Թրամփը որոշել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփը որոշել է դադարեցնել Ուկրաինակին տրամադրվող ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարումները և դրանց արտադրության պատվերները Զելենսկու վերջին հայտարարությունից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել և վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հրապարակային վեճից օրեր անց, Axios-ին ասել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ:
«Երկուշաբթի օրը Թրամփի և նրա ավագ խորհրդականի հանդիպումից հետո ընդունված որոշումը կավելացնի ճնշումը Զելենսկու վրա և ավելի շատ դժվարություններ կստեղծի Ուկրաինայի բանակի համար»,-գրում է լրատվամիջոցը:
Սպիտակ տան պաշտոնյան ասել է․ «Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա»:
«Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին։ Մենք դադարեցնում ենք և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը»,-նշել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ այս հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չհամոզվի, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։
Ըստ New York Times-ի կդադարեցվեն ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարումները և դրանց արտադրության պատվերները։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը կրկին քննադատել էր Զելենսկուն, որը հայտարարել էր, թե Ռուսաստանի պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել։
«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, Ամերիկան այլևս սա չի հանդուրժի»,- երեկ Truth Social-ում գրել էր Թրամփը։
Օրեր առաջ Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը շատ կոշտ է խոսել Ուկրաինայի առաջնորդի հետ, նրան քննադատել է լրատվամիջոցների առջև։ Զելենսկին ասել է՝ Պուտինի հետ «փոխզիջումներ չպետք է լինեն։ Ի պատասխան Թրամփն ասել է, որ ԱՄՆ չի պատրաստվում շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա․ «Բայց հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի շատ զենք ուղարկել, քանի որ ես անհամբեր սպասում եմ, որ այն արագ ավարտվի»։