«Օլիգարխներից պահանջելու են ավելի շատ «մուծվել». նրանք էլ իրենց պահանջն ունեն» | Region

«Օլիգարխներից պահանջելու են ավելի շատ «մուծվել». նրանք էլ իրենց պահանջն ունեն»

Հունիս 05,2016 12:05

ՊՆ համակարգում տեղի ունեցող պաշտոնանկությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերի, քաղաքական կամքի առկայության վերաբերյալ հավաստիացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

-Պարոն Զոլյան, ՊՆ համակարգում շարունակվում են աղմկոտ «բացահայտումները»: Այս ընթացքում ստեղծվել է տպավորություն, որ կոռուպցիայի դեմ ոլորտային պայքար է ծավալվում, եւ առայժմ միայն ՊՆ ոլորտում են փնտրում կոռուպցիա: Ինչպես եք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական կամքի առկայության մասին հայտարարությունները:

-Այսօրվա իշխանական համակարգն այնպես է կառուցված, որ առանց կոռուպցիայի այդ համակարգը չի կարող գոյատևել՝ սկսած ընտրակաշառքից մինչև մենաշնորհների բաշխում: Կոռուպցիան միակ բանն է, որ միավորում է իշխանական համակարգի տարբեր հատվածները՝ երիտհանրապետականներից մինչև օլիգարխներ: Այնպես որ իրական պայքարը կոռուպցիայի դեմ համակարգի համար կնշանակեր ինքնասպանություն, և նման բան պարզապես հնարավոր չէ: Սակայն որոշ դեպքերում կոռուպցիայի առանձին դրսևորումների դեմ պայքար հնարավոր է: Պաշտպանության ոլորտում կոռուպցիան հղի է հատկապես ծանր հետևանքներով՝ ընդհուպ մինչև ռազմական պարտություն: Ավելին, ապրիլյան դեպքերից հետո չափազանց բացասական է ընկալվում կոռուպցիան հատկապես ռազմական ոլորտում: Բացի այդ, իշխանության համար կարող է շատ վտանգավոր լինել դժգոհությունը զինվորականների շրջանում, իսկ ակնհայտ է, որ ապրիլյան դեպքերից հետո բանակում առկա է դժգոհություն: Այնպես որ այս ոլորտում որոշակի պայքար կոռուպցիայի դեմ մենք կտեսնենք: Թե որքան հեռու կհասնի այդ պայքարը, մենք կտեսնենք:

— Որտեղի՞ց է պետք սկսել կոռուպցիայի դեմ պայքարը:

-Ինչպես ասացի, ներկա իշխանությունը չի ուզում և չի կարող մղել համակարգային պայքար կոռուպցիայի դեմ: Սակայն դա չի նշանակում, որ այսօր որևէ բան անել հնարավոր չէ: Լրագրողներն ու քաղաքացիական հասարակությունն այսօր ինչ-որ չափով դա անում են՝ բացահայտելով կոռուպցիայի դեպքերը և դրանց մասին տեղեկատվություն տարածելով: Սակայն կարծում եմ, քաղաքական ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ լինի այդ պայքարում, ավելին, պայքարը կոռուպցիայի դեմ դարձնի իր գործունեության մեխը: Դրա օրինակը կա, ասենք, Ռուսաստանում, չնայած այնտեղ պայմանները պակաս նպաստավոր են նման պայքարի համար:

Այսպես, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իր ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ միասին հետաքննություններ է անցկացնում ՌԴ տարբեր պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի ծագման վերաբերյալ, այնուհետ տարածում այդ տեղեկատվությունը մամուլով և համացանցով: Ճիշտ է, այդ պաշտոնյաների մեծ մասը այդպես էլ չի պատժվել, բայց սրա շնորհիվ Նավալնին ոչ միայն լուրջ խնդիրներ է ստեղծում իշխանության համար, այլև, ըստ էության, դարձել է ռուսաստանյան ոչ համակարգային ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն ունեցող առաջնորդը՝ առաջ անցնելով շատ ավելի փորձառու գործիչներից:

Հայաստանում այդ մոդելը կարող է շատ ավելի լավ արդյունքներ տալ, քանի որ Հայաստանում իշխանությունն ավելի թույլ է, քան Ռուսաստանում, մամուլն ավելի ազատ է, ընդդիմությունն ավելի մեծ աջակցություն ունի, խորհրդարանում կան ընդդիմադիր պատգամավորներ, կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքը պակաս հանդուրժողական է, և այլն: Իհարկե, կարող են առարկել, որ Հայաստանում բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, սակայն մի բան է հանրային ընկալումը, ուրիշ բան է կոնկրետ փաստերը՝ իրենց ապացույցներով, հատկապես այն իրավիճակում, որը ձևավորվել է ապրիլյան դեպքերից հետո:

