բուն խնդրի լուծման պատասխանատվությունից փախչելու փորձերի վերաբերյալ:

Բնականաբար, Ռուսաստանը չի մնա ղարաբաղյան իրադարձություններից բոլորովին մի կողմ քաշված, քանի որ հատկապես ինքն է առաջարկել կողմերին գտնել փոխզիջման տարբերակներ:

Ռուսաստանյան կողմը հունվարի 12-ի հայտարարությամբ պարտավոր էր հաշվի առնել այն փաստը, որ բախումը տեղի էր ունեցել ղարաբաղյան հակամարտության ավանդական գոտուց դուրս, որն իր մեջ այլ սպառնալիք է պարունակում:

ՀԱՊԿ-ի անմիջական խնդիրն էր տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասների պարզաբանումը՝ հաշվի առնելով երկու կողմերի կարծիքների տարբերությունը:

— Ի՞նչ եք կարծում, կողմերը մո՞տ են խնդրի հանգուցալուծմանը: Ո՞րն է Մոսկվայի դերակատարությունն այս հարցում:

-Կողմերը հեռու են ղարաբաղյան խնդրի կարգավորումից, քան երբևէ: Մինչ 2014 թվականը, երբ փոխվեց համաշխարհային իրավիճակը, նրանք մաքսիմալ մոտ էին խնդրի լուծմանը:

2016 թվականի ապրիլի պատերազմը փոխեց իրերի դասավորությունը, որովհետև փոփոխության ենթարկվեցին հակամարտության տարածքային սահմանները: Հիմա դրանից դուրս կհոսի ինչ ասես, և Տավուշի մարզում տեղի ունեցածն այդ շարքի շարունակությունն է:

Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործում չափազանց մեծ է, բայց ակնհայտ է, որ նա էլ չունի կոնկրետ մեթոդներ, և այդ պատճառով իմաստության կոչ է արվում անմիջականորեն հակամարտող երկու կողմերին:

Դրա համար Մոսկվայից պետք է սպասել նոր մարտահրավերներ՝ ուղղված աշխարհին, ինչպես նաև բանակցային գործընթացի շարունակություն, հակամարտության լուծում քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական մեթոդներով:

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս ասում եմ այս ամենը, կարծես թե ամեն ինչ ճիշտ է, սակայն զգում եմ, որ դրանցում չկա ամենակարևորը՝ հույսը, կա միայն ընդհանուր վայր և վաղուցվանից ծանոթ, ծեծված արտահայտությունների կրկնություն:

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Նորություններ