«Ոստիկանական ապօրինություններից տուժած լրագրողների գործը միտումնավոր ձգձգվում է. արդեն հավասարվում ենք Ադրբեջանին» | Region

«Ոստիկանական ապօրինություններից տուժած լրագրողների գործը միտումնավոր ձգձգվում է. արդեն հավասարվում ենք Ադրբեջանին»

Սեպտեմբեր 01,2015 15:09

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով հարուցված քրեական գործի ընթացքը ձգձգվում է: Խոսքը Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տասնյակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց մի մասի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծի ենթարկելու, ոստիկանական բաժանմունքներ ապօրինի բերման ենթարկելու, մի քանի ժամ ապօրինի պահելու, լրագրողական սարքավորումները կոտրելու, հիշողության քարտերն առգրավելու, լրագրողներին հայհոյելու փաստերի քննության մասին է:

Հիշեցնենք, որ Բաղրամյանում հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ բացահայտ ապօրինություններից ու բռնություններից 10 օր անց, երբ միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական տարբեր կազմակերպություններ դատապարտող հայտարարություններ տարածեցին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաեւ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ:

Քրեական գործը հասարակության մոտ ստացավ «լրագրողների գործ» անվանումը, սկսվեցին հարցաքննությունները, տարածեցին հայտարարություններ, փոխհատուցեցին լրատվամիջոցների վնասված տեխնիկասարքավորումները եւ ապա լռեցին: Շուրջ երկու ամիս անց հայտնի չէ՝ հարցաքննվե՞լ են արդյոք ոստիկաններ, ովքեր լրագրողների կողմից մատնացույց են արվել որպես լրագրողի մասնագիտական գործունեության ժամանակ նրա նկատմամբ բռնությունների, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հրաման արձակած կամ բռնություններ գործադրած անձինք, չնայած այն հանգամանքին, որ առաջին իսկ օրվանից հայտնի են նրանց անունները՝ փոխոստիկանապետեր Լ. Երանոսյան, Հ. Պողոսյան, Երեւանի ոստիկանապետ Ա. Կարապետյան, որոնց հրամանով էլ սկսվել են լրագրողների նկատմամբ ոստիկանական ապօրինի գործողությունները:

Տեղի չեն ունեցել նաեւ առերեսումներ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով քրեական գործի քննության ընթացքին, ասաց, որ նման հնչեղություն ունեցող գործի վերաբերյալ նման լռությունն անընդունելի է: Անգամ եթե գործը ձգձգվում է, պարտավոր են պարբերաբար տեղեկություններ հրապարակել, բացատրել ձգձգման պատճառները:

«Ընդհանուր առմամբ լրագրողների բռնությունների բացահայտման գործերը Հայաստանում շատ վատ վիճակում են, տասնյակ դեպքերից մեկ-երկու դեպք է երեւի բացահայտվել, այն էլ ոչ բավարար»,- ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահը:

Հավելենք, որ կենտրոնը նաեւ պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանությանը ճշտելու համար, թե ինչ միջոցներից են փոխհատուցել լրատվամիջոցների վնասված սարքավորումները:

«Դիմել ենք պարզելու համար՝ ում միջոցներով են դա անում: Մեր հարկատուների գրպանի՞ց է տեղի ունենում փոխհատուցումը: Դա պետք է արվեր այն ոստիկանի գրպանից, ով որ ապօրինաբար է գործել, եւ ոչ թե մենք պետք է վճարենք նրա փոխարեն:

Մենք ասելով՝ ես ի նկատի ունեմ հարկատուներին, քաղաքացիներին: Ոստիկանությունը պետք է պարզաբանի՝ այդ գումարները բյուջետայի՞ն միջոցներից են, արտաբյուջետայի՞ն միջոցներից են: Պատասխանը, որը մենք ստացանք ոստիկանությունից, շատ ոչ պրոֆեսիոնալ էր. ձեւակերպված էր, որ փոխհատուցումն արվել է «ոստիկանության միջոցներից»: Եվ դա էր պատճառը, որ մենք եւս մեկ անգամ հարցում ուղարկեցինք՝ ինչ ասել է ոստիկանական միջոցներ»:

Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, ով լրագրողների հայտնի գործում ընդգրկված է ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանի փաստաբան, գործի վերաբերյալ իր տպավորությունները հայտնեց՝ ասելով.

