«Մեզ ահաբեկում են, փորձում են ճնշել»․ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են գործադուլն աշխատավարձի բարձրացման և աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու պահանջով | Region

«Մեզ ահաբեկում են, փորձում են ճնշել»․ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են գործադուլն աշխատավարձի բարձրացման և աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու պահանջով

Փետրվար 01,2025 15:08

Կոմբինատի աշխատակիցներն ասում են՝ ստիպված են գնացել գործադուլի ճանապարհով, քանի որ ղեկավարությունը կառուցողական երկխոսության չի գնում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը, նրանք վստահեցնում են, որ չեն դադարեցնելու բողոքի ցույցը, մինչև կոմբանտի ղեկավարությունը իրենց հետ կառուցողական համագործակցության չգա։

Կոմբինատի աշխատակիցներն երեկվանից գործադուլ են անում, գիշերել են դրսում, կոմբինատի մոտ։ Գործադուլի մասնակիցները պահանջում են 50%-ով բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ։

REGIONSTV-ի հետ զրույցում հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակից, Քաջարանի բնակիչ և բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանն ասաց, որ կարող են հիմնավորել, թե ինչու են աշխատավարձի այդչափ բարձրացում պահանջում, սակայն ղեկավարությունը մերժում է։

«Մենք նորմալ կյանք ապահովելու համար ենք ուզում այդ բարձրացումը։ Կան մի քանի արտադրամասեր, ամենքում յուրովի է ձևավորվում աշխատավարձի զամբուղը։ Այդ 50%-ը կազմում է մոտ 120-150 հազար դրամ։  Մենք օդից չենք վերցրել այդ գումարը, ունենք մեր ռացիոնալ փաստարկները»,-ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ կոմբինատում միջին աշխատավարձը 300-320 հազար դրամ է, սա քիչ է՝ հաշվի առնելով, որ տարածքում բարձր գներ են, վատ առողջապահական համակարգ․«Ցանկացած հիվանդության բուժման համար ստիպված ենք Երևան գնալ։ Մենք ազդակիր համայնքում ենք ապրում՝ դրա բոլոր հետևանքներով։ Այնպես որ, արդարացված է մեր՝ աշխատավարձի բարձրացման պահանջը։ Դա չնչին գումար է, եթե հաշվի առնենք մեր ծանր պայմանները։ Մեր աշխատավարձերը հաճախ համետում են այլ համայքների աշխատավարձերի հետ։ Դա արդար չէ»։

 Այսօր ԶՊՄԿ-ն և արհմիությունը հայտարարություն էին տարածել, նշելով, որ այս գործադուլն օրինական չէ, իսկ պահանջը՝ աշխատավարձերի բարձրացման չափն՝ անիրական։

Մխիթարյանն այս առնչությամբ ասաց՝ կոմբինատում աշխատանքային ահավոր պայմաններ են․«Մեր արտադրամասում, որը վերջնական արդյունքն է տալիս, էլեմենտար օդափոխութուն չկա, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թունավոր նյութեր, էլ չեմ ասում ծայրահեղ ցածր և ծայրահեղ բարձր ջերմասիտիճանի մասին։ Թունավոր նյութերի հետ ենք աշխատում, որի հետևանքով բազմաթիվ հիվանդություններ են առաջանում։ Այս խնդիրը մշտական է,  տարիներ շարունակ սրա մասին բարձրաձայնում են աշխատակիցները։  Վերջին տարիներին մեծ  գումարներ են ներդնում արտադրական հզորությունները մեծացնելու համար և զրո ներդրում մարդկանց անվտանգ ու արժանապատիվ աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Մեր պայքարը նախևառաջ սոցիալական արդարության համար աշխատավորների ընդվզում է»։