— Ապրիլյան պատերազմից հետո այն ինչ տեղի է ունենում իշխանական համակարգում արդյո՞ք կարելի է համարել իրավիճակին համարժեք քայլեր:

-Նայած թե ում տեսակետից: Հասարակության տեսակետից, իհարկե, ոչ: Բայց իշխանության շահերի տեսակետից այդ քայլերը միանգամայն համարժեք են. իշխանությունն անում է այն, ինչ բխում է իր շահերից: Իսկ իր շահերից բխում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա, նույնիսկ կոռուպցիայի առանձին դրսևորումներ պատժել, հատկապես պաշտպանության ոլորտում, բայց ընդհանուր առմամբ պահպանել ձևավորված կոռուպցիոն համակարգը: Իսկ թե որքանով է այդ ամենը համապատասխանում երկրի շահերին, դա այլ հարց է: Բնականաբար, եթե իշխանությունը պետք է ընտրի սեփական գոյատևման և երկրի շահերի միջև, նա պետք է ընտրի սեփական գոյատևումը:

-Մենաշնորհների դեմ պայքարի հանձնարարականներ տրվեցին, որ հարկավոր է ուսումնասիրել մենաշնորհների շուկան, սակայն օրեր անց եղավ հայտարարություն, որ Հայաստանում սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, բանանի, մանկական սննդի, դեղորայքի, բենզինի, դիզվառելիքի և այլն, ֆորմալ առումով մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:

-Մենաշնորհները ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգի ամենակարևոր տարրերից են, և իշխանությունը բնականաբար չի կարող ձեռք տալ դրանց: Մենք նույնիսկ տեսանք առաջարկներ՝ օրինականացնել որոշ մենաշնորհներ: Ավելին, չեմ բացառում, որ ներկա իրավիճակում մենաշնորհներն ավելի են ուժեղանալու: Օլիգարխներից պահանջելու են ավելի շատ «մուծվել» բանակի կարիքների համար, օլիգարխներն էլ դրա դիմաց ինչ-որ կոմպենսացիա պետք է ստանան, և այդ կոմպենսացիան կլինի մենաշնորհների խորացման կամ նոր մենաշնորհների ձևով: Իհարկե, բացառված չէ, որ ինչ-որ մի ոլորտում մենաշնորհը կարող է վերացվել կամ թուլացվել, բայց ընդհանուր միտումը հակառակն է լինելու՝ մենաշնորհների խնդիրն ավելի է խորանալու:

-Ժողովուրդը հերթական անգամ կհավատա՞ նրանց, թե այլեւս վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ ճիշտ այնպիսին է, ինչպիսին իշխանության վերաբերմունքը՝ ժողովրդի նկատմամբ:

-Չեմ կարծում, որ ժողովուրդը երբևիցե հավատացել է: Այո, եղել է ընկալում, որ գոնե պաշտպանություն ոլորտում կոռուպցիան այնքան խորը չէ, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, իսկ ապրիլյան դեպքերից հետո այս ընկալումը չկա: Սակայն, ի վերջո, մեծ հաշվով իշխանության համար միևնույն է` հասարակությունը հավատում է նրան, թե`ոչ: Իշխանության համար կարևոր է, որ հասարակության դժգոհությունը չվերածվի ակտիվ բողոքի գործողությունների: Քանի դեռ մարդիկ տանը նստած դժգոհում են, կամ սոցիալական ցանցերում հայհոյում են այս կամ այն պաշտոնյային, այս ամենը քիչ է ազդում իշխանության վարքի վրա: Բայց իշխանությունը նաև հասկանում է, որ կան որոշակի սահմաններ, որոնցից հետո դժգոհությունը կարող է հանգեցնել ակտիվ գործողությունների, և ցանկալի չէ, որ հանրային դժգոհությունը մոտենա այդ սահմաններին: Այդ պատճառով էլ իշխանությունը ստիպված է որոշակի քայլեր կատարել և ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա: Բայց ավելի հեռու այդ պայքարը կգնա միայն այն դեպքում, եթե իշխանությունը զգա լուրջ ճնշում հանրության կողմից:

Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի

Նորություններ