Շատ դժվար է կյանքում 2 անգամ փախստական դառնալ, 4 անգամ լքել տունը և սկսել կյանքը զրոյից․ Սումգայիթյան ջարդերից փրկվածները | Region

Շատ դժվար է կյանքում 2 անգամ փախստական դառնալ, 4 անգամ լքել տունը և սկսել կյանքը զրոյից․ Սումգայիթյան ջարդերից փրկվածները

Փետրվար 28,2025 17:55

1988 թվականի փետրվարի 27-29-ը մեր ժողովրդի համար ամենասարսափելի օրերից են համարվում։ 37 տարի առաջ՝ փետրվարյան այս օրերին, ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի կոտորածներ։ Ադրբեջանում ապրող հայերի դեմ այս հանցագործության նպատակը ահաբեկչության միջոցով Արցախյան շարժումը կանխելն էր։

Սարսափելի են Ադրբեջանում այդ օրերի կոտորածների հետեւանքները։ ԽՍՀՄ իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ սպանվել են մի քանի հարյուր հայ. նրանց մեծ մասին ողջակիզել են խոշտանգումներից և բռնություններից հետո, հազարավոր վիրավորներ են եղել, նաև հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ։ Ադրբեջանի իշխանությունները պասիվ էին, իսկ իրավապահ մարմինները ոչինչ չարեցին սպանությունները կանխելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանից հայ փախստականների թիվը կազմում է 480 հազար մարդ։

Այս ողբերգական օրվա կապակցությամբ REGIONSTV-ին հաջողվել է զրուցել սումգայիթցի փախստականների՝ Պետրոսյան զույգի հետ։ Աղավնիկ և Վահան Պետրոսյաններն այսօր ապրում են Գյումրիում՝ ժամանակավոր կացարանի վերածված ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում, որը հատկացվել է Արցախից բռնի տեղահանվածներին։

Պետրոսյանների ընտանիքը 37 տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ է կրել։ 77-ամյա Աղավնիկ տատիկը պատմում է՝ ծնվել և մեծացել է հայկական Շուշի քաղաքում, ռուսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան։ Կարճ ժամանակ հիվանդանոցում բուժքույր աշխատելուց հետո մեկնել է Սումգայիթ, որտեղ գտել է իր ճակատագրին, ամուսնացել է Վահան Պետրոսյանի հետ։

Աշխատանքի է ընդունվել ծննդատան վիրահատարանում։ Աղավնիկի (ադրբեջանցիները նրան Անյա էին անվանում) երջանիկ կյանքը ամուսնու և որդու հետ ընդհատվեց 1988 թվականի փետրվարյան սարսափելի իրադարձություններով։

87-ամյա Վահան պապը, շարունակելով կնոջ պատմությունը, պատմում է, որ ավելի քան 28 տարի աշխատել է Սումգայիթի խողովակների գործարանի վերանորոգման արտադրամասի ինտերնացիոնալ թիմում, որտեղ իր հետ կողք-կողքի աշխատել են ռուսներ, հրեաներ, հայեր և ադրբեջանցիներ։ Պետրոսյանների ընտանիքը մի քանի հայ ընտանիքների հետ ապրում էր Նիզամի փողոցի բազմահարկ շենքում, որի դիմաց գտնվում էր ՊԱԿ-ը։

«Փետրվարի 26-ին՝ հայերի ջարդերի ու սպանությունների նախօրեին, քաղաքում հանրահավաքներ են տեղի ունեցել, կեղծ լուրեր են տարածվել, թե Հայաստանում ադրբեջանցիներ են սպանվում ու բռնաբարվում։ Այսպես առաջացավ ատելություն տեղի հայերի նկատմամբ, և կոչեր արվեցին հայերից բնակարաններն ազատել և բնակություն հաստատել այնտեղ։ Փետրվարի 27-ին 3-րդ միկրոշրջանում, 45-րդ և 41-րդ թաղամասում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց ընթացքում հարյուրավոր հայեր սպանվեցին, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, ոչնչացվեց հայ բնակչության ունեցվածքը»,-պատմում է Վահան պապը։

