Մեզ համար ամենակարևորը ՔՊ-ին իշխանազրկելն է, մեզ ոչ մի պաշտոն պետք չէ․ Կարեն Սիմոնյան | Region

Մեզ համար ամենակարևորը ՔՊ-ին իշխանազրկելն է, մեզ ոչ մի պաշտոն պետք չէ․ Կարեն Սիմոնյան

Մարտ 31,2025 16:59

«Մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք՝ մեզ համար ամենաառաջինը ՔՊ-ին իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք այդ նպատակով»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։ Նա հավելեց, որ իրենց թիմը չի էլ մտածում միանալ որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ՝ իրենք չունեն ցանկություն պաշտոն ստանալու։

Սիմոնյանը նաև շեշտեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է կենտրոնանալ Գյումրու զարգացման վրա և օգտագործել իրենց մանդատները միայն քաղաքի օգտին․ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր մանդատն օգտագործենք Գյումրու քաղաքի զարգացման համար», – ասաց նա՝ կարևորելով, որ յուրաքանչյուր գյումրեցի հասկանա, որ իրենց կողմից տրված քվեն իզուր չի լինի։

Կարեն Սիմոնյանը նաև նշեց , որ իրենք միակ ուժն են, որը ներկայացնում է Գյումրիի հեռանկարային զարգացման ծրագիրը․ «Մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրականացումը դնենք գծերի վրա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց նպատակը Գյումրիի իրական զարգացումն է։
«Եթե չհաջողվի միավորվել այլ ուժերի հետ, մեր թիմը պատրաստ է շարունակել պայքարը՝ որպես ուժ, որն իր կոչերով հանդես կգա՝ չկորցնել պատմական հնարավորությունը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու ենք գյումրեցուն»,- շեշտեց նա։

Թեկնածուն ընդգծեց, որ իրենց քաղաքական օրակարգը չի ներառում կուլիսային «բազարներ», պաշտոնակռիվներ և պաշտոնների բաշխումներ։ «Եթե մեզ առաջարկվի քաղաքապետարանում պաշտոն, մենք հրաժարվելու ենք», – վստահեցրեց Սիմոնյանը՝ նշելով, որ իրենց նպատակը ոչ թե իշխանություն կիսելն է, այլ Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որոնց, ընդդիմադիր թեկնածուների շարքում կարող են հայտնվել ՔՊ-ականներ, որոնք հնարավոր է աջակցեն Սարիկ Մինասյանին քաղաքապետ դառնալու հարցում, Սիմոնյանը վստահեցրեց, որ իր թիմից որևէ դավաճանական քայլ չի լինի․ «Մեր թիմը շատ լավն է, մեր երիտասարդները հիանալի են», – հավելեց նա՝ ընդգծելով, որ անգամ բռնաճնշումների ժամանակ էլ իրենք ցույց տվեցին, որ չեն պատրաստվում կոտրվել։
Հիշեցնենք, «Մայր Հայաստան»-ն, ըստ ԿՀԸ նախնական արդյունքների, ստացել է 2 844 ձայն, քվեների՝ 6,18%-ը։
Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ընդդիամդիր ուժը՝ «Իմ հզոր համայնք»-ը ստացել է 3 659 ձայն, քվեների՝ 7,94%-ը։
Այս ուժի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է․ «Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին»:
Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը՝ 9 537 ձայն։
Ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ստացել է 7 296 ձայն՝ 15,85%։
Իսկ ՔՊ-ն ստացել է 16 938 ձայն՝ 36,80%։

Ընդդիմադիր չորս ուժերը հաղթահարել են անցողիկ շեմը։ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարել է․ «Ընդդիմությունից ով ինձանից շատ ձայն հավաքի, միանշանակ, միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայն հավաքեմ, էդ նույն սկզբունքը պետք է կիրառել»։
Մարտուն Գրիգորյանն առայժմ հայտարարություն չի արել՝ արդյոք կմիանա ընդդիմությանը։

Սյուզաննա Խառատյան

 

Նորություններ