Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլների․ 38 տոկոսով ավելացվել է նրանց հարկային բեռը | Region

Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլների․ 38 տոկոսով ավելացվել է նրանց հարկային բեռը

Հունվար 20,2025 20:33

Շիրակի մարզի փաստաբանները բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։ Փաստաբանների հարկային վճարները 2025 թվականի հունվարի 1-ից աճել  են 38 տոկոսով։ Հայաստանի փաստաբանների պալատը դիմել  է կառավարություն՝ օրենքը վերանայելու համար, հակառակ դեպքում՝ բողոքի ցույցեր կկազմակերպեն, ընդհուպ մինչև գործադուլի կգնան

Շիրակի մարզի փաստաբանները դժգոհում են, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն, միանգամից մոտ 40 տոկոսով ավելանում է փաստաբանների և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց հարկային բեռը։

Նոր կարգավորումներով մասնագիտական, այդ թվում՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների ոլորտը  շրջանառության հարկի եժիմից անցել է հարկման ընդհանուր համակարգ։ Նրանց պարտավորվում է վճարել ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։

Փաստաբաններն այսօր Գյումրիում հրավիրված ասուլիսում հայտնեցին, որ փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8  անգամ՝ 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն փաստաբանները հարկվում են ավելացված արժեքի հարկով, որի դրույքաչափը՝ 20 տոկոս է և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս։

«Այսինքն, փաստաբանները միաժամանակ հարկվելու են 2 հարկատեսակներով՝ ընդհանուր 43 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն։ Փաստաբանների հարկային բեռը դառնում է ստացված եկամտի գրեթե 50 տոկոսի չափով, եթե նկատի ունենանք նաև մյուս ծախսերը՝ դրոշմանիշային, կենսաթոշակային վճարները, մեր կատարած անդամավճարները, վարձակալական գումարները»,- ասաց փաստաբան Գայանե Գևորգյանը և հավելում․ «Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի առաջին հոդվածում նշվում է, որ ԱԱՀ վճարողներ հանդիսանում են այն անձինք, ովքեր որևէ ապրանք են ներմուծում Հայաստանի Հանրապետություն, կամ տալիս են ինչ որ արտադրանք։ Տվյալ պարագայում ուղղակիորեն հարց է առաջանոմ, թե ո՞ր գործունեության ոլորտին է համապատասխանում փաստաբանական գործունեությունը, այսինքն փաստաբանները ի՞նչ են արտադրում կամ ներմուծում, որ ԱԱՀ-ով են հարկվելու»։

Փաստաբանը Պետական Եկամուտների Կոմիտեի հիմնավորումներին անդրադանալով, ասաց՝ ՊԵԿ-ից հայտնել են՝ հավանական է, որ փաստաբանական ծառայություն մատուցվի ԱԱՀ-ով հարկվող ընկերությանը և դրա համար էլ, ինքնըստինքյան, փաստաբանական գործունեությունը պետք է ընկնի ԱԱՀ-ի բեռի տակ։

«Իրականում, նման ձեռնարկությունը արդեն իսկ ԱԱՀ-ով հարկվում է մինչև փաստաբանական ծառայության դիմելը, և բնականաբար, կրկնակի հարկման մեթոդն էլ չի կիրառվում ՀՀ-ում։ Ենթադրվում է, որ չպիտի կիրառվեր, բայց արի ու տես, որ իրականում ֆինանսատնտեսական ընկերությունները ոչ միայն իրենք են վճարելու ԱԱՀ, այլ նաև փաստաբանները։ Եթե Երևանում լրիվ այլ իրավիճակ է, ապա հանրապետության բոլոր մարզերում գրեթե նույն վիճակն է, ինչ Շիրակի մարզում։ Այստեղ գրեթե ձեռնարկությոններ չկան, հիմնական հարկային պարտավորությունները, որ իրականացվում են, մասնաճյուղերն են անում, քանի որ գլխամասը գտնվում է Երևանում։ Անտրամաբանական է ստացվում փաստաբանական համայնքին ԱԱՀ-ով հարկվող բեռի տակ ներառելը»,- նշեց Գևորգյանը։

Գյումրիում աշխատող փաստաբանները  օերնսդրական այս փոփոխության հետրանքով իրենք ստիպված թանկացնել իրենց ծառայությունները, դա նշանակում է, որ քաղաքացիների մեծ մասի համար փաստաբանական ծառայությունները անհասանելի կլինի, ինչի պատճառով կոտնահարվի իրավաբանական օգնությունից օգտվելու նրանց սահմանադրական իրավունքը։

Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ հավելեց՝  հարկային բեռի ավելացումը նաև լրացուցիչ ծախսեր է ստեղծելու քաղաքացիների համար, որովհետև այսօր դատաիրավական համակարգն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով առնչվում է այդ համակարգի հետ, առանց փաստաբանի օգնության չի կարող իր շահերը պաշտպանել։

Փաստաբան Արինա Մեծոյանն էլ նկատեց՝ գրեթե 99,9 տոկոսով խորհրդատվություններն անվճար են եղել,  բայց ներկա պահին անգամ եթե փաստաբանը ընտանիքի անդամին խորհրդատվություն տրամադրի ոչ տանը, օրինակ՝ դրսում, ու դա  նկատելի լինի, փաստաբանը կտուգանվի  ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար․«Այսինքն, ստացվում է, որ եթե մենք նախկինում իրավունք ունեինք անվճար խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին, մեր բարի կամքը դրսևորելով, ապա դա ևս փակվում է քաղաքացիների առջև»։

Փաստաբանները նշեցին, որ  հարկային աս փոփոխությունը անդառնալի հետևանքներ կարող է թողնել  իրավապաշտպան գործունեության ոլորտում։ Նրանք դեմ չեն հարկերի բարձրացմանը, քանի որ կյանքը թանկացել է, բայց իրենց հարկային բեռի բարձրացումը պետք է լինի խելամիտ։

Փաստաբանները դիմել են կառավարություն՝ օրենքի վերանայման խնդրանքով։ Կսպասեն մինչև փետրվարի կեսերը, եթե որևէ արձագանք չլինի, ապա բողոքի  ցույցեր են անելու, ընդհուպ մինչև գործադուլ։

Ըստ փաստաբանների, 20 տոկոսով էլ նոտարների հարկային բեռն է ավելացել։ Նաև նոտարներն են կառավարություն դիմել՝ որոշումը վերանայելու առաջարկով։

Նրանց կարծիքով՝ կառավարության այս որոշումը հակասում է վարչապետի տարիներ առաջ արած հայտարարություններին՝«քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Վստահեցրին՝ այս դժվար սոցիալական պայմաններում հարկային բեռի նման բարձրացումը բոլորի մոտ է դժգոհություններ առաջացրել։

Նշեցին՝ հանրապետությունում մոտ 4000 փաստաբան կա, ովքեր իրենց ընտանիքներով մեծ ընտրազանգված են,  իսկ առջևում ընտրություններ են ու կառավարությունը պետք է հաշվի առնի իրենց կարծիքը։

 

Կարինե Կազարովա

Նորություններ