«Ռոբերտ Քոչարյանը, խոսելով միջազգային երաշխիքներից, հակասում է իր իսկ ասածին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի նախատեսում միջազգային երաշխիքներ»․Վահրամ Աթանեսյանը | Region

«Ռոբերտ Քոչարյանը, խոսելով միջազգային երաշխիքներից, հակասում է իր իսկ ասածին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի նախատեսում միջազգային երաշխիքներ»․Վահրամ Աթանեսյանը

Փետրվար 18,2025 19:40

Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂ բնակչության վերադարձի մասին առաջարկին, ասում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի կարգավորում այդ հարցը

«Եթե մենք այսօր խոսում ենք հայ բնակչության վերադարձի մասին, պետք է պատասխանենք այն հարցին՝ ինչու և ինչպես է այդ բնակչությունը բռնատեղահանվել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի կարգավորում այս հարցը։ Այն վերաբերում է ոչ թե բնակչության վերադարձին, այլ այնտեղ ապրելու համար անվտանգության երաշխիքներ տալուն»,- REGIONS TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հրապարակախոս, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ հրավիրած ասուլիսում արած հայտարարությանը։

Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է․« Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ այդ հայտարարությանը վերադառնալ, նստել քննարկել։ Առանց միջազգային երաշխիքների ոչ մի ղարաբաղցի հետ չի գնա։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, դա ենթադրում է երաշխիքների փաթեթ, դա արդեն բանակցելու հարց է՝ դու կարողանո՞ւմ ես հասնել այդ փաթեթի լիարժեքության»։

Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ այդ հարցը հնարավոր չէ լուծել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը չի պարունակում որևէ հստակություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի, իրավունքների ու երաշխիքների վերաբերյալ։

«Նոյեմբերի 9-ին զինադադար եղավ, բայց Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը այդ ժամանակ այնտեղ չէր։ Նրանք վերադարձել են Հայաստանի Հանրապետություն՝ ռուսական խաղաղապահ զորքերի երաշխավորությամբ։ Եթե նայենք 2023 թվականի սեպտեմբերի 25-30-ի պաշտոնական հաղորդագրություններին՝ քանի մարդ է ԼՂ-ից վերադարձել ՀՀ, դրանք պետք է տար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Բայց այդ հաղորդագրությունը տվել է Հայաստանի կառավարությանը։ Այսինքն՝ երբ մենք վկայակոչում ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դա պարզապես ջուր ծեծելու է նման (ներեք արտահայտությանս), քանի որ այն չի կարգավորում նման հարցեր»,- ասաց Վահրամ Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ այս հարցի լուծումը մեր տիրույթում չէ, և դրա կարգավորումը կախված է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի դիրքորոշումից։

«Այս հարցը պետք է քննարկվի ոչ միայն մեր, այլ նաև Ռուսաստանի ու միջազգային ուժերի միջամտությամբ։ Հարցը կապված է այնպիսի պայմանների հետ, որոնք պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձը։ Այս պահին՝ նշված փաստաթուղթը չունի նման երաշխիքներ, բայց որ հարցը պետք է կարգավորվի, լիովին համաձայն եմ երկրորդ նախագահի հետ»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը, խոսելով միջազգային երաշխիքներից, ինչպես նկատեց Աթանեսյանը, հակասում է իր իսկ ասածին, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի նախատեսում միջազգային երաշխիքներ, և ռուսական խաղաղապահ զորքերն են հանդիսանում հիմնական երաշխիքը․ «Միգուցե Քոչարյանը պատկերացնում է այնպիսի կարգավորում, որ ՌԴ-ի խաղաղապահ զորքերը կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ այս հարցը լուծելու համար»։

Նա ընդգծեց, որ չի ասում, թե այս պահին Հայաստանը պետք է այդ հարցը դնի բանակցային սեղանին, բայց կարևոր է հիշել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հարցը գոյություն ունի, և այն պետք է լուծվի․ «Դա պահանջում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային ջանքերի մասնակցություն»։

Սյուզաննա Խառատյան

 

 

 

Նորություններ