Ամուսինների խոսքով՝ ՊԱԿ-ի շենքի մոտ լինելու պատճառով իրենց փողոցում զանգվածային ջարդեր չեն եղել։ «Երբ երիտասարդների ամբոխը գիշերը փորձում էր ներխուժել մեր տները, ադրբեջանցի հարևանները, որոնց հետ մենք տարիներ շարունակ ընկերություն ենք արել, ասացին, որ այստեղ հայերն այլևս չեն ապրում, նրանք բոլորը հեռացել են։ Մեզ հաջողվեց փախչել մեր հարեւանների շնորհիվ, հատկապես երրորդ հարկի մեր հարեւան Ադիլի, որի հետ աշխատել եմ 25 տարի։ Փետրվարի 29-ին ռուսները ժամանեցին մեզ տանելու Լենինի հրապարակում գտնվող Սումգայիթյան ակումբ, որտեղ հավաքում էին ջարդերից փրկված հայերին։ Վախեցած հայերը պատմում էին, թե ինչպես են ադրբեջանցիները փայտերով, քարերով ու երկաթե ձողերով դաժանաբար սպանում հայերին, իսկ կանայք ենթարկվում էին առանձնահատուկ դաժան խոշտանգումների։ Նաև Մոլոտովի կոկտեյլներով Սումգայիթյան ակումբը գրոհելու փորձեր են եղել»։

«Դրանից հետո մեզ ուղարկեցին առողջարան, որտեղ ամեն տարի հանգստանում էի ու բուժում ստանում։ Մեկ շաբաթ մնացինք առողջարանում, որից հետո մեզ տեղափոխեցին Երևան։ Մեր հարազատները մեզ ընդունեցին»,- իր պատմությունն է շարունակում   Վահան Պետրոսյանը։

Հայաստանում Պետրոսյանների ընտանիքը բախվեց նոր իրողության հետ. Սումգայիթում կորցրին այն ամենը, ինչ ունեին․ երկու սենյականոց բնակարան, գույք, աշխատանք, այն ամենը, ինչ ձեռք էին բերել տարիների ընթացքում։ Այժմ նրանք պետք է կյանքը սկսեին զրոյից։

Աղավնիկ տատը պատմում է, որ նրանք բնակություն են հաստատել Վեդիում։ «Երբ 1992-ին Շուշին ազատագրվեց, որոշեցինք վերադառնալ հայրենի քաղաք։ Մենք բնակարան ունեինք, ես հիվանդանոցում էի աշխատում։ Որդին ամուսնացել է, թոռներ են ծնվել։ Բայց 2020 թվականի պատերազմը հերթական անգամ խաչ քաշեց մեր պլանների վրա՝ ստիպելով մեզ նորից փախչել, այս անգամ մեր տնից՝ Շուշիից։ Շուշին կորցնելուց հետո հաստատվեցինք Ստեփանակերտում։ Շատ դժվար էր, հսկայական խնդիրների առաջ կանգնեցինք, մեզ օգնեցին հատկապես ուսուցչուհի Սուսաննան և ամուսինը՝ Մառլենը։ Ժամանակի ընթացքում կարողացանք հարմարվել Արցախի նոր կյանքին ու դասավորել մեր առօրյան։ Վստահ էինք, որ Ստեփանակերտում մեզ բնակարան կտան։ Բայց, ցավոք, ճակատագիրը նորից երես թեքեց մեզանից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսվեց պատերազմը։ Մինչեւ վերջին օրը չէինք հավատում, որ պետք է լքենք Արցախը։ Սեպտեմբերի 28-ին ավտոբուսով մեկնեցինք Երեւան, մնացինք հարազատների մոտ Էրեբունիում, մեկ ամիս անց հասանք Գյումրի։ Շատ դժվար է կյանքում երկու անգամ փախստական ​​դառնալ, չորս անգամ լքել տունը և սկսել կյանքը զրոյից։ Վերջին 37 տարիների ընթացքում իմ միակ ուրախությունը եղել է իմ որդին և երկու թոռները»,-ավելացնում է տիկին Աղավնիկը:

Գյումրիում Պետրոսյաններին հատկացվել է մի փոքրիկ սենյակ ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում, որը վերածվել էր փախստականների համար ժամանակավոր կացարանի։ Նրանց հատկացրել են սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր։ Այստեղ պայմանները հեռու են իդեալական լինելուց, սակայն Պետրոսյանները երախտապարտ են բոլոր նրանց, ովքեր իրենց օգնություն և աջակցություն են ցուցաբերել այս դժվարին ժամանակահատվածում։

Պետրոսյանները տարեց մարդիկ են, ինչպես այս տարիքի բոլոր մարդիկ, ունեն որոշ հիվանդությունները։ Նրանք երախտապարտ են սոցիալական ծառայության աշխատակիցներին, ովքեր հաճախ են այցելում իրենց։ Չնայած բոլոր կորուստներին, դժվարություններին ու ծերությանը, Աղավնիկ և Վահան Պետրոսյանները փորձում են չհուսահատվել, քանի որ կյանքը շարունակվում է։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