Մխիթարյանն ասաց, որ թեև աշխատակիցներն ունեն առողջության ապահովագրում, սակայն, իր խոսքով՝ աշխատողների  95% -ը, որոնք օգտվում են ապահովագրության ծառայությունից, դժգոհ են, որովհետև այն չի ծածկում հիվանդությունների այն ծավալը, որով հիմնականում դիմում են աշխատողները․«Միայն երեսուն տոկոսն է ծածկում։ Մնացած ծախսը մեր գրպանից է։ Իսկ մենք մշտապես վտանգավոր պայմաններում ենք աշխատում, շատ-շատերը առողջական խնդիրներ ունեն, քանի որ, ինչպես նշեցի, թունավոր նյութերի մեջ ենք աշխատում»։

Ինչ վերաբերում է գործադուլի ոչ օրինական լինելուն, ապա Մխիթարյանը նշեց՝ այո, օրենքով սահմանված կարգով չեն անում այս գործադուլը, վստահեցրեց՝ այլընտրանք չունեին։

«Մենք քննարկել ենք ղեկավարության հետ, ստացել կտրուկ մերժում։ Գործադուլից առաջ քննարկել ենք գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ, փոխտնօրենների հետ ու ոչ կառուցողական մոտեցումից հետո որոշեցինք գործադուլ անել։ Բանավոր ենք տեղեկացրել գործադուլի մասին, հետո գրություն ենք ուղարկել, պահանջել բաց, կառուցողական երկխոսություն աշխատողների հետ։ Հերթական անգամ պատասխան չենք ստացել։ Մենք գիտակցված ենք այս ճանապարհով գնում, որովհետև եթե գնայինք օրինական ճանապարհով, մի ամսվա մեջ այս դիմադրությունը կճնշեին։ Արդեն իսկ ստորագրահավաքի փուլում փորձում էին խեղդել, մի ամսվա մեջ կցրեին նախաձեռնությունը, որովհետև նրանց ու մեր ռեսուրսներն անհամեմատելի են»,-վստահեցրեց Մխիթարյանը։

Նա հայտնեց, որ արդեն փորձում են քրեական գործ հարուցել իրենց դեմ՝ գործադուլով վնաս են պատճառել ընկերությանը։

«Մեզ ահաբեկում են, մենք մայրաքաղաքից բավականին հեռու ենք, մեր տարածաշրջանի կյանքը պատշաճ չի լուսաբանվում, այսպիսի միջավայում ինչ կարողանում, անում ենք անում։ Մենք հարկ ենք վճարում, ու պահանջում ենք արժանապատիվ կյանք»,-ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունն արդեն ցուցակ է կազմել, որտեղ գործադուլ անող աշխատակիցներին անուններն են, պատրաստվում են նրանց ազատել աշխատանքից․«Ես այդ ցուցակի առաջին տեղերում եմ»։

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պաշտոնապես զգուշացրել է՝ եթե գործադուլը շարունակվի, ընկերությունը ստիպված կլին աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:

ՀՀ կառավարությունը 21.8% բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, այս գործընթացի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ դրա տերը ժողովուրդն է, պետք է առաջիկայում հնարավորություններ ստեղծվեն, որ ընկերությունը ցուցակվի, ժողովուրդը կարողանա բաժնետոմսեր ձեռք բերել ԶՊՄԿ-ում։

Աշխատակիցներն ասում են, որ կառավարության՝ կոմբինատում ներգրավվելուց հետո իրենց կյանքում, աշխատանքային պայմաններում ոչինչ չի փոխվել․«Վերջին անգամ 2018-ին է եղել աշխատավարձի բարձրացում, այն էլ հանրաին ճնշման ներքո։ Մարդիկ այդ աշխատավարձերով չեն կարողանում նորմալ ապրել, կենցաղային պայմանները բարելավել, կոմունալ ծախսերը հոգալ»։

Նրանք նաև դժգոհեցին կոմբինատի արհմիության աշխատանքից, վստահեցրին՝ արհմիությունը աշխատողների շահերից երբեք չի գործում, ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել, փորձում է խոչընդոտել պայքարը։

Նորություններ