«Դու շանս չունես, գնա՛ Սյունիքում խփի, չգիտեմ որտեղ խփի, բայց Գյումրիում ձեւ չկա»
Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցության էր հրավիրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին՝ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկելու պատրվակով: Ըստ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի, նմանատիպ խորհրդակցությունները երբեք պատահական չեն լինում: Ըստ էության, Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների քարոզարշավի մեկնարկն է տվել Շիրակի մարզում, որը խնդրահարույց բնակավայր է իշխանությունների համար: Հասկացել են, որ պետք է փորձեն այլ լեզվով խոսել մարզի ազգաբնակչության հետ, սիրաշահել բնակչին, սակայն այդ քայլերը Լեւոն Բարսեղյանն ուշացած է համարում:
«Սերժ Սարգսյանը քանի գնում վատ է խաղում: Իհարկե, պատահական չէր խորհրդակցությունը, երեւի ազդվել է Գյումրու հանրահավաքից: Իրեն վերջապես ասել են, որ ինքը Գյումրիում թամամ քվե չի հավաքել եւ որոշել է վերջապես քարոզարշավը սկսել, խոստումներ տալ: Սա ըստ էության խոշոր ընտրակաշառք է: Սա ուղերձ է գյումրեցիներին այն մասին, որ ահա այսպիսի լավ տղա եմ ես, թույլ տվեք խփեմ՝ ինչքան կամենամ: Բայց ուշացած է, եւ նորից սխալվում է ինքը, որովհետեւ գյումրեցիները գիտեն՝ ինքն իր խոստումների տերը չի լինում սովորաբար: Սկսած 2007-2008 թվականների խոստումներից՝ երիտասարդ ընտանիքներին բնակարանով, ավտոմեքենաներով ապահովելու, պայմաններ ստեղծելու, անօթեւանության հարցն էր լուծելու, բայց բոլորս հիշում ենք, որ դեռ 2 տարի առաջ պետք է կառուցված լինեին էլի մի քանի հարյուր բնակարաններ Մուշ թաղամասում: Պետությունն այդպես էլ չի ճանաչում հազարավոր ընտանիքների որպես անօթեւան, որեւէ կերպ ջանքեր չի գործադրում նրանց պայմանները բարելավելու համար»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Լեւոն Բարսեղյանը:
Սերժ Սարգսյանը երեկ պատրաստակամություն հայտնեց միանգամից «լուծել» բոլոր հարցերը, խոսեց բազմաթիվ խնդիրների մասին՝ երկրորդական փողոցների ասֆալտապատում, կրթություն, առողջապահություն, անօթեւանության խնդիր, արտադրական ձեռնարկությունների հիմնում, ներդրումներ եւ այլն: Լեւոն Բարսեղյանը Սահմանադրության հանրաքվեի հետ կապված իշխանական վախերի հետ է պայմանավորում այս խոստումները:
Նա հիշեցնում է, որ դեռեւս երեք տարի առաջ Գյումրիի ավագանին է ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը՝ անօթեւանոթյան խնդրին լուծում տալու ակնկալիքով: Փողոցաշինության հարցով եւս եղել են դիմումներ, սակայն մշտապես ստացել են արձագանք՝ փող չկա:
«Չունեն, չունեն, չունեն, մեկ էլ էս մարդը հիշում է, որ վայ, ես արդեն պատրաստ եմ ձեզ ֆինանսավորել: Հիմա գալիս են էդ հեքիաթներն են պատմում, խոստումներ են տալիս: Գուցե ինչ որ բան անի, բայց չպետք է հույսեր տածի, որ իր այդ անելիքը մի մեծ լավություն է գյումրեցիներին, եւ գյումրեցիները պետք է խանդավառված գնան եւ իր էդ սահմանադրական «մուտիլովկեքին» կողմ քվեարկեն»:
Լեւոն Բարսեղյանը նկատում է նաեւ, որ այդ խորհրդակցության ժամանակ թեեւ հիմնականում խոսել են Գյումրիի խնդիրների մասին, սակայն խորհրդակցությանը ներկա չէին ոչ Գյումրիի քաղաքապետը, ոչ էլ նրա տեղակալները:
