«Գյումրիում շատ վատ բան կլինի, Գյումրիից կարող է նոր հեղաշրջում լինի՝ եթե ժողովուրդը ճիշտ դիրքորոշում չարտահայտի»․Արտյոմ Թումանյան

«Ակնկալիք ունեմ, որ ժողովուրդը ճիշտ դիրքորոշում է ունենալու, որովհետև այս ընտրությունը Գյումրի քաղաքի փրկության հարցն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը։
«Էն, որ ասում եմ հրաբուխ, պատահական չեմ ասում։ Եթե այսօր այլընտրանքային թեկնածու չեղավ Գյումրիում, հաստատ քաղաքը պրոբլեմ է ունենալու»,-ասել է Թումանյանը։
Եթե դուք չընտրվեք, «հրաբո՞ւխ» է լինելու, այս հարցին ի պատասխան թեկնածուն ասաց․«Եթե ես չէ․․․, ես միակ այլընտրանքային թեկնածուն եմ, դրա համար եմ ասում»։
Թե ինչ նկատի ունի՝ «Գյումրու փրկության հարցն է այս ընտրությունը», ի՞նչ է սպասվում Գյումրիին, Թումանյանը պարզաբանեց․«Գյումրիում շատ վատ բան կլինի, Գյումրիից կարող է նոր հեղաշրջում, հեղափոխություն տեղի ունենալ»։
Արդյոք վատ է իշխանության հեռացումը, այս առնչությամբ էլ թեկնածուն ասաց․«Հարցը իշխանությունը չէ, հարցն էն ընդվզումն է, որ կարա տեղի ունենա, որ նույնիսկ քաղաքացին քաղաքացու դեմ դուրս գա, մենք փոքր քաղաք ենք, մեկս մյուսին ճանաչում ենք, մեզ հարիր չէ էդ ամեն ինչը»։
Թումանյանը կրկին վստահեցրեց՝ որևէ ուժի հետ կոալիցիա չի կազմի։