Քվեաթերթիկների շարքում 2-րդ, 4-րդ համարները չկան, քաղաքացին ահազանգել է՝անհայտ անձանց հաշվառել են իր բնակարանում․ տեղամասերում արձանագրված ընտրախախտումների մասին

Քաղաքացի Լուսինեն, ով չցանկացավ իր ազգանունը հայտնել, Regions TV-ին փոխանցեց, որ Գյումրու թիվ 11 դպրոցում ու էլի մի քանի տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մի քանի վստահված անձինք են եղել, այլ կուսակցություններից վստահված անձինք չեն եղել։
Օրենքով սահմանված է, որ ամեն քաղաքական ուժից 1 թեկնածու պետք է լինի ընտրատեղամասում։
«Թերթիկներն էլ տալիս են՝ 2-րդ համարը չկա, կամ 4-րդ համարը չկա։ Մեկը մոտենում է, ասում է՝ չեմ կարող ընտրություն կատարել։ Տղան մոտենում է, դնում առաջին համարը, մյուս բոլոր քվեաթերթիկները պատռում է»,- ասաց Լուսինեն։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության թեկնածու Արտյոմ Թումանյանը մեզ հայտնեց, որ իրենք առանձնակի ընտրախախտումներ չեն արձանագրել, միայն ասեկոսեներ են լսել քաղաքացիներին ուղղորդված ընտրությունների տանելու մասին։
«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի նախընտրական շտաբի պատասխանատու Լիլիթ Հարությունյանը Regions TV-ին հայտնեց, որ 31/36 տեղաամասային կենտրոնում հանձնաժողովը թույլ է տվել, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն։
«Իսկ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ընտրելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով անգործունակ ճանաչված անձինք։ Էս դեպքում, տվյալ ընտրողի անունը պետք է ընտրողների ցուցակից պարզապես բացակայեր։ Ունեցել ենք արձանագրում, որ կուտակման դեպքեր ենք նկատել 31/69 տեղամասային կենտրոնի դիմաց, որտեղ տեղակայված է ՔՊ-ի շտաբը»,- նշեց Լիլիթ Հարությունյանը։
«Վրացական պետհամարանիշներով մեծ ավտոբուսներով մարդիկ են տեղակայվել քաղաքի հյուրանոցներում, կուտակումներ կան տարբեր ընտրատեղամասերի մոտ, հատկապես ՔՊ-ի թեկնածուի թաղամասում, խոսքը գծի հետևի թաղամասի մասին է։ Այստեղ առավել շատ են ընտրախախտումները»,- Regions TV-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի իրավաբան Հասմիկ Կարապետյանը և ավելացրեց․ «Մենք ունենք ընտրախախտումներ գրառված օրինակ 31/06 ընտրատեղամասում, որտեղ կինը արձանագրել է, որ իր տանը հաշվառված է 2 անձ, 2-ով են բնակվում։ Երբ որ եկել է քվեարկելու, տեսել է, որ 5 անձինք են հաշվառված իր հասցեում։ Ընդ որում, այդ 3 անձանց ինքը չի ճանաչում, ու տեղյակ էլ չէ, թե նրանք ովքեր են»։
Ըստ Հասմիկ Կարապետյանի, ընտրախախտումներից է նաև այն, որ ոստիկաններին հրահանգել են, մոմեր ունենալ, որ լույսերն անջատվելու դեպքում դրանք վառեն։
«Թե ինչի պիտի լույսերը անջատվեն, եթե օրենքում նման պահանջ չկա, նման կարգավորում չկա պարտադիր մոմ ունենալու, հայտնի չէ։ Իրավախախտումները բավականին շատ են, մեր վստահված անձինք պարբերաբար դրանց մասին արձանագրումներ են ուղարկում»,- ասաց իրավաբանը։
Կարինե Կազարովա