«Վերջին 3 տարիներին ոչ Գյումրիի քաղաքապետն է փոխվել, ոչ մարզպետը: Նույն մարդիկ են, նույն գիտելիքներով: Չեմ կարծում թե հիմա մարզպետը մի բան ավելի է պատմել, քան պատմել էր մարզպետ նշանակվելուց առաջ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2,5 տարի առաջ, մեկ տարի առաջ, կես տարի առաջ չէիր հիշում, որ Գյումրի կա, պրոբլեմներ կան, ինչու՞ հիմա հիշեցիր: Եթե մարզպետ փոխված լիներ, կարելի կլիներ հասկանալ, բայց նույն պաշտոնյաներն են, իրենց հետ շփվել ես, չես լսել իրենց: Հիմա նո՞ր ես լսում, ինչու՞ ես նոր լսում: Չգիտե՞ս Գյումրի քաղաքը: Մի օր արի, քո խաթրին չենք կպնի, տանենք ցույց տանք էս քաղաքը, դու տես ինչ վիճակ է: Շնչին ընկնող 30.000 դրամով Գյումրիի բյուջեով ո՞նց ես էս ավերակ քաղաքը վերականգնում: Չգիտե՞ս, ֆինանսիստ չկա՞ մոտդ»,-հարց է ուղղում Լեւոն Բարսեղյանը:
Պետական իշխանությունը, Սերժ Սարգյանի կլանը քաջատեղյակ է հանրության տրամադրություններին, շատ լավ գիտեն՝ ինչ կա զինանոցում՝ օրինական եւ անօրինական: Լեւոն Բարսեղյանը շեշտում է, որ կփորձեն սիրաշահել գյումրեցիներին, սակայն մյուս կողմից չեն հրաժարվի ընտրություններ կեղծելու փորձված գործիքները դարձյալ կիրառել:
«3 տարի առաջ տեսել են, որ չի հաջողվում խփել այնքան, որքան պետք է: Բնականաբար, այն մեխանիզմը, որ գործածել է Սերժ Սարգսյանը որպես Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, փորձառու կեղծարար, ինքն այդ ամբողջ մոդելը շատ լավ գիտի եւ գործի է դնելու: Բնականաբար, դա արվում է պետական եւ համայնքային իշխանությունների միջոցով: Հիմա անպայման լսած կլինի պարոն Ցոլակյանի կարծիքը, թե ի՞նչ եք կարծում, ինչքան կարող եմ ես խփել: Երեւի իրեն բացատրած կլինեն, որ դու շանս չունես ախպեր ջան, գնա Սյունիքում խփի, չգիտեմ որտեղ խփի, բայց այստեղ ձեւ չկա, որովհետեւ այստեղ ավերակ է՝ եւ՛ մարդկանց հոգիներում, եւ դրսում: Չեմ կարծում, որ այդքան միամիտ եղած լինեն, որ ինչ-որ խոստումներ տված լինեն, թե էսքան թիվ կապահովենք: Ձեւ չկա: Ոչ ոք այնպես միամիտ չէ, որ հանկարծ մտածի, որ Շիրակի մարզում կամ Գյումրի քաղաքում Սերժ Սարգսյանի սահմանադրական «մուտիլովկեքը» 10 տոկոսից ավելի հավաքեն հանկարծ: Վարչական ամբողջ ռեսուրսով, մարդկանց վախեցնելով, մարդկանց զոռով տեղամասեր քշելով, կաշառելով եւ այլն: Չի՛ ստացվելու, բայց կփորձեն իհարկե վարչական ռեսուրսն օգտագործել այնպես, ինչպես կարող են: Մենք արագ կիմանանք այդ մասին, կխոսենք: Թող փորձեն որեւէ համայնքապետի, քաղաքապետի կամ առողջապահական, կրթական հիմնարկի ղեկավարի թելադրել, հուշել, ճնշել: Արագ էդ ամեն ինչն իմացվելու է, եւ ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ կարողանան ազատորեն իրենց կամքն արտահայտեն: Կուզեն՝ կգնան դեմ կքվեարկեն, կուզեն՝ այո, չեն ուզի՝ չեն գնա, թող փորձեն մեկի խաթրին կպնել»:
Լեւոն Բարսեղյանը չի բացառում, որ ձախողումից հնարավոր է դարձյալ լինեն պաշտոնանկություններ՝ նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով: Դա Սերժ Սարգսյանի ձեռագիրն է եւ մերձավտորիտար ռեժիմներում՝ սովորական պրոցես՝ «Վասալն իրեն լավ չի պահել, վասալը պետք է հեռանա» տրամաբանությամբ:
«Ուզում եմ ասել, որ շատ դժվար է լինելու Սերժիկ Սարգսյանին ինչ-ինչ մեթոդներով կեղծել հանրաքվեն, եթե ի վերջո նա որոշի գնալ այդ հանրաքվեին: Թույլ ենթադրություն ունեմ, որ ի վերջո նա կհասկանա, որ դա լինելու է շառաչուն ապտակ իրեն եւ ի վերջո կհրաժարվի հանրաքվեի գաղափարից, ինչ-ինչ պատճառաբանությամբ կշպրտի մի քիչ ետ, հետո կհրաժարվի էդ մտքից եւ կանցնի պլան Բ-ին, թե ում է առաջ հրելու»:
Հարցին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանի համար այդքան կարեւոր հենց Գյումրիում հասնել հաջողության, Լեւոն Բարսեղյանն արձագանքեց, որ Գյումրին շատ անհաջող օրինակ է նրանց համար. «Գյումրին ցույց է տվել, որ կարող է լինել ազատություն առանձին վերցված տարածքում: Շատ դաժան օրինակ է, սա վարակել է եւ վարակիչ է, սարսափելի բան է»:
Արմենուհի Վարդանյան