Գյումրու «Ծերերի խնամք»-ի աշխատակիցը 7-ից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, ուղղորդել նրանց քվեարկել 8 համարի օգտին․«Ականատես»-ը ներկայացնում է ընտրախախտումները | Region

Գյումրու «Ծերերի խնամք»-ի աշխատակիցը 7-ից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, ուղղորդել նրանց քվեարկել 8 համարի օգտին․«Ականատես»-ը ներկայացնում է ընտրախախտումները

Մարտ 31,2025 15:35

«Ականատես» դիտորդական առաքելությունը, որը Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական ժամանակահատվածի և քվերարկության օրվա դիտարկումներ է իրականացրել, այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է արձանագրված խախտումներ։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավն անցել է մրցակցային և լարված պայմաններում, և հիմնական ընտրախախտումները գրանցվել են հենց այս ժամանակաատվածում։

«Խոսելով հավասարության և արդարության սկզունքների պահպանման մասին, պետք է արձանագրել, որ ճիշտ է բոլոր ուժերին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն է տրվել, բայց մի քանի դրվագներով հավասարությունը խախտվել է։ Մասնավորապես՝ քարոզարշավի նյութերը տարածելիս  անհավասար պայմաններ են եղել, և քաղաքական ուժերից մեկը հնարավորություն չի ունեցել իր վահանակները տեղաբաշխել, և առհասարակ ներկայացվածություն ունենալ, չի կարողացել օգտվել 5 քմ-ը գերազանցող վահանակներից»,- ասաց Մարիամ Հովեյանը, հավելելով, որ գրանցվել են նաև անանուն քարոզչանյութերի տարածման, և քարոզչանյութերի վնասման ու պատռման դեպքեր։

Ըստ դիտորդական առաքելության՝ եղել են դեպքեր, երբ քարոզչական առաքելությունները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները, և իրականացրել են քարոզչություն։ Բազմաթիվ են նաև լռության օրը գրանցված խախտումների դեպքերը՝ քաղաքական ուժերի և նրանց հետ փոխկապակցված ԶԼՄ-ների կողմից։ Մեկ այլ խնդիր է նաև իրավական համակարգի ոչ համաչափ միջամտությունը՝ մասնավորապես քաղաքական ներկայացուցիչների վերաբերյալ եղած փաստերի արտահոսքն ու ձերբակալությունները։

«Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտորդական առաքելության գնահատմամբ՝ ընտրական գործընթացները կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան և առանց լուրջ խախտումների»,-ասաց դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Չուկակյանը։

Նա անդրադարձավ նաև գրանցված խախտումներին՝ շուրջ վեց ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից՝ ՀԿԿ-ից ներկա է եղել երկու վստահված անձ։

31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու Ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը յոթից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում գրանցվելու՝ ուղղորդել է նրանց քվեարկել՝ մատնանշելով թիվ 8 քվեաթերթիկը։

31/69 ընտրատեղամասին հարող տարածքում եղել են կուտակումներ։ Կուտակումները վերացել են, երբ ժամանել են ԶԼՄ ներկայացուցիչները։ Եղել են նաև ընդհարումներ, որոնց ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել։

31/46 տեղամասում ժամը 14:35-ին ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը, բղավել է կոնկրետ թեկնածուի անուն, վերցրել է միայն մեկ քվեաթերթիկ, մյուս քվեաթերթիկները նետել է չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։

31/69 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածում ՔՊ կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը՝ իրականացնելով բացահայտ քարոզչություն։

31/49 տեղամասում ընտրողը քվեարկությունից հետո դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը։
31/65 տեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք՝ ի նպաստ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուի՝բացականչելով, երբ այդ համարի քվեաթերթիկն է դուրս եկել։

Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության և ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ և լարվածություն։

Ինչ վերաբերվում է ֆինանսավորման թափանցիկությանը, ըստ առաքելության հաշվետվության՝ կուսակցությունները բազմաթիվ շտաբային տարածքներ են ունեցել, մասնավորապես ՔՊ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները  հայտարարագրում դրանց ծախսերը չեն ներկայացրել, նաեւ մեծ գովազդների վրա ՔՊ-ն  գումարներ ծախսել, սակայն ավելի քիչ է հայտարարագրվել:

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուները մուտքեր են արել հիմնադրամին, բայց իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզվել է, որ նրանք չունեին այդքան եկամուտներ, չունեին զբաղվածություն, որ կարողանային յուրաքանչյուրը գոնե կես միլիոն դրամի չափով ներդրումներ կատարեր։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