Հայաստանի «ռազմավարական լռությունը». մտածված որոշու՞մ, թե` անորոշ քայլ | Region

Հայաստանի «ռազմավարական լռությունը». մտածված որոշու՞մ, թե` անորոշ քայլ

Նոյեմբեր 30,2015 14:34

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հերթական անգամ դժվարին մարտահրավեր է ստանում՝ լի դիվիդենտներ ստանալու հնարավորություններով, միևնույն ժամանակ հարվածի տակ հայտնվելու վտանգով:

Վերջերս Թուրքիայի կողմից ռուսաստանյան ինքնաթիռի ոչնչացումը դարձավ ամենաշատ քննարկվող գլխավոր իրադարձությունն ամբողջ աշխարհում: Հենց առաջին ժամերից սկսած տարբեր երկրների նախագահներ եւ իշխանությունների ներկայացուցիչներ իրենց դիրքորոշման մասին հայտարարություններով հանդես եկան: Ռուսաստանի գործընկերներներից ու դաշնակիցներից ոչ բոլորն իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնեցին ինքնաթիռի ոչնչացման ու զինվորականի սպանության հետ կապված: Լռություն պահպանողների թվում էր նաև Հայաստանը: Սերժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի խոսք չի ասել Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը համարվող և հանրության մի մասի համոզմամբ Հայաստանի անվտանգության երաշխավորին՝ Ռուսաստանին, հասցված ռազմական հարվածի վերաբերյալ: Հարված, որը հասցվել է Հայաստանի անմիջական հարևանի ու պատմական հակառակորդի կողմից, ով Ադրբեջանի հետ մեկտեղ շրջափակման մեջ է պահում Հայաստանին, իսկ հայ-թուրքական սահմանը եւ օդային տարածքի անվտանգությունը վերահսկում են նաեւ ՌԴ զորքերը:

Նման պարագայում թվում է, թե պաշտոնական Երևանի շահերից է բխում Մոսկվային աջակցություն հայտնելը ու Թուրքիայի քայլը քննադատելը: Բայց ՀՀ իշխանությունները ծայրահեղ զգուշավորություն են դրսևորում: Առաջինն այս թեմայով խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հայտարարեց, թե այս միջադեպը խոչընդոտում է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին՝ խուսափելով որևէ այլ գնահատական տալ միջադեպին: Այնուհետ լրագրողների հերցերին պատասխանելիս ընդհանուր ու անբովանդակ հայտարարություններ արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ապա հերթը հասավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ կրկնեց պաշտոնական Մոսկվայի կողմից հնչեցված այն միտքը, որ ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը խոցելը նշանակում է աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին:

Արդյո՞ք փոխխոսնակի կամ փոխարտգործնախարարի շուրթերից հնչած ընդհանուր հայտարարությունները տեղին էին ՆԱՏՕ-ի կազմում բանակի թվաքանակով 2-րդ տեղը զբաղեցնող Թուրքիայի եւ աշխարհում միջուկային զենքի պաշարներով երկրորդ երկրի՝ Ռուսաստանի միջև հնարավոր վտանգավոր առճակատման դեպքում: Նման անորոշ դիրքորոշման պատճառը թերեւս մեր արտաքին քաղաքականության «ճարտարապետների» անսկզբունքայնությունն է: Այն կառուցված է ոչ թե գիտակցված ու հստակ որոշում կայացնող անձանց կողմից ընդունված հիմնարար սկզբունքների վրա, որոնք ուղղորդում են իշխանությունների ներկայացուցիչներին, այլ կախված է նրանից, թե ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել և ինչ պայմաններ է մեզ թելադրում այդ իրավիճակը:

Պարզ ասած՝ մենք չունենք մշակված արտաքին քաղաքական հստակ ուղեգիծ, որի հիմքում ընկած կլինեն մեր նկատմամբ ոտնձգությունների դեպքում դաշնակիցներից նույնքան հստակ դիրքորոշում պահանջելու, դաշնակցային պարտավորությունները կատարելու, հակառակորդին զենք չվաճառելու, մեկմեկու պետական շահերի հետ հաշվի նստելու պարտադրանքի և ուրիշ այլ կարևորագույն սկզբունքներ: Եթե մեզ հարկավոր է, որ մեր ռազմավարական դաշնակիցն արձագանքի մեր նկատմամբ իրականացված ագրեսիային, խաղաղ բնակչության ու սահմանամերձ գյուղերի ռմբակոծմանը, ապա մենք ևս պետք է մեր հստակ դիրքորոշումը հայտնենք մեր դաշնակիցներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ: Իսկ եթե այս լռությունը ՌԴ կողմից հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցող ոտնձգություններին չարձագանքելու պատասխանն է, ապա այդ սահմաններին պետք է նոր լարվածության ու սադրանքների սպասել` միևնույն ժամանակ դաշնակիցների կողմից հայտարարություններ կամ աջակցության կոչեր չակնկալելով:

Այդ սկզբունքների առկայության դեպքում Հայաստանը կարող էր Ռուսաստանին ցույց տալ, թե ինչպես է վերաբերում իր դաշնակցային պարտավորություններին ու թե ինչպես է պետք դրանք իրագործել: Այս անսկզբունքայնությունը բերել է դիրքորոշման բացակայության ու գործողությունների անորոշության: Եվ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Գոռ Ալեքսանյան, galatv.am

ՌԴ, ք. Մոսկվա

Նորություններ