Ոսկու հանքեր, նավթ եւ թալանված բյուջե. Իլհամը, Մեհրիբանն ու դուստրերը՝ օֆշորում | Region

Ոսկու հանքեր, նավթ եւ թալանված բյուջե. Իլհամը, Մեհրիբանն ու դուստրերը՝ օֆշորում

Ապրիլ 04,2016 12:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ազգականներն օգտագործել են տարբեր հիմնադրամներ եւ ընկերություններ, որոնք գրանցված են Պանամայի տարածքում,- տեղեկացնում է rbc.ru-ն: Այս մասին հայտնել են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) փորձագետները:

Նրանց տրամադրության տակ են հայտնվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը: Այդ ընկերությանը կասկածում են ակտիվների տերերին քողարկելու համար կեղծ ֆիրմաներ ու կորպորատիվ կառույցներ ստեղծելու մեջ:

Ադրբեջանի նախագահն արդեն երեք տարի առաջ էր հայտնվել ICIJ–ի ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ լրագրողները բացահայտել էին, որ նա ու նրա ընտանիքը գաղտնի օֆշորներ են տնօրինում:

Ըստ փաստաթղթերի, Իլհամ Ալիեւն ու նրա կինը ՝ Մեհրիբանը 2003թ.-ին ձեռք են բերել Rosamund International Ltd ընկերությունը Վիրջինյան կղզիներում: Ալիեւը, որը նշված է եղել որպես այդ ֆիրմայի տնօրեն ու համասեփականատեր, այդ պահին խորհրդարանի պատգամավոր է եղել, իսկ նույն տարվա հոկտեմբերին նախագահ է դարձել: ICIJ-ի տվյալներով, ընկերությունն օրինական իրավաբանական կարգավիճակ է ունեցել մինչեւ 2004թ.-ի մայիսը: Ալիեւն այդ կերպ խախտել է օրենսդրությունը, ըստ որի արգելվում է խորհրդարանի անդամներին ու նախագահին բիզնեսով զբաղվել:

Ադրբեջանի նախագահի ընտանիքի վերահսկողության ներքո են գտնվում ոսկի եւ նավթ արդյունահանող ընկերություններ, բջջային կապի շուկայի զգալի մասը, շինարարական խոշոր կազմակերպություններ:

2008թ.-ին Ալիեւի դուստրերը՝ 19-ամյա Արզուն ու 23-ամյա Լեյլան ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited եւ Harvard Management Limited ընկերություններն այդ նույն Վիրջինյան կղզիներում: Առաջինը գրանցված է եղել Արզուի անունով, մնացածը ՝ Լեյլայի: Գործարքը կնքվել է նախագահի պաշտոնում Ալիեւի վերընտրվելուց երկու ամիս անց:

Այդ բոլոր ընկերությունների գործունեության բնույթը ICIJ-ի փորձագետները չեն կարողացել նշել, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրել հանրությունից այդ ընկերությունների գոյության փաստը թաքցնելու համար, քանի որ պետական բյուջե որեւէ մուտք չի կատարվել: OCCRP կազմակերպության հաշվարկներով, Ալիեւների ընտանիքի վերահսկողության տակ գտնվող ընկերությունները երկրի բյուջե չեն վճարել շուրջ 600 մլն դոլարի չափով հարկ:

Բոլոր երեք ֆիրմաների ղեկավարն ադրբեջանցի գործարար Հասան Գոզալն է: Կազմակերպության տվյալներով Գոզալը եւ նրա եղբայրը՝ Աբդոլբարին, միասին տնօրինում էին առնվազն 10 ընկերություն, որոնք Intersun հոլդինգի կազմում են:

Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են ICIJ–ի տրամադրության տակ, Intersun-ը մի քանի խոշոր պայմանագրեր է ձեռք բերել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից, որտեղ Ալիեւը մինչեւ պետության ղեկավար դառնալն առաջին փոխնախագահ էր: Բացի դրանից եղբայրներին պատկանող ընկերությունները Բաքվում ու նրա սահմաններից դուրս շինարարության համար շահել են ընդհանուր առմամբ 4.5 մլրդ դոլարի պետական պայմանագրեր:

Օֆշորային սկանդալային այդ ցուցակում են հայտնվել ավելի քան 100 ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ հանրահայտ մարդիկ:

Աղբյուր՝ rbc.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Նորություններ