Թրամփը վստահություն է հայտնել, թե Գրելանդիան ևս կանցնի ԱՄՆ վերահսկողության տակ, նա քննադատել է ԵՄ-ին ու նշել, որ Զելենսկին պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել

Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որը նվիրված էր «Ամերիկայի վերադարձին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում մարտի 4-ի երեկոյան հանդես է եկել իր առաջին պաշտոնական ելույթով: Նրա ելույթը տևել է 1 ժամ 40 րոպե, սա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար ելույթն է:
ԱՄՆ նախագահի ուղերձը նվիրված էր «ամերիկյան պատմության մեծագույն դարաշրջանի» բացմանը։
Նա հայտնել է, որ իր վարչակազմն ընդամենը մի քանի շաբաթում հասել է նպատակներին, որոնց նախկին վարչակազմերը չէին կարողացել հասնել տարիների ընթացքում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահից նամակ է ստացել, որտեղ նա խաղաղ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։
«Այսօր ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։ Նամակում ասվում է՝ «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղության չի ուզում, որքան ուկրաինացիները»,-նշել է Թրամփը։
Զելենսկին, ըստ Թրամփի, պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի» ստորագրելու օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը։
«Ես անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար։ Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ զոհվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը տեսանելի չէ: ԱՄՆ-ն հարյուրավոր միլիարդներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը շեշտել է՝ ԱՄՆ-ն շատ ավելի շատ է ծախսել Ուկրաինայի աջակցության համար, քան Եվրոպան․«Ցավոք, Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ ու գազ գնելու համար, քան Ուկրաինայի պաշտպանության վրա, մտածեք այդ մասին»։
Մի քանի դեմոկրատներ լքել են դահլիճը Ուկրաինայի մասին խոսելու ժամանակ։
Հիշեցնենք, որ Թրամփը նախօրեին որոշում էր կայացրել դադարեցնել Ուկրաինային տրվող ռազմական աջակացությունը։
Թրամփը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ագրեսիա չի որակել, նա նաև չի բացահայտել պատերազմի ավարտի շուրջ իր ծրագրերը։
Նա կրկին անդրադարձել է Պանամայի ջրանցքին, նշելով՝ «Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել»։
Նա հիշեցրել է հոնգկոնգյան ընկերության և ամերիկյան կոնսորցիումի միջև կնքված գործարքի մասին, որի համաձայն ամերիկացիները վերահսկողություն կստանան Պանամայի ջրանցքի շուրջ գտնվող երկու առանցքային նավահանգիստների նկատմամբ:
Թրամփը վստահություն է հայտնել, թե Գրելանդիան ևս կանցնի ԱՄՆ վերահսկողության տակ։ ԱՄՆ նախագահը դիմել է Գրենլանդիայի բնակիչներին, ասելով՝ եթե նրանք որոշում կայացնեն մտնել ԱՄՆ-ի կազմի մեջ, ԱՄՆ-ն կողջունի: Թրամփն ասել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջազգային անվտանգության ապահովման համար․ «Այսպես թե այնպես, մենք դրան կհասնենք»: