Բալասանյանի խորհրդականը բացահայտել է, թե ինչպես է 2013 թ.-ի ընտրություններից հետո Ս. Սարգսյանը պատժել գյումրեցիներին
Շիրակի մարզում քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է: Մարզի գյուղերում «Այո»-ի ցուցակագրում են անում՝ համոզելով, որ դա վերաբերում է գյուղերի գազաֆիկացմանը, ոչ թե սահմանադրությանը: Դպրոցներում, նախակրթարաններում, տեղական եւ մարզային նշանակության բոլոր հաստատություններում ժողովներ են գումարում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում:
Եվ այսպես, առանձին քաղաքապետարան են հրավիրվում երաժշտական եւ մարզական դպրոցների ղեկավարները, նրանցից ցուցակ պահանջում՝ մոտավորապես հասկանալու համար ժողովրդի ընդհանուր տրամադրությունները, թե առանց գումար բաժանելու հնարավո՞ր է արդյոք ձայներ ապահովել, թե՞ ոչ:
Մարզադպրոցներից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե իրենից պահանջել են ցուցակ՝ 60 հոգու համար:
«Ինձ ասել են մոտավոր կարգով գրի՝ քանի հոգու կարող ես ապահովել, բայց ես ինքս էնքան էլ կողմ չեմ այդ սահմանադրությանը, բայց դե հասկանում եք էլի: Ես նախապես ասացի, որ ցուցակը կբերեմ, բայց եթե փողի հաշիվ լինի, դրա մեջ չկամ»:
Զուգահեռ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու որոշ անդամներ միասին քարոզչություն են իրականացնում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նախակրթարաններում: Օրինակ, այսօր Գյումրու մի քանի նախակրթարաններում շրջել են Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանը եւ Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը:
Այսպես, նախօրոք մանկապարտեզների վարիչների եւ դաստիարակների կողմից ծնողական ժողովի են հրավիրում նախակրթարանների սաների ծնողներին՝ առանց թաքցնելու, որ սահմանադրական փոփոխություններին են ծանոթացնելու: Այնուհետ ծնողներից խնդրում են «այո» քվեարկել:
Իսկ ամենահետաքրքիրը քաղաքապետարանի աշխատակիցների անկեղծությունն է:
Նրանք բացատրում են գյումրեցիներին, որ ՀՀԿ-ն արդեն իսկ քվեարկությունը նկարել է, եւ բոլոր մարզերում ապահովված է «այո»-ն, եւ միակ խնդիրը Շիրակի մարզն է: Ավելին, բացատրում են, որ եթե այս անգամ էլ ՀՀԿ-ն պարտվի Գյումրիում, էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանալու:
Այսպես, Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն այսօր Գյումրու նախակրթարաններից մեկում ժողովի ժամանակ հայտարարել է. «Քվեարկեք, չքվեարկեք, մեկ է, անցած է, սաղ մարզերով հարցը լուծված է, ինչի՞ եք ուզում, որ Շիրակի մարզն էլի նախագահի աչքից ընկնի»:
Քաղաքապետարանի աշխատակիցն ու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը գյումրեցիներին խնդրել են Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին «երեստեղ» թողնել, որ կարողանան «բան» խնդրել գյումրեցիների համար, այլապես «բոլորով կպատժվեն»:
«Ժողովուրդ ջան, «այո» քվեարկեք, երեստեղ թողեք, որ մեր քաղաքապետի ու մարզպետի համար էլ լավ եղնի, մեր քաղաքի համար էլ: Ձեր կարծիքով չպիտի՞ անցնի, գիտեք, որ կանցնի, բայց եթե «ոչ» քվեարկենք, մեր մարզի համար էս անգամ ավելի վատ կեղնի»,- համոզում էին քաղաքապետարանի պաշտոնյան ու ավագանու անդամը:
Ավելին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականը մի շատ կարեւոր բացահայտում արեց: Ըստ նրա, 2013 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Գյումրի քաղաքն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ իսկ պատճառով է Ս. Սարգսյանը երկու տարի շարունակ պատժել գյումրեցիներին: Քաղաքապետարանի պաշտոնյան նաեւ կոնկրետ օրինակ է բերել. «Օրինակ, Լոռու մարզը 5 մլրդ դրամ ճանապարհաշինության համար է ստացել, իսկ Գյումրին՝ 140 հազար դրամ: Քաղաքի ապագան ձեր ձեռքն է, մենք ավելի քան 200 փողոց ունենք, որոնք լրիվ ավերված են, տեղական բյուջեով սարքել չենք կարող: Դրա համար «այո» պտի ասեք: Կուզեք ավելի վատ եղնի, գնացեք «ոչ» ասեք»,- ասել է Սահակ Սահրադյանը:
Իսկ ամենավերջում հայտարարել է. «Հմի Գյումրին համայնքի կարգավիճակ ունի, կուզե՞ք քաղաքի կարգավիճակ տան Գյումրուն, պտի «այո» ասեք, որ Բալասանյանն էլ երես ունենա նախագահից խնդրի, որ Գյումրին դառնա քաղաք»:
Քրիստինա Մկրտչյան