«Գլխավոր հրամանատարն ինչ-որ մարդկանց է պատժում, բայց առաջին հերթին իրեն պետք է խարակիրի անի» | Region

«Գլխավոր հրամանատարն ինչ-որ մարդկանց է պատժում, բայց առաջին հերթին իրեն պետք է խարակիրի անի»

Հունիս 04,2016 12:06

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել «ձկան գլխից», ցանկացած այլ ուղղությամբ պայքար նա համարում է կոսմետիկ միջոցառում եւ հիմնական, առանցքային խնդիրներից շեղելու քայլ, որն ավելի շատ կվնասի, քան օգուտ կբերի մեր երկրին:

«Խաչիկյանին ձերբակալեցին այն բանի համար, որ վերեւներին քիչ էր տալիս, որովհետեւ հաստատ տալիս էր, եւ հանրապետականների գրասենյակները հիմնականում Խաչիկյանի հաշվին էին: Ես համոզված եմ, որ այդ դեպքից հետո շատ բան չի փոխվել, ամեն ինչ նույն տեմպերով շարունակվում է: Համոզված եմ, որ այդ ոլորտում էլ որեւէ բան չի փոխվել: Այնպես որ, այս միջոցառումները նպատակ ունեն ավելի շատ շեղելու ժողովրդի ուշադրությունը, որ տեսեք, բանակում տեղի ունեցածի համար սրանք են մեղավոր, խնդիրները կապված էին կոնկրետ այս-այս մարդկանց հետ եւ այլն: Եթե գլխավոր հրամանատարը չգիտի, թե ինչ է կատարվում բանակում, նշանակում է նա իր տեղում չէ, հետեւաբար այդ միջոցառումները ոչինչ չեն տալու: Ուղղակի մենք հիմա փորձում ենք հոտած ձկան թեփուկները մաքրել, իսկ դա էլ թարմ ձուկ չի դառնա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արամ Հարությունյանը:

Հարցին, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց պետք է լուծում տրվեր ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց, Հարությունյանը նշեց.

«Հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ զոհերի արյունը նաեւ իր վրա է: Մենք շատ բաներ կան, որոնք չենք ուզում ասել՝ անվտանգությունից ելնելով, պետք չէ, որ հակառակորդն իմանա, բայց պետք է ասել՝ հիմնական պատասխանատուն հանրապետության նախագահն է, եւ ինքը պետք է առաջին հերթին տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրեր: Հատկապես, որ ունեցանք զոհեր, հետագայում էլ հայտարարվեց, որ 800 հեկտարն այդքան էլ կարեւոր նշանակություն չուներ մեզ համար: Պետք է պատասխան տային հարցին, որ եթե կարեւոր չէին, ինչո՞ւ մեր զինծառայողները հետ չկանչվեցին, եթե հանձնված տարածքները չունեին ստրատեգիական նշանակություն: Սերժ Սարգսյանն է պատասխանատու չորսօրյա պատերազմի ու նաեւ այն բանի համար, որ սկսվեց այդ պատերազմը»:

Հարությունյանը խոսում է ռազմական բալանսի խախտման մասին, որը տարիներ շարունակ անտեսվել է մեր իշխանությունների կողմից եւ որը թույլ տվեց Ադրբեջանին գնալ կտրուկ գործողությունների:

«Երկիրը ոչ միայն թալանվել է, ոչ միայն բոլոր ոլորտներում են իշխանությունները ձախողվել, այլ նաեւ պարզվեց, որ բանակի փողն էլ են կերել: Այս բոլոր խնդիրները, որ առաջ եկան, ցույց տվեց, որ նույնիսկ բանակն իրենց համար սուրբ թեմա չէ: Թալանված գումարները նաեւ բանակից են թալանված: Դրա համար եթե այսօր գլխավոր հրամանատարն ինչ-որ մարդկանց է պատժում, առաջին հերթին իրեն պետք է խարակիրի անի»:

Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները խոսեցին կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար ծավալելու քաղաքական կամքի մասին: Արամ Հարությունյանը վստահ է՝ մենաշնորհների դեմ պայքարն էլ իմիտացիոն գործողությունների մի մասնիկն է: Թիրախում, ըստ նրա, դարձյալ պետք է լինի Սերժ Սարգսյանը, որովհետեւ օլիգարխները չեն կարող «վաստակածը» չկիսել Սարգսյանի հետ՝ պարզ պատճառով.

