Վաղվա խաղը կարևոր է, կներկայանանք ուժեղ կազմով․ Սանյոլ | Region

Վաղվա խաղը կարևոր է, կներկայանանք ուժեղ կազմով․ Սանյոլ

Մարտ 22,2025 16:18

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ։ Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ կազմում որոշ փոփոխություններ կլինեն՝ պայմանավորված թիմում առկա բարձր մրցակցությամբ, սակայն հիմնական նպատակը մնում է հաղթանակը։

«Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, բայց նա վաղը չի խաղա, որպեսզի լիովին ապաքինվի։ Տակտիկական մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Գուրամ Կաշիան վերադառնում է, նա պրոֆեսիոնալ է և հեշտությամբ կհարմարվի։ Պաշտպանությունում շարունակելու ենք խաղալ այնպես, ինչպես Հայաստանում: Թիմում մոտիվացիայի խնդիր չկա, բայց որոշ խաղացողներ իրենց ուժերն ապացուցելու հնարավորություն կստանան։ Մրցակցությունը մեծ է, և բոլորը գիտեն, որ պետք է տան առավելագույնը», — ասել է Սանյոլը։

Նա հավելել է, որ դարպասապահի դիրքում վաղը կխաղա Մամարդաշվիլին, սակայն հետագայում հնարավորություն կտրվի Գուգեշաշվիլիին, իսկ երիտասարդ Լացաբիձեն ապագայում կդառնա թիմի մաս։ «Չնայած Երևանում 3:0 հաշվով հաղթանակին՝ վաղվա խաղը կարևոր է, և մենք դաշտ դուրս կբերենք ուժեղ կազմ», — ընդգծել է մարզիչը։

Սանյոլը գովել է թիմի մթնոլորտն ու առանձնացրել Իրակլի Ազարովի և Սաբա Գոգլիչիձեի առաջընթացը։ Նա նաև ուրախություն է հայտնել Խվիչա Կվարացխելիայի՝ Իտալիայում թողած հետքի և վրացի ֆուտբոլիստների հաջողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանը Երևանում 3:0 հաշվով հաղթել էր Հայաստանին՝ գրեթե ապահովելով իր տեղը B դիվիզիոնում։ Թիմերը պատմության ընթացքում 8 անգամ են հանդիպել՝ 4 հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանին, 2 խաղ ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին, «Դինամո Արենայում», ժամը 18:00-ին։

armsport.am

Նորություններ