«Ցավոք սրտի, ես ինքս ընթացքի մասին իրազեկված չեմ, չկա որեւէ տեղեկություն՝ որ կա՞ն ձերբակալված կամ կասկածյալ մարդիկ, եւ տպավորությունն այնպիսին է, որ իրականում նման դեպքերում գործը սկսում են միտումնավոր ձգձգել, անգործության են մատնվում, որպեսզի հանցագործությունը չբացահայտվի:

Ցավոք սրտի, չունեմ փաստեր՝ հաստատ պնդելու, որ դա այդպես է, բայց տպավորությունս այսպիսին է, որ միտումնավոր փորձ են անում ձգձգել գործը, որ հանցագործությունը չբացահայտվի»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե անորոշ այս վիճակը որքան կպահպանվի, փաստաբանն ասաց. «Դա կախված է նրանից, թե ինչքան հանրությունը կամ միջազգային հանրությունը կամ լրատվամիջոցները հետամուտ կլինեն այդ հանցագործությունների բացահայտմանը: Հետամուտ չեղան, կձգձգվի, հետամուտ եղան, շատ շուտ կբացահայտվի»:

Ն. Բաղդասարյանն ասաց, որ ինքը մինչեւ սեպտեմբերի կեսերը կսպասի, որից հետո եթե գործը տեղից չշարժվեց, միջնորդություն կներկայացնի, որ լրացուցիչ լսեն տուժողին՝ լրագրողին, եւ կատարեն առերեսումներ այն անձանց հետ, որոնց տուժողն ուղղակի մատնանշում է որպես բռնություն կատարող անձինք:

«Անձինք, ովքեր ոստիկանության աշխատողներ են, հարցաքննվել են, թե ոչ, չգիտենք, պետք է կատարվեր առերեսումներ, փաստն այն է, որ չի կատարվել, ժամանակն անցել է»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ եթե չլինեին միջազգային կառույցների հայտարարությունները, նույնիսկ քրեական գործ չէր հարուցվի լրագրողների նկատմամբ ոստիկանական ապօրինությունների գործով: Իսկ որ հանցագործությունը չի բացահայտվելու, դա հաստատ է.

«ՀՀ ոստիկանությունը, կարծում եմ, որ խայտառակվեց ամբողջ աշխարհի առջեւ իր բռնի գործողություններով: Եվ այդքան հայտարարություններից հետո չէին կարող քրեական գործ չհարուցել, բայց նրանք չեն բացահայտի: Ոստիկանությունը բացահայտ լկտի է իրեն պահում կոնկրետ հունիսի 23-ի դեպքերի քննության գործով, որովհետեւ բացահայտ բռնություն են կատարել: Կան փաստեր անգամ այն դեպքում, երբ լրագրողն ասում է, որ ինքը լրագրող է, նրան բերման են ենթարկում: Այնպես որ, ոստիկանությունն իր պահվածքով պարզապես ցույց է տալիս, որ ոստիկանությունը տառապում է տգիտությամբ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ նույնքան ամոթալի վիճակում գործում է նաեւ դատախազությունը, եւ Հայաստանում վերջին զարգացումներից հետո վիճակն ավելի լավ չէ, քան Ադրբեջանում:

«Շատ ամոթալի վիճակում ենք գտնվում, կարող եմ ասել, որ արդեն հավասարվում ենք Ադրբեջանին»,- ասաց Ալեքսանյանը:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