«Մենք ունենք տեղեկություններ, որ Գյումրիում ընտրակաշառքներ բաժանվել են»․դիտորդական առաքելության ներկայացուցիչն՝ ընտրախախտումների մասին

«Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալման դեպք կա։ Դիտորդական առաքեությունը թեպետ չունի տվյալներ, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են, երևույթը եղել է Գյումրիում, մենք դա կարող ենք հաստատել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյաննը։
Նա նաև անդրադարձավ համացանցում տարածվող ՔՊ-ի վստահված անձի մոտ նկատած ցուցակին, որտեղ թվեր են ու նշումներ մասնակիցների թվի մասին։
«Դա մեկնաբանվում է որպես զանգվածային ընտրակեղծիքների դեպքեր, հանցակազմ պարունակող երևույթ, սակայն դա ընտրախախտում չէ։ Քաղաքական ուժերը դա անում են առնվազն 2003 թվականից, դրանում որևէ խնդրահարույց բան չկա։ Հաշվում են, թե քանի հոգի եկավ ընտրության։ Թղթի վրա գրում են թվեր, օրինակ՝ 1-2000, և յուրաքանչյուր քվեարկողի դեպքում ջնջում են համապատասխան թիվը, որպեսզի հասկանան՝ քանի մարդ է քվեարկել։ Թեպետ 2025 թվականին չեմ հասկանում՝ ինչի համար են անում, եթե այն էլեկտրոնային տարբերակով հասանելի է։ Էդպես նշում են ու ցանկացած պահի էդպես կարող են տեսնել, թե քանի ընտրող եկավ։ Սա չի պարունակում ընտրողի անձնական տյալներ, սա չի պարունակում տվյալներ, որոնցից կարելի է ենթադրություններ կազմել, որ ինչ-որ ընտրողների վրա այլ վերահսկողության լծակներ են կիրառել, սա չի պարունակում տվալներ այն մասին, որ վերահսկում են, թե որ ընտրողն եկավ, որը՝ չեկավ»,-ասաց Իոաննիսյանը։
Իոաննիսյանը նաև նկատեց, որ Գյումրիում որոշ ընտրատեղամասերում, որոնք համարվում են «կրիմինալ տարածքներ», առավոտյան ժամերին զգալիորեն ավելի բարձր ընտրատեղամասային ակտիվություն է գրանցվել։ «Հարց է առաջանում՝ ինչու՞ են այդ տարածքի բնակիչները կիրակի վաղ առավոտյան որոշել արթնանալ ու գալ ընտրատեղամաս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ քաղաքային բնակավայրերում կան ավելի ուժեղ վերահսկողության և ազդեցության մեխանիզմներ։ Նպատակը կարող է լինել այն, որ հետևեն նրանց, ովքեր չեկան մինչև ընտրատեղամասի փակվելը և բերեն ընտրության»,-ասաց նա։
Իոաննիսյանի ներկայացմամբ՝ դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է, որ ընտրողներից մեկը տեսել է, որ իր փոխարեն քվեարկել են․«Սա այլ անձի փոխարեն քվեարկության հնարավոր հանցագործություն է, սակայն այն դեռ քննությունը պետք է պարզի»։
Սյուզաննա Խառատյանն