«Այս մենաշնորհների բաշխումը կատարել է Սերժ Սարգսյանը: Այս ամենը գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ: Եթե ինչ-որ բան էլ ուզում է փոխել, ինչ-որ մարդկանց պատժել, դա նշանակում է, որ ինչպես ժամանակին Խաչիկյանը, հիմա էլ գուցե մենաշնորհների տերերն իրենց լավ չեն պահում: Պարզ ասած՝ «գողին պատժում են ոչ թե այն բանի համար, որ գողություն է արել, այլ որ բռնվել է»: Ես չեմ կարծում, որ ժողովուրդը համարում է, որ իշխանություն ունի: Ամեն մեկը, ոնց որ ասում են, իր գլխի ճարն է փորձում տեսնել: Այնպես չէ, որ մարդիկ այսօր իշխանության հետ հույսեր են կապում: Այն ինֆորմացիան էլ, որ տարբեր քարոզչական միջոցներով տարածվում է իշխանությունների կողմից արվող քայլերի մասին, ես չեմ կարծում, որ մարդիկ լուրջ են ընդունում: Չեմ կարծում նաեւ, որ մենաշնորհների վերացման հետ կապված հասարակ քաղաքացին ինչ-որ ձեւով կարողանա օգտվել: Շատ ոլորտներ կան, որ մենաշնորհված չեն, բայց էլի խնդիրներ կան: Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը տեռորի ենթարկվեց հատկապես Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով: Երբ որ իշխանությունների հիմնական գաղափարախոսությունը փող աշխատելն է, մնացածը հետեւանք է: Այստեղ իրենք պատրաստ են զոհաբերել ցանկացածին, ամենամերձավորին անգամ՝ փորձելով ստեղծել մեկ օլիգարխի տնտեսություն: Ցանկացած քայլ գնում է մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելու ուղղությամբ»:

Այս ամենը Հարությունյանն ինքնախաբեություն չի համարում: Խաբում են ժողովրդին, բայց ոչ իրենց: Իշխանությունները գիտեն՝ ինչ են անում եւ հանուն ինչի են անում:

«Եթե Միհրան Պողոսյանին փորձում են պատժել, դա ես չեմ կարծում, որ ազնիվ մղումներից ելնելով է արվում: Չէ, դա նշանակում է, որ իրենց մերձավորներին պատրաստ են նաեւ զոհաբերելու եւ շատերից սեփականություններ խլելու: Այնպես չէ, որ դա արվում է պետության համար: Եթե այս իշխանությունը մնա, մենք որքան ասես կմոտենանք երկիրը կորցնելու վտանգին: Ապրիլյան պատերազմից հետո Հրազդանում եղան ընտրություններ, ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, բայց իշխանությունների մոտ այդ քաղաքական կամքը չերեւաց: Տարբեր առիթներով ասել եմ, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ինքն իրավահաջորդի խնդիր չի կարող լուծել, որովհետեւ ով էլ եկավ, առաջին զոհը լինելու է Սերժ Սարգսյանը: Եթե անգամ Միքայել Մինասյանը գա, քավության նոխազն էլի դառնալու է Սերժ Սարգսյանը: Թեեւ ինքը ոչ թե քավության նոխազ, այլ հիմնական պատասխանատու է լինելու: Դրա համար ինքը մտածում է՝ որքան հնարավոր է երկար մնա իշխանության մեջ, նույնիսկ ցմահ: Ով ուզում է գա Սերժ Սարգսյանից հետո, արտաքին պարտքը մարել է պետք, տեսարաններ են պետք, եւ ամենալավ տեսարանը լինելու է Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելը: Տարած գումարները պարտք է, որ պետք է վերադարձնեն: Եթե չվերադարձնեն, Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու, մեր պարտքն ո՞վ է փակելու: Դրա համար հիմա ամեն ինչ անում են, որ վերարտադրվեն, որովհետեւ հասկանում են, որ պատասխան են տալու, ով էլ գա իշխանության իրենցից հետո, պատասխան են տալու: Նայելու են թղթերը, նայելու են վարկերը, նայելու են ու հարցնեն՝ ինչպես եղավ, որ պարտքը եռապատկվեց, բայց որեւէ ձեւով չի երեւում, գումարը որտե՞ղ է ծախսվել եւ այլն: Դրա համար էլ ստիպված փոխեց Սահմանադրությունը, ելք չգտավ»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կարծիքով ելքը քաղաքական ուժերի համախմբումն է, տարաձայնությունները մի կողմ դնելը: Մեր զրուցակցի կարծիքով Սերժ Սարգսյանն այսօր երկու բանից է վախենում՝ քաղաքական ուժերի համախմբումից եւ ժողովրդից. «Պատահական չէ, որ ամեն ինչ անում են՝ դաշտը պառակտելու համար, ամեն ինչ անում են, որ քաղաքական ուժերն իրար կողք չկանգնեն: Ուրիշ լուծում ես չեմ տեսնում: Այստեղ պետք է համախմբում լինի, որը կտանի հաղթելու ճանապարհով: Պետք է փորձենք հաղթել, ոչ թե ամեն մեկս փորձենք մեր ձայները պահենք, 5 տոկոս հավաքենք եւ հայտնվենք պառլամենտում»